Գյումրու Շերամի դպրոցը կարող է հավակնել երկրի լավագույն երաժշտական դպրոցներից մեկը լինելուն
ПОЛИТИКАՇիրակ աշխարհը հայ ազգին նվիրել է բազմաթիվ հանճարների՝ աշուղներ, գուսաններ, բանաստեղծներ, քանդակագործներ, դերասաններ, ովքեր հարյուրամյակներ անց հիշվում են և դեռ կշարունակեն։ Նրանց անուններով անվանվել են փողոցներ, դպրոցներ, թանգարաններ, թատրոններ, ինչպես նաև տեղադրվել են նրանց արձանները։
Շիրակի մարզի Ալեքսանդրապոլ քաղաքն (այժմ Գյումրի) ի թիվս բազմաթիվ վարպետների, ծնունդ է տվել գուսան Շերամին և աշուղ Ջիվանուն։
Հենց նրանցից մեկի՝ Շերամի անվան դպրոց էլ մենք այցելեցինք, որտեղ ծանոթացանք Գյումրու երաժշտարվեստին։ Մուտքի մոտ մեզ դիմավորեց այդ հաստատության տնօրեն Գագիկ Մալխասյանը, ով նաև Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ է, Գրիգոր Նարեկացու մեդալակիր, Կոնսերվատորիայի դոցենտ, «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի մենակատար։
Դպրոցը գտնվում է վերջերս վերանորոգված Ռուսթավելի փողոցում, ուր արդեն իսկ զբոսաշրջիկներ են այցելում։ Նրանց համար դպրոցի տնօրենը պատրաստվում է մի ցուցանակ փակցնել, որտեղ կգրվեն միջոցառումների ժամն ու օրը։

«Կարծում եմ, որ Ռուսթավելի փողոցը պետք է ճեմափողոց լինի և մտածել եմ մի ցուցանակ դնել դպրոցի մոտ, որպեսզի մեր համերգների օրերն ու ժամերը դրվեն։ Մենք հաճախ կազմակերպում ենք դասական երաժշտության օր, ժողովրդական երգերի օր և այլն։ Այդ միջոցառումները կլինեն անվճար, միայն արկղ դրված կլինի և որքան կցանկանան այցելուները կարող են հանգանակություն կատարել։ Այդ գումարն էլ կծախսվի դպրոցի պահպանման համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Գագիկ Մալխասյանը։
Շերամի անվան դպրոցում այժմ վերանորոգման աշխատանքներ են տարվում, բայց որոշ դասարաններ արդեն իսկ վերանորոգված են։
Դպրոցը կառուցվել է 1830-ական թվականներին և եղել է դպրանոց, հետո ծառայել է որպես տպարան, ապա 1974 թվականին դարձել է երաժշտական դպրոց։
«Պատմաճարտարապետական կառույց է մեր դպրոցը։ Վերանորոգման շատ մեծ աշխատանքներ են իրականացվել և դեռ շարունակում են ընթանալ։ Նախատեսում ենք թեքահարթակներ կառուցել, որպեսզի հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաները, ովքեր ցանկանում են սովորել մեր դպրոցում, կարողանան հաճախել մեր դպրոց։ Մեր դպրոցը հագեցած է բոլոր գործիքներով։ Քանի որ հաստատությունը հատուկ մասնագիտական թեքումով է, ունենք դաշնամուրային, լարային, հարվածային, փողային, վոկալ բաժիններ։ Ես ինքս դուդուկահար եմ և ժողովրդական նվագարանների բաժնի մասնագետ, դպրոցում շատ է դուդուկահարների հոսքը, բայց շատ է նաև քանոնահարների և դհոլահարների հոսքը»,- ընդգծեց դպրոցի տնօրենը։

Դպրոցում սովորում է 206 աշակերտ, որտեղ ուսուցումը տևում է 7 տարի։ Երկու փոքրիկ աղջիկ դհոլ են նվագում և մեկ աղջիկ՝ շեփոր, ում հայրը հենց շեփորի ուսուցիչն է։ Դուդուկահար աշակերտներն ավելի շատ են և նրանցից ամենափոքրը 6 տարեկան է։ Մի աշակերտ կա, ով վոկալի բաժնում է սովորում ու կույր է։ Նա արդեն երրորդ տարին է՝ հաճախում և միշտ բեմում երգում է։ Այդ աշակերտը դպրոցում անվճար է սովորում։
«Մեր դպրոցը բոլոր հանրապետական մրցույթներին մասնակցել և առաջին հորիզոնականներն է զբաղեցրել։ Մենք ունենք քանոնահար մի երեխա, ում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը քանոն է նվիրել, որպես հանրապետության լավագույն քանոնահար»,- ասաց Մալխասյանը։
Աշակերտներն առայժմ արտերկրում համերգների չեն մասնակցում, բայց կա մի երեխա ով Յուրի Բաշմետի ակադեմիայում վարպետության դաս է անցել, ինչպես նաև մասնակցել Սպիվակովի ֆոնդի համերգներին։
Լիլիթ Դեմուրյան



