Վարդավառի միջով` մեր պատմության հեռուները. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Վաղը Վարդավառն է` երեխաների ամենասիրած տոնը: Իսկ մեծահասակների համար` բավականին ռիսկային տոն: Հագած–կապած դուրս եկար թէ չէ, դույլով ջուրը շուռ տվեցին վրադ: Այդ դեպքում ոչ խիստ հայացքդ կփրկի, ոչ ջղայնանալդ, ոչ որևէ բան:
Հիշում եմ իմ մանկությունը. ինչպես էինք սրտատրոփ սպասում այդ տոնին: Սովորաբար եթե անգամ դուրս չես գնում Վարդավառը նշելու, ապա տան մեջ գոնե պարտադիր սեղանը գցվում էր:
Իսկ եթե դուրս գնայիր, դա արդեն այլ բան էր: Իսկ դուրսն էլ սարերն էին: Գյուղից դուրս` սարերն էին: Հարազատներով հավաքվելով ` գնում էինք ու մեքենան կանգնեցնում մի աղբյուրի ակունքի մոտ: Առաջինը նրանից դուրս էին հանում գառը: Հետո երեխաներն էին ուրախ–զվարթ, հարայ–հրոցով բեռնատարի թափքից թափվում ցած:
Ու սկսվում էր արդեն ամենակարևորը: Հսկա կաթսայի մեջ քլթքլթում էր գառան միսը: Կանայք սեղանի պատրաստությունն էին տեսնում: Տղամարդիկ ոտքի վրա նախնական մի բաժակ գցում էին, որպես «բարով հանդիպեցինք»: Իսկ երեխաներն էլ, հասկանալի է, ջրել էր, որ իրար ջրում էին:
Հետագայում մեծանալուն ու հասունանալուն զուգընթաց` փոխվեց Վարդավառի մեր պատկերացումը: Տեղեկացանք, որ այն քրիստոնեական տոն է: Ընդ որում, մեր եկեղեցու գլխավոր տոներից մեկը` երրորդ տաղավար տոնը:
Դե, մեր պարագայում հասկանալի էր, որ երեխա ժամանակներում դա չպետք է իմանայինք: Համարյա հեթանոս ժամանակներին էինք հասել ԽՍՀՄ տարիներին: Ոչ Աստված կար մեզ համար, ոչ աստվածապաշտություն, որ մի բան էլ տոնի հոգևոր խորհրդին հաղորդակից լինեինք: Հեթանոս էինք, որ կայինք:
…Հիմա կրկին Վարդավառն է: Այս տոնի միջով, հետ–հետ գնալով, անցնում էս այնքան երկար ճանապարհ ու հասնում ես մեր պատմության հեռուները: Աչքիդ առաջ պատկերանում է գեղեցկուհի Աստղիկը: Ջրի, սիրո, պտղաբերության դիցուհու անվան հետ էին կապում այս տոնը:
Մեր նախնիները, ավարտելով դաշտային հիմնական աշխատանքները, հավաքելով ցորենը, իրենց փնջած հասկերն էին նվիրաբերում աստվածներին: Ջրերի ակունքների առաջ գառներ ու կենդանիներ էին զոհաբում: Երաշտն էին ցանկանում իրենցից հեռացնել ու պտղաբեր անձրևի ակնկալիքով պաշտամունքային ծեսեր էին անում աստվածային ուժերի առաջ:
Ապա մենք ենք` այսօրվա մարդը: Քրիստոսի կերպարով ապրող ու նրա աստվածության առաջ խոնարհվող: Արդեն գիտենք, թե ինչն ինչի համար է. մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը` աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է՝ «դեմքը փայլեց, ինչպես արեգակը, և նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը»: Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Եղիա մարգարեի հետ:
Մի խոսքով` Քրիստոս պայծառակերպվում է, ու արդեն նրա մեջ տեսանելի է դառնում Աստվածը:
Հետո մտածում ես` մենք` ամենքս, ձգտում ենք Քրիստոսին, ձգտում ենք հասնել նրան ու նմանվել նրան: Ուստի մենք ևս հնարավորություն ունենք պայծառակերպվելու: Ինքներս էլ կարող ենք մի օր այնպիսին դառնալ, որ մեր կողքի մարդիկ մեր մեջ աստվածային լույս տեսնեն:
Ու ձգտում ենք դրան: Երկյուղածորեն ու լուսավոր սպասումով ցածրաձայն պատմում ենք Քրիստոսի պայծառակերպության պատմությունը:
Թո՛ղ մեր մեջ էլ Քրիստոս լինի, թո՛ղ մեր մեջ էլ Քրիստոս խոսի:
Հ. Գ. Հեթանոս ու քրիստոնյա վարդավառերի ևս մեկ ընդհանրություն: Տեղեկանում ենք, որ հեթանոս ժամանակներում սովորություն էր, որ մինչև Վարդավառ խնձոր չուտեին: Տարվա առաջին խնձորը ուտում էին վարդավառին: Որոշ վայրերում առաջին խնձորը վայելելը ուղեկցվում էր հատուկ նախապատրաստություններով: Ինչպես` Շատախում, որտեղ երիտասարդները Վարդավառի շաբաթ երեկոյան դեզեր էին շինում: Մութն ընկնելուն պես սկսում էին հերթով վառել դրանք` մինչև լուսաբաց բոլորելով կրակի շուրջ: Բոցերի մեջ էլ խորովվում էին ուտելի առաջին խնձորները։
Իսկ մեր ժամանակներում խաղողը սկսում ենք ուտել Վերափոխման տոնից հետո: Երբ եկեղեցին օրհնում է այն:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



