Քանի կիլոգրամով կարելի է գիրանալ հղիության ընթացքում
ЛАЙФԺողովրդի մեջ համոզմունք կա, որ հղի կինը պետք է երկուսի փոխարեն ուտի եւ առանց սահմանափակման գիրանա: Բժիշկները չեն կիսում այս կարծիքը՝ պնդելով, որ եթե հղի կինը շատ գիրանա, դա կարող է վնասակար լինել թե՛ իր, թե՛ երեխայի առողջության համար:
«Առաջին հղիության ժամանակ կինը կարող է գիրանալ 12-15 կիլոգրամով, ոչ ավել»,- ասաց գինեկոլոգը:
Ի՞նչ կիլոգրամներ են դրանք եւ որտեղի՞ց
Իսկապե՞ս այդ 12-15 կիլոգրամն ավելորդ քաշ են, որից հետո պետք կլինի ազատվել, թե՞ դա պտղի քաշն է: Փորձենք հասկանալ:
Շուշանիկ Բախշյանը բացատրեց, որ ընկերքը մոտ 400-500 գ է, իսկ պտղաջուրը սովորաբար լինում է մոտ 1.5-2 լ: Նորմալ հղիության դեպքում պտղի քաշը կարող է տարբեր լինել՝ 2.5-4.5 կգ, բայց, բնականաբար, լինում են նաեւ ինչպես ավելի մեծ, այնպես էլ՝ փոքր պտուղներ: Բժիշկ Բախշյանը պատմեց, որ ինքն ընդունել է երեխայի ծնունդ, որը 5 կգ է կշռել:
Սակայն եթե ենթադրենք, թե երեխայի միջին քաշը մոտ 3 կգ է, կստացվի, որ պտղի, ընկերքի եւ պտղաջրի քաշը պետք է կազմի մոտ 5-5.5 կգ: Այսինքն՝ մնացած 7-10 կիլոգրամը, եթե կինը գիրանա 12-15 կիլոգրամով, իսկապես հենց կնոջ քաշին են ավելանում:
Կնոջ համար վտանգավոր չէ՞ հղիության ընթացքում գիրանալը
Շուշանիկ Բախշյանի կարծիքով՝ կնոջ օրգանիզմը «երկուսի փոխարեն» է գործում, եւ նրա բոլոր օրգանները կրկնակի ծանրաբեռնվածությամբ են գործում: Որպեսզի օրգանիզմը կարողանա հաղթահարել այդ ծանրաբեռնվածությունը, նրան լրացուցիչ էներգիա է անհրաժեշտ, որը վերցվում է «պահեստից»: Այսինքն՝ 12-15 կիլոգրամով գիրանալը վնասակար չէ. այդ քաշի մեծ մասը, ամեն դեպքում, կկորի ծննդաբերությունից հետո (հատկապես եթե կինն այտուցներ ունի, որոնք եւս կարող են ներդրում ունենալ քաշի ավելացման գործում):
Իսկ ի՞նչ կլինի, եթե կինը 15 կիլոգրամից ավել գիրանա
Հղի ժամանակ 15 կիլոգրամից ավել գիրանալն արդեն կարող է վնասակար ու վտանգավոր լինել առողջության համար, նշեց գինեկոլոգը: «Ավելորդ քաշն առաջին հերթին կարող է նյութափոխանակության խանգարում առաջացնել՝ ուղեկցվող զարկերակային ճնշման բարձրացումով եւ օրգանիզմի մի շարք գործառույթների խախտումով»,- ասաց Շուշանիկ Բախշյանը:
Կարող են նաեւ այտուցներ առաջանալ, որոնք ավելի են բարդացնում հղի կնոջ կյանքը:
Բացի դրանից՝ ինչպես նշեց բժիշկ Բախշյանը, չափազանց շատ ճարպային կուտակումները կարող են բացասաբար անդրադառնալ ծննդաբերության ընթացքի վրա, օրինակ՝ օրգանիզմում նյութափոխանակության եւ որոշ կարեւոր մեխանիզմների խանգարումները կարող են ծննդաբերության ժամանակ թուլության պատճառ դառնալ: Ավելորդ քաշի բացասական հետեւանքներից, այնպես էլ՝ ծննդաբերությունից հետո արագ նիհարելու անհրաժեշտությունից խուսափելու համար գինեկոլոգը խորհուրդ է տալիս հղիության ընթացքում ճիշտ սնվել եւ չափից շատ չուտել:
Իսկ այն մասին, թե հատկապես ինչպես պետք է սնվեն հղի կանայք, կպատմենք մեր հաջորդ նյութերից մեկում:



