Դառը, քաղցր, աղի, թթու... Իրականում կա ևս մեկ համ
ОБЩЕСТВОՄենք գիտենք, որ...
Գոյություն ունի չորս համային հատկանիշ, որ մենք զգում ենք՝ դառը, քաղցր, աղի և թթու։
Իրականում, պարզվում է, որ կա նաև հինգերորդ համը. այն կոչվում է ումամի։ Համը օրգանիզմը զգում է լեզվի համապատասխան հատվածներում գտնվող համային ռեցեպտորների միջոցով. պարզվում է՝ կան նաև ումամիի ռեցեպտորներ։
Ումամին միջազգային բառ է։ Ճապոներեն այն նշանակում է «հաճելի համ», իսկ ավելի կոնկրետ այն կարելի է անվանել «բարձրարժեք սպիտակուցային համ»։ Այս համի զգացողությունը առաջացնում են նատրիումի գլյուտամատը և մի շարք ամինաթթուներ։ Այս համը լինում է ջերմամշակված մսում, պարմեզան, ռոքֆոր պանիրներում, լոլիկի, բրոկոլիի, ընկույզի, սնկի, ծովամթերքի մեջ և այլն։ Այս համը կարելի է նկարագրել որպես երկար մնացող, ամբողջ լեզուն ընդգրկող մսային կամ արգանակային համ։ Այն էականորեն ուժեղացնում է սննդամթերքի համային գրավչությունը, ընդգծում և հավասարակշռում նրա համային այլ հատկությունները, ունի թույլ արտահայտված, բայց երկարատև հետհամային էֆեկտ։ Ումամիի համը համատեղելի է ինչպես աղի, այնպես էլ քաղցր, թթու և դառը համերի հետ։ Դեռևս 19–րդ դարում հայտնի խոհարար Օգյուստ Էսկոֆը ՝ «խոհարարների թագավորը», գաղափար չունենալով այս համի մասին, ստեղծեց մի խորտիկ, որը ուներ բոլոր չորս համերը, որոնց ընդգծում և համատեղում էր ումամի համը։ Առաջին անգամ ումամի համը նկարագրել է Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Իկեդան 1908 թվականին, իսկ նրա աշակերտ Կոդաման հայտնաբերեց այն քիմիական նյութը, որը պատասխանատու է այդ համի համար։ Ումամի պարունակող առաջին սնունդը, որը օգտագործում է մարդը, մայրական կաթն է։ Նրա մեջ պարունակում է այնքան ումամի, ինչքան լինում է արգանակի մեջ։ Երևի այդ պատճառով է, որ այն այդքան հաճելի է մեզ։
Ինձ թվում է, որ ումամի օպտիմալ քանակներով պարունակում է հայկական խորովածը. դժվար է գտնել մի մարդու, ով չսիրի այն, անգամ եթե նա հայ չէ։ Մեր լեզվաբաններին, ովքեր շատ են սիրում օտար բառերին տալ հայկական անուններ, առաջարկում եմ «ումամի համ»–ը հայկական ձևով թարգմանել «խորովածի համ», որովհետև հետագայում կարող ենք պարծենալ, որ այդ համը մենք ենք ստեղծել, քանի որ հիմա պարծենում ենք, որ խորովածը մենք ենք ստեղծել (երևի այլ ազգերը կամ ցեղերը քարե դարում միկրոալիքային վառարան էին օգտագործում միսը խորովելու համար)։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը



