Սկսվել է առաջին համաշխարհային ինտերնետային պատերազմը. Ասանժ
МЕЖДУНАРОДНОЕWikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ Կատալոնիայում Իսպանիայից շրջանի անջատվելու մասին նախատեսվող հանրաքվեի պատճառով սկսվել է առաջին համաշխարհային ինտերնետային պատերազմը: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
Ասանժի խոսքով՝ դա կապված է նրա հետ, որ շրջանի բնակիչները և կառավարությունն օգտագործում են ցանցն անկախության մասին հանրաքվեի կազմակերպման համար: Ի պատասխան՝ «իսպանական հատուկ ծառայությունները հարձակվում են, արգելափակում հեռահաղորդակցությունները, գրավում են կապի օպերատորների շենքերը, հարյուրավոր կայքերի, տվյալների փոխանցման արձանագրությունների գրաքննություն են իրականացնում»:
Նա նաև նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում Կատալոնիայում, Արևմուտքում մարդկանց և իշխանությունների միջև ամենախոշոր կոնֆլիկտն է Բեռլինյան պատի անկման պահից ի վեր:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվրամիությունում ինքնավարության կառավարության ներկայացուցիչ Ամադեու Ալտաֆաջը հայտարարել է, որ Կատալոնիայի բնակիչները հոկտեմբերի 1-ին կմասնակցեն անկախության մասին հանրաքվեին՝ չնայած խոչընդոտներին, այդ թվում՝ ֆիզիկական:
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան Բիգես ի Ռիելս քաղաքում գտնվող տպարանից առգրավել է հանրաքվեի մոտ ինը միլիոն քվեաթերթիկ: Բացի այդ, Իսպանիայի քաղաքացիական գվարդիան խուզարկումներ է իրականացրել Կատալոնիայի շրջանային կառավարության կառույցներում և ձերբակալել մի շարք բարձրաստիճան պաշտոնյայի, որոնք աջակցում են Կատալոնիայի անկախության հարցով հանրաքվեին:
Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են հոկտեմբերի 1-ին անկախության մասին հանրաքվե անցկացնել: Իսպանիայի սահմանադրական դատարանն այն անօրինական է ճանաչել և դադարեցրել է Կատալոնիայի Ժեներալիտետի և խորհրդարանի կողմից ընդունված քվեարկության վերաբերող փաստաթղթերի գործողությունները: Այդկերպ՝ հանրաքվեի նախապատրաստման ուղղությամբ կատալոնական իշխանությունների բոլոր հետագա գործողություններն անօրինական են դարձել: Իսպանիայի դատախազությունը հայտարարել է սեպտեմբերի 7-ին, որ հանրաքվեին աջակցող կառավարության անդամներին և Կատալոնիայի խորհրդարանականներին կներկայացվի մեղադրանք:



