Եվրոպական փորձը լավն է, «հայկական» իրազեկումը՝ զրո
ОБЩЕСТВО«Փաստ» Հանրապետության հրապարակի մերձակա փողոցներում տրանսպորտային միջոցների կուտակումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով լուսացույցների աշխատանքի փոփոխություն է կատարվել: Հայտարարվել էր, որ լուսացույցների եռագույն աշխատանքային ռեժիմները փորձնական կարգով կփոխարինվեն միայն դեղին թարթող ռեժիմներով:
Բայց լուսացույցի դեղին թարթող ռեժիմն ամենևին տեսանելի չէ՝ մեր ֆոտոխցիկն օրեր առաջ ևս ֆիքսել էր, որ լուսացույցներն անջատված են: Հաշվի առնելով նշվածը՝ Ճանապարհային ոստիկանությունից փորձեցինք պարզել, ո՞րն է լուսացույցներն ամբողջովին անջատելու նպատակը: Հետաքրքիր էր իմանալ նաև, թե փոփոխությունն այս ընթացքում ի՞նչ արդյունք է տվել:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը մեր հարցմանն ի պատասխան նախ պարզաբանել է, որ Հանրապետության հրապարակի հարակից փողոցների լուսացույցները, որոնց աշխատանքային ռեժիմները փոփոխվել են ս.թ. օգոստոսի 19–ին, չեն անջատվել և մինչև հիմա էլ աշխատում են դեղին թարթող ռեժիմով։
«Լուսացույցերի դեղին թարթող ռեժիմով աշխատանքի շնորհիվ Հանրապետության հրապարակի մերձակա փողոցներում վերացան տրանսպորտային միջոցների հապաղումներն ու կուտակումները»,–նշել են պատասխանի մեջ:
Խնդրել էինք պարզաբանել նաև՝ այս ընթացքում ահազանգեր ստացե՞լ են քաղաքացիներից, որ փոփոխությունն անհարմարություն է պատճառում: Բացի այդ, այս ժամանակահատվածում նշված հատվածներում վրաերթերի դեպքեր գրանցվե՞լ են:
Ի պատասխան՝ ՀԿԼ վարչությունից հայտնել են, որ ՀՀ Ճանապարհային երթևեկության կանոնների 103 կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցի վարորդը չպետք է խոչընդոտ ստեղծի հետիոտնային անցումներով երթևեկելի մասը հատող հետիոտներին:
«Այս ամբողջ ժամանակահատվածում նշված ճանապարհահատվածում վրաերթերի դեպքեր չեն արձանագրվել։ Հանրապետության հրապարակի հատվածում նշված փոփոխությունները իրականացվել են եվրոպական առաջադեմ երկրների փորձի ուսումնասիրության արդյունքում»,–ընդգծել են ոստիկանությունից:
Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ փորձը կիրառելը վատ միտք չէ, բայց բոլոր խաչմերուկներում չէ, որ դրական արդյունք է ունենում: Նա հայտնեց, որ իրենք ևս ահազանգեր են ստացել քաղաքացիներից:
«Առաջին մասի՝ այսպես ասած՝ Բանվորի արձանի խաչմերուկում լուսացույցներ էին դրվել: Վերջերս հանեցին ու այդ դեղին թարթիչները տեղակայեցին նաև այդ օղակաձև խաչմերուկում: Ընդհանուր առմամբ՝ այդ դեղին թարթիչներին անցնելու առաջին օրերին շատ մեծ աժիոտաժ ու բողոքներ եղան: Փոփոխությունն, իհարկե, նվազեցնում է խցանումները, բայց տեղեր կան, որ հակառակ էֆեկտ է տալիս և խցանումները շատանում են: Օրինակ՝ վերոնշյալ խաչմերուկում խանգարում է, հրապարակում էլ նորմալ չէ»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Տ. Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է բողոքներին, թե լուսացույցները չեն աշխատում, մեր զրուցակիցը նկատեց, որ խնդիրն իրազեկման մեջ է:
«Նշանները շատ վատ ու թերի են տեղակայված: Բացի այդ, նշանների բացակայության պատճառով մարդիկ շփոթության մեջ են ընկնում: Դրանք շատ հաճախ վատ են ամրակցված ու տեսանելի չեն: Իրազեկումը զրո է: Մարդիկ հենց առաջին իսկ օրերից զանգել ու բողոքում էին: Ասում էին՝ ի՞նչ է կատավում: Զանգում եմ ոստիկանություն՝ ասում են, մարդիկ թող սովորեն երթևեկության կանոնները: Ես էլ ասացի՝ դա ձեր մեղավորությունն է, բայց դա ի՞նչ կապ ունի իրազեկված լինելու հետ: Գալիս ու տեսնում ես՝ լուսացույցը կամ թարթում է, կամ՝ ոչ: Գոնե առաջին երկու շաբաթների ընթացքում ոստիկանությունը պետք է աջակցեր»,– եզրափակեց կազմակերպության նախագահը:
Աննա Բադալյան



