Կկու. ո՛չ բույն ունի, ո՛չ էլ ձագ է պահում, որ մի երկուսն էլ աղվեսին տա
ОБЩЕСТВОՄենք գիտենք, որ...
Կկուն շատ հոգատար մայրիկ է իր ճուտիկների համար:
Սա դեռ մանկուց գիտենք, այդ թվում՝ Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» բանաստեղծությունից։
«Լինում է մի սար,
Էն սարում՝ մի ծառ,
Էն ծառում՝ փչակ,
Փչակում՝ մի բույն,
Բնում՝ երեք ձագ,
Ու վրեն կկուն»:
Իրականում կկուն ո՛չ բույն է ունենում, ո՛չ էլ ձագեր պահում, էլ ուր մնաց, թե մի երկուսն էլ աղվեսին տա։ Կկուն համարվում է «պարազիտ» թռչուն, քանի որ նա ձու է դնում ուրիշ թռչնի բնում։
Ուրիշի բնում ձու տեղադրելու «օպերացիան» անպատասխանատու կկու մայրիկը իրականացնում է 8 վայրկյանում։ Իհարկե, սրան նախորդում են ամիսներ տևող «օպերատիվ– հետախուզական» աշխատանքները, սկզբից գտնում է բույն կառուցող փոխնակ ընտանիքը (այնպիսի թռչնի, որի ձուն նման է իր ձվին), հետևում է բնի շինարարության ընթացքին, հաշվարկում է նրանց ձվադրման ժամանակը և հետո, երբ արդեն ձվադրել են և մի քանի վայրկյանով հեռացել բնից, ինքն է բնում տեղադրում մեկ ձու՝ հեռատեսորեն ցած գցելով, կամ կուլ տալով փոխնակ մոր մեկ ձուն։ Իսկ հետո նա «ազատ է, ինչպես թռչունը», և գործի է անցնում նրա ձագուկը։ Հաշվարկները այնպես են լինում, որ կկվի ձագը առաջինն է ձվից դուրս գալիս և հետևաբար ավելի ուժեղ է լինում մնացած ձագերից։ Խորթ ծնողների բերած թանկարժեք կերակուրը ամբողջությամբ միայնակ կլանելու համար (կկվի ձագը սովորաբար մի քանի անգամ մեծ է լինում խորթ ծնողներից) այդ ձագուկը ժամանակի ընթացքում աննկատ և աստիճանաբար մնացած ձագերին դուրս է նետում բնից և մնում է բնի միակ ժառանգորդը։
Սակայն երբեմն լինում է այնպես, որ իրոք գալիս է «չարի վերջը»։ Դեռևս ձվադրման ժամանակ «փոխնակ ծնողները» հասկանում են, որ դարձել են կկվի զոհը և ստիպված լքում են իրենց պատրաստած բույնը՝ նախօրոք ոչնչացնելով բոլոր ձվերը, որից միայն մեկն է կկվինը։
Կկվի ձագի ֆենոմենը արձանագրվում է նաև քաղաքական դաշտում։ Օրինակ, մի «ձագ» մտնում է մի կուսակցության բույնը և աստիճանաբար, քայլ առ քայլ բնից դուրս նետում մնացածին։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը



