Ջուրը, գազը, իսկ հետո էլ՝ հոսանքը
ОБЩЕСТВОՖրանսիական «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը, որն իրականացնում է խմելու ջրի սպասարկումը Հայաստանում, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս կդիմի համապատասխան մարմնին, խմելու ջրի մեկ խորանարդը 14 և ավելի դրամով թանկացնելու համար:
Սա տրամաբանական էր, որ այդպես լինելու է: Չգիտես ինչպես, բայց միշտ ստացվում է, որ ցանկացած օտար սպասարկող, երբ հայտնվում է Հայաստանում, սկզբից մեծ խոստումներ է տալիս ներդրումներ կատարելու, ենթակառուցվածքները զարգացնելու մասին: Իսկ հետո, անմեղ հայացքով նայում և տեղեկացնում է, որ գիտե՞ք, մենք սխալ էինք հաշվարկել ու եթե ուզում եք ունենալ կատարյալ համակարգ, պետք է այսինչ ծառայությունը թանկացնենք: Եկեք ընդունենք, որ ջուրը դա գազ չէ: Մենք այն չենք ստանում երրորդ երկրից: Իսկ Հայաստանն էլ, խմելու ջրի պաշարներով վերջին տեղում չէ: Ավելին, այնքան քաղցրահամ ջուր ունենք, որ կարող է ոչ միայն մեզ բավարարել, այլ նաև հարևաններին: Դա իհարկե շատ լավ հասկանում են նաև ներդրումներ անող կազմակերպությունները: Սակայն միշտ էլ, հանրությունից թաքուն է պահվել, թե ինչ գործընթացների արդյունքում է կոնկրետ կազմակերպությունը ծառայություն իրականացնում Հայաստանում: Իսկ քանի որ գործարքները մութ են, օտարների լեզուներն էլ համապատասխանաբար երկար են: Ուստի զարմանալի չի լինի, եթե այս անգամ էլ, մեր սիրելի իշխանությունները չկարողանան մերժել, իսկ իրենց ընտրած 10000-անոց էլեկտորատին խնդրեն ըմբռնումով մոտենալ: Ջրի թեման այսքանով չի սպառվում: Տնտեսագիտության դասընթացից ես գիտեմ, որ սպասարկման ոլորտում գործունեություն իրականացնողը, պետք է շահագրգիռ լինի իր ծառայությունը հասցնել սպառողին: «Վեոլիա Ջուր» ընկերությունը, նոր ջրագիծ անցկացնելու համար, սպառողից պահանջում է մեկ մետրի դիմաց 50.000 դրամ: Այսպեսի ծիծաղելի իրավիճակ:
Շուտով հերթը կհասնի նաև գազին: Իսկ սա արդեն աբսուրդի ժանրից է: Պարբերաբար տեղեկություններ ենք ստանում այն մասին, որ սահմանին ռուսական գազն էժանանում է: Բայց չգիտես ինչ հանելուկային պայմաններում, մենք ՝ սպառողներս այն չենք զգում: Ավելին, ամեն երրորդ միջին կարգի չինովնիկ, ռուսական կողմից չի զլանում հիշեցնել, որ իրենք ավելի շատ են մտահոգ Հայաստանի քաղաքացիների համար, քան այդ երկրի իշխանությունները: Արդեն թվում է, թե նրանք ճիշտ են: Իսկ իմպոտենտ իշխանության պայմաններում, երբ հնարավոր չէ Իրանից այնպիսի ծավալով գազի նոր գիծ բերել Հայաստան, որը մցունակ կդառնա ռուսական գազին ու գինը կիջնի, մեզ մնում է հեկեկալ ամեն ամսվա վերջում՝ կոմունալների ցուցակը տեսնելիս: Իսկ գազալցակայան ունեցող օլիգարխները, նույն գումարն են վճարում մեկ գազալցակայանի համար, ինչ մենք ՝ շարքային քաղաքացիներս:
Գանք ՀԷՑին: Հիշում ե՞ք, Սամվել Կարապետյանն ինչ դժկամությամբ գնեց ՀԷՑ-ը: Մարդուն համոզեցին շատ երկար, որ կատարի այդ ազգանվեր գործը: Կատարեց: Իսկ հիմա, ՀԷՑ-ը, որպես գրավ դրել են վարկի տակ: Լավ են արել: Ասեմ ավելին, շուտով կասեն, որ ենթակառուցվածքները զարգացնելու համար, մեզ խիստ անհրաժեշտ է, որպեսզի գինը մի քիչ թանկանա: Շատ չնչին՝ 5-10 դրամ: Սա նույն տիպական վիճակն է, ինչ ջրի խնդիրը: Ատոմակայան ունեցող ու բազմաթիվ ՀԷԿ-երով հարուստ Հայաստանում, Հայաստանի բնակիչը լույսին ավելի շատ գումար է տալիս քան լույս չարտադրող հարևան Վրաստանը: Ի դեպ, պարզապես հիշեցի: Էլեկտրիկ Երևանի ժամանակ, ելնելով ազգային զարթոնքի իրավիճակից, ցուցարարներին զարմանալի պատահականությամբ պիցցա էր բաժանում Տաշիր պիցցան: Ինչպիսի ազգանվեր գործունեություն:
Ընտրել եք, վայելեք ընկերներ ու հանկարծ չլսեմ, եթե հանկարծ բողոքեք:
Ատոմ Ոսկանյան



