Սևանա լճում որսի հսկողություն չկա. ով, երբ, ինչքան ուզում՝ որսում է. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս օրերին փողոցներում հաճախ կարելի է հանդիպել վաճառվող սիգ կամ այլ տեսակի ձուկ, ընդ որում՝ հիմնականում մանրաձուկ, բավականին ցածր գներով: Օրինակ՝ 6 մանր սիգ կարելի է գնել 1000 դրամով: Մասնագետներն արդեն մի քանի տարի շարունակ ահազանգում են, որ սիգ ձկնատեսակը վերացման վտանգի տակ է հայտնվել, բայց, ինչպես տեսնում ենք, որսի դեմն առնող չկա: Սիգի որսի թույլատվություն չկա՝ «Փաստ»–ի հետ զրույցում հիշեցրեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիել յանը: 6–7 տարի է՝ անկախ որսի շրջանից, սիգ չի կարելի բռնել:
«Գարնանը, երբ մանրաձուկը դուրս է գալիս, կուտակումներ են առաջանում, սկսում են բռնել, իսկ աշնանը բռնում են նաև նախաձվադրային վտառը: Սրանց որսը թույլատրելի չէ: Հատկապես պետք է պահպանվի մանրաձուկը: Վերջինս 1, 5 տարեկան չկա, դեռ սերունդ չի տվել, բայց որսում են և «կոպեկներով» վաճառում, դա վնասարարություն է»,– սրտնեղեց մասնագետը:
Նրա խոսքով՝ նման արարք կատարողին պետք է պատժել, քանի որ ամբողջ տարվա ընթացքում արգելված է Սևանից որս կատարել, բայց մարդիկ շարունակում են իրենց սև գործն անել՝ մնալով անպատիժ:
«Ով այդ տարածքը պահպանում է, պետք է գործից հանել: Նոր մարդիկ նշանակել, որոնք թույլ չեն տա որսը: Եթե այսպես շարունակվի, մի քանի տարի անց սիգ չենք ունենա»,–նշեց նա:
Այս տարի լճում գտնվող սիգի քանակը դեռ մասնագետները չեն հաշվարկել: Նախորդ տարվա տվյալներով՝ շուրջ 2200 տոննա սիգ է եղել, որից 550–ը՝ արդյունագործական: Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը վերհիշում է՝ 1980–ական թվականներին Սևանա լճում սիգի ձկնապաշարը 20 000 տոննա է եղել: «2000–2013 թվականներին պաշարները նվազել էին, հետո սկսեցին ավելանալ, բայց ոչ այնքան, որքան կարող էր սիգի պոպուլ յացիան ապահովել, որովհետև մի կողմից քանակն ավելանում է, մյուս կողմից էլ որսում են: Դրա համար փոխանակ քանակը հասներ 1000–ի, 500 տոննա է կազմել»,–ասաց մեր զրուցակիցը: Որպեսզի պաշարները չնվազեն, Գաբրիել յանն առաջարկում է նաև ձուկ որսալու բոլոր տեսակի ցանցերի վաճառքն արգելել:
«Անցյալ տարվա վերջին 100 տոննայի ավելացում եղավ, բայց երբ այս մանրաձկները բռնում են, դա նշանակում է, որ վատացում է լինելու, այդ ձկները պետք է մեծանան, քանի որ հետագայում դրանք են արդյունագործական քանակ կազմում: Հիմա, որ չորսան, մեծ քանակություն կունենանք, բայց այս պայմաններում սպասելիքներ չկան»,– շեշտեց նա:
Ամեն տարի սիգ ձկնատեսակի վերաբերյալ ծրագիր են ներկայացնում բնապահպանության նախարարությանը, որտեղ մեխանիզմներ են գրված, թե ինչպես վերականգնել սիգի պաշարները:
«Սիգի վերաբերյալ հայտնել ենք, որ որսի արգելքը պետք է պահպանել, բայց կարելի է 20 տոկոսի չափով փորձնական որս կատարել: Եթե տարվա վերջին մի փոքր ավելացում ունենանք, կառաջարկենք մյուս տարվա սկզբից մի 20 տոկոսի չափով փորձնական որս կատարել: Եթե չեղավ, չենք առաջարկի»,–նշեց Գաբրիելյանը:
Ըստ մասնագետի՝ խեցգետնի ճակատագիրն էլ սիգից չի տարբերվում: Տարեցտարի Սևանա լճում պակասում է նաև խեցգետինը: Բարդուխ Գաբրիել յանի փոխանցմամբ՝ մոտ 2 անգամ նվազում է եղել: Որսն այդ դեպքում ավելացել է նաև շնորհիվ նոր խեցգետնաորսիչների: Չինական արտադրության որսագործիքների միջոցով լճից խեցգետնի դուրս բերումն ավելի է հեշտանում:
«Սևանա լճում կառավարելի որս գոյություն չունի: Պատասխանատուները պետք է վերահսկողություն կատարեն: Արդյունագոր ծական որսի պահանջները պետք է փոխվեն: Որսի հսկողություն ընդհանրապես չկա. ով, երբ, ինչքան ուզում՝ որսում է: Չեն հսկվում որսագործիքները, չի հսկվում որսի սեզոնը: Այս ամենը թողնված է ինքնահո սի»,–եզրափակեց նա:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



