«ԱՐԻԴԵՍ»–ին «Ալյանս»–ում ազատ աշխատելու ևս մեկ թույլտվություն կտրամադրվի
ПОЛИТИКАԿառավարությունը որոշել է «ԱՐԻԴԵՍ» ՍՊԸ–ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրել ՝ հիմք ընդունելով ընկերության կողմից ներկայացված հայտը ։ Այս մասին որոշման նախագիծը կընթերցվի սեպտեմբերի 7–ին կայանալիք կառավարության նիստի օրակարգում։
Մասնավորապես ընկերությանը կտրամադրվի «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու համար, այդ թվում՝ նորարարական տեխնոլոգիաներով բժշկական սարքեր և սանիտարական հարմարանքներ արտադրելու համար:
Past.am-ի տեղեկությամբ` ըստ նախագծի՝ շահագործողի թույլտվության գործողության ժամկետը կսահմանվի վեց տարի: «ԱՐԻԴԵՍ» և «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունների միջև պայմանագիրը կնքելուց հետո 3–օրյա ժամկետում «ԱՐԻԴԵՍ»–ին կտրվի շահագործողի թույլտվության վկայական:
Նշենք, որ «ԱՐԻԴԵՍ»–ն արդեն նախորդ տարի ստացել էր «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործման թույլտվություն՝ ալկոթեստերային սարքերի արտադրություն ծավալելու նպատակով։ Ներկայում ընկերությունը ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը։ Նոր գործարար ծրագրով ընկերությունը նախատեսում է արտադրել նորարարական տեխնոլոգիաներով բժշկական սարքեր և սանիտարական հարմարանքներ, միաժամանակ, հայտնում ենք, որ ընկերությունը «Ալյանս» ազատ տնտեսական գոտում իր գործունեության ընթացքում արդեն իսկ իրականացրել է մոտ 170 միլիոն դրամի ներդրում և ստեղծել է 9 աշխատատեղ։
Ծրագրով նախատեսվում է, որ ծրագրի առաջին տարում արտահանման ծավալները կկազմեն մոտ 1 միլիոն 300 հազար ԱՄՆ դոլար, իսկ 6–րդ տարում` շուրջ 3 միլիոն 500 հազար ԱՄՆ դոլար: Արտահանման ուղղությունները կլինեն Ռուսաստանն ու ԵԱՏՄ այլ անդամ–երկրներ։ Հետագայում նախատեսվում է ընդլայնել արտահանման շուկաները Վրաստան, Միջին Արևելքի երկրներ:
Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները կկազմեն մոտ 4 միլիոն 300 հազար ԱՄՆ դոլար։ Միաժամանակ առաջին տարում կստեղծվի 12 նոր աշխատատեղ` 150 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում՝ արտադրանքի ծավալների աճի արդյունքում, 40 նոր աշխատատեղ:
Ըստ նախագծի՝ ընկերությունն ունենալու է 200 քառակուսի մետր արտադրական տարածք «Ալյանս» ազատ տնտեսական գոտում: «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ–ն արդեն իսկ համաձայնել է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը վեց տարի ժամկետով և ապահովել համապատասխան ենթակառուցվածքով:
Նշենք, որ ըստ կառավարության Էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ «ԱՐԻԴԵՍ»–ի հիմնադիրը Ռոբերտ Դալլաքյանն է, իսկ ընկերությունը գրանցվել է նախորդ տարվա հունիսին։
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



