Անասնապահ գյուղացուց պետք է անցում կատարվի ֆերմերային տնտեսության. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Տարին անասնապահների համար սկսվեց բողոքով: Գյուղացիները ճանապարհ փակեցին՝ դժգոհելով կաթի մթերման գներից: Վերամշակողները 160 դրամի փոխարեն կաթը 140–ով էին ընդունում: Կառավարության միջամտությամբ գները վերականգնվեցին, բայց ոլորտի խնդիրներն այսքանով չկարգավորվեցին:
Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգորյանը «Փաստ»–ի հետ զրույցում ասաց, որ կաթի մթերման գները մեր երկրում ցածր չեն:
«Միջազգային գների համեմատ մեր առաջարկած գինը նորմալ է: ՌԴ–ում կաթի մթերման գինը հայկական դրամով մոտ 120 դրամ է, Եվրոպայում՝ 25 ցենտ, եթե համեմատում ենք՝ մեզ մոտ 25 ցենտից ավելի է»,–ասաց նա:
Այսօր կաթը գործարան է մտնում 150 դրամով, բայց այդ գնով չեն արտադրողները վաճառում: Կաթը գործարան հասնում է միջնորդի միջոցով: Իսկ, ըստ փորձագետի, կաթն այլ ճանապարհով չի էլ կարող գործարան մտնել:
«Միջնորդը 130 դրամով կաթը գնում է, 150–ով հանձնում: 10–20 դրամ միջնորդավճար է ձևավորվում: Առանց միջնորդի գործընթացը չի էլ կարող ձևավորվել: Պատկերացնո՞ւմ եք՝ գործարանի ներկայացուցիչներին քանի ժամ է պետք և կաթը հավաքելու համար: Կաթն էլ շուտ փչացող ապրանք է: Միջնորդներն արհեստական ձևավորված միավորներ չեն, իրենք դերակատարություն ունեն»,– մանրամասնեց նա:
Մասնագետի կարծիքով՝ գնային առումով ոչ մի քաղաքականություն այս պայմաններում չի կարող մշակվել, քանի դեռ արտադրանքի բազա չկա:
«Անասնապահների սփռվածությունը մեծ է, իսկ մենք տվյալներ չունենք: Չես կարող արտադրության քանակը վերահսկողության տակ պահել և գործիքակազմ աշխատեցնել, քանի դեռ արտադրության հարցը բարձիթողի վիճակում է»,– շեշտեց Պանրագործների միության նախագահը:
Նա այստեղ մեկ այլ խնդիր էլ է նկատում: «Բաց կա նաև կաթի որակի հետ կապված: Շատ դեպքերում գյուղացին անորակ կաթ է տալիս՝ անբարեխիղճները նույնիսկ մեջը յուղ են ավելացնում: Մեր կթվող կաթը որակյալ է, խնդիրն այն է, թե վերամշակողին ինչպես է հասնում: Պետք է ուշադրություն դարձնել, թե ինչպես է կաթը կթվում, պահեստավորվում և տեղափոխվում»,– կարևորեց փորձագետը:
Ոլորտը ուշքի բերելու համար, ըստ Արմեն Գիգոյանի, պետք է ֆերմերային միավորներ ստեղծել:
ստեղծել: «Անասնապահական արտադրող տնտեսություններ չունենք: Անասնապահ գյուղացուց պետք է անցում կատարվի մասնագիտացված տնտեսության: Այս ուղղությամբ քայ լեր ընդ հան ր ա պես չեն կա տարվում»,–նշեց մեր զրուցակիցը:
Գիգոյանի խոսքով՝ մեր երկրում մի քանի գլուխ անասուն պահելը ձեռնտու չէ: «Ժամանակն ապացուցում է, որ 5–10 գլուխ անասուն ունենալն անասնապահության ոլորտի զարգացման համար անհեռանկարային է: Եթե մեծ ֆերմաներ լինեն՝ ի՞նչ է, մեկ հոգի է աշխատելո՞ւ: Մարդիկ կաշխատեն, գործազրկության հարցը կլուծվի: Օրենսդիր և գործադիր մարմինները պետք է այս ուղղությամբ աշխատանքներ տանեն: Լուրջ գործիքակազմ պետք է մշակել»,– եզ րափակեց նա:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



