Ոչ գիտենք՝ փոփոխություններն ինչպես են ազդում, ոչ գիտենք՝ ինչքան ենք տուգանվելու. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ ամբողջ աշխարհը նշում էր որպես ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրը: Այս տարի «Առանց ծխախոտի» համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Ծխախոտը և սրտանոթային հիվանդությունները»՝ հաշվի առնելով, որ դրանք ավելի շատ մարդկանց կյանք են խլում, իսկ ծխախոտի օգտագործումը և երկրորդային ծխի ազդեցությունը նպաստում են սրտանոթային հիվանդությունների մահացության մոտավորապես 12%–ին: Հայաստանում կատարված վերջին հետազոտությունների՝ «Առողջապահության համակարգի գործունեության գնահատում» (ԱՀԳԳ) հետազոտության (2015–2016թթ.) տվյալների համաձայն՝ 15 և բարձր տարիքի բնակչության շրջանում ամենօրյա ծխախո տի օգտագործման տարածվածությունը կազմել է 26,2%, ընդ որում՝ տղամարդկանց 53,4%–ը, իսկ կանանց 2,3%–ն է կանոնավոր ծխող: STEPS ազգային հետազոտության տվյալներով` Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ տղամարդը ծխում է, իսկ կանանց դեպքում ծխախոտի օգտագործման ցուցանիշը անհամեմատ փոքր է (տղամարդիկ` 51,5%, կանայք` 1,8%)։ Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական կայքի՝ ազդեցիկ հակածխախոտային գովազդները և գրաֆիկական փաթեթավորմամբ զգուշացումները, հատկապես այն տուփերը, որոնք ունեն նկարներ, նվազեցնում են ծխել սկսող երեխաների թիվը և մեծացնում ծխելը թողնել ցանկացողների թիվը: Միաժամանակ, ծխախոտի սպառման նվազեցման արդյունավետ միջոց է համարվում ակցիզային հարկի, ըստ այդմ՝ գնի բարձրացումը:
Թե՛ առաջինը և թե՛ երկրորդը ներդրվել է մեր երկրում: Ծխախոտի տուփի վրա պատկերված նկարներն իսկապես բավական տհաճ են: Բայց Հայաստանի համար չկա հետազոտություն, որը կփաստեր այդ նկարների առկայության և կամ հարկերի բարձրացման դեպքում ծխախոտի իրացման ծավալների փոփոխությունը: Համենայն դեպս, «Փաստ»–ի հարցին ի պատասխան՝ Ազգային վիճակագրական ծառայությունից հայտնեցին, թե իրենք չունեն որևէ վիճակագրություն ծխախոտի իրացման քանակի վերաբերյալ: Վերջերս էլ 30 դրամով ավելացավ ծխախոտի մեկ տուփի արժեքը: Սա, ըստ որոշ խանութների սեփականատերերի, ակցիզային հարկի բարձրացմամբ է պայմանավորված: Կարծում ենք, որ ծխող հանրության համար այդ 30 դրամը նշանակություն չունեցող փոփոխություն է: Մեկ տուփ ծխախոտին 300 կամ 500, անգամ 600 դրամ հատկացնողը չի զլանա այդ 30 դրամն էլ վճարել: Որպես ծխախոտի դեմ պայքարի ևս մեկ միջոց Առողջապահության նախարարության կողմից մշակվել է մի նախագիծ, որի ընդունման դեպքում կարգելվի փակ տարածքներում ու հասարակական վայրերում ծխելը: Օրենքին հակառակվելու դեպքում սահմանված են բարձր տուգանքներ, որոնք որոշ դեպքերում կարող են հասնել 700 հազար դրամի: Օրենքի նախագիծն ուժի մեջ կմտնի մի քանի ամիս անց՝ նոյեմբերի 1–ին: Բնակչության մեջ ծխողների թվի նվազմանն ու բնակչությանը երկրորդային ծխի ազդեցությունից առաջացող բացասական հետևանքներից պաշտպանելուն միտված այս նախագիծը մեր երկրում միանշանակ չի ընդունվել՝ հաշվի առնելով ծխողների վիճակագրությունը, տուգանքների բարձր սահմանաչափը, նախագծում առկա բացերը: Մասնավորապես՝ ծխախոտ գովազդելու համար տուգանքը կկազմի 500–700 հազար դրամ, մեքենայում ծխելու դեպքում՝ 50 հազար դրամ, իսկ արգելված վայրերում ծխելու համար տուգանքը՝ 250 հազար դրամ: Այս նախագիծն ի վերջո պետք է ընդունվի, հատկապես, որ նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանն այս հարցում համակարծիք է իր նախորդի՝ Լևոն Ալթունյանի հետ: Սակայն տուգանքների վերը նշված չափերը բուռն արձագանքի են արժանացել: Ուստի շատ հնարավոր է, որ նախագիծը օրենքի ուժ ստանա էական փոփոխություններից հետո: Թորոսյանն ինքն էլ նշել էր, որ կիրագործի նախագիծը, բայց որոշակի փոփոխություններ կատարելուց հետո միայն: Երկու օր առաջ նախարարը նշել էր, թե կա կառավարության կողմից հաստատված ծխելու դեմ պայքարի ռազմավարություն, սակայն մինչ այժմ ձեռնարկված քայլերի արդյունքները բավարար չեն: Թորոսյանը շեշտել էր, որ ռազմավարությամբ նախատեսված ծխողների թվի կրճատում տեղի չի ունեցել, դեռ ավելին՝ աճել է:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



