Առաջին օդագնացը Ռայտ եղբայրները չեն, այլ... կառապան
ОБЩЕСТВОԱռաջին ինքնաթիռը նախագծել են ամերիկացի Ռայտ եղբայրները և իրականացրել են օդից ծանր սարքով առաջին թռիչքը: 1902–ի վերջին նրանք մի շարք թռիչքներ իրականացրեցին, որից ամենաերկարատևը 26 վայրկյան էր, հեռավորությունը՝ 190 մետր:
Իրականում այդպես չէ: Այն մարդու անունը, ով առաջին անգամ թռել է օդից ծանր սարքով դեռևս 1853 թվականին, հայտնի չէ, բայց հայտնի է, որ նա կառապան էր աշխատում:
Պատմությունն այսպիսին է: Յորկշիրցի արիստոկրատ Ջորջ Կեյլին (1773–1857) օդագնացության պիոներներից էր: Նա դեռևս երիտասարդ հասակից ուսումնասիրում էր թռչունների թռիչքը և կարողացավ նկարագրել թռիչքի դեպքում «վեր բարձրացնող ուժի, ճակատային դիմադրության» մեխանիզմը, որի շնորհիվ և ստեղծեց մի շարք թռչող սարքերի նմուշներ: Ընդ որում, նա նախագծել և կառուցել է ինչպես շարժիչներով ( շոգեշարժիչ, վառոդային շարժիչ) սարքեր, այնպես էլ պլաներներ (առանց շարժիչի թռչող սարքեր): Հենց պլաներներն էլ նրան հաջողություն բերեցին (ի դեպ, Ռայտ եղբայրները ևս առաջին անգամ պլաներով են թռել):
Երեք տասնամյակ Կեյլին փորձարկում էր իր սարքերը, փոփոխություններ մտցնում, նորը կառուցում, նորից փորձում, և վերջապես 1853 թվականին նա զգաց, որ իր սարքը կարող է կենդանի «ուղևոր» օդ բարձրացնել: Բրոպտոմ–Դեյլ տեղանքում Կեյլիին վերջապես հաջողվեց համոզել իր կառապանին քշել «հրեշանման սարքը»: Այդ կառապանն էլ հենց եղավ օդից ծանր սարքով առաջին անգամ թռած մարդը: Թռիչքը հաջող անցավ, բայց կառապանը վայրէջքից հետո բողոքեց, որ նրան վարձել են ձիերին կառավարելու համար, այլ ոչ թե թռչելու:
Ջորջ Կեյլիից բացի, մինչև Ռայտ եղբայրները, պլաներներով բազմաթիվ թռիչքներ է իրականացրել նաև Օտտո Լիլենտայլը (1848– 1896), ով, ի դեպ, այդպիսի մի թռիչքի ժամանակ էլ հենց ջախջախվել է ու մահացել:
Համարվում է, որ Ռայտ եղբայրներին առաջինն են համարում այն պատճառով, որ իրականացրել են առաջին կառավարվող թռիչքը, բայց 1901 թվականին կառավարվող թռիչք է իրականացրել Ալբերտո–Սանթոս Դյումոնը՝ զանգվածային միջոցառման ժամանակ պտտվելով Էյֆել յան աշտարակի շուրջը (իհարկե, պետք է նշել, որ դա կատարվել է օդից թեթև սարքով):
Իրականում Ռայտ եղբայրներին առաջինը համարելու պատճառն այն է, որ նրանք անմիջապես արտոնագրել են իրենց գյուտն ու թռիչքը, իսկ նրանցից առաջ նույն բանը արածները արտոնագրում չեն իրականացրել: Առաջարկում եմ Նիկոլ Փաշինյանին արտոնագրել «Թավշյա հեղափոխությունը», քանի որ դրանից առաջ ոչ մեկը դա չի արել, անգամ Սահակաշվիլին: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ օգուտ կտա Հայաստանին: Օրինակ, Պապուա Նոր Գվինեաում կատարվում է «թավշյա հեղափոխություն» և արտոնագրային իրավունքով կառավարության կազմի երկու նախարարական աթոռ տրվում է մեզ՝ հայերիս: Լա՞վ է: Իհարկե, լավ է:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը



