Սոնե Սիլվերը՝ հանգիստը կազմակերպելու իր անխախտ «օրենքների» մասին
ЛАЙФLife.panorama.am-ը հետաքրքրվել է, թե ինչպես է Սոնե Սիլվերն ամուսնու հետ անցկացնելու հանգիստը եւ առհասարակ՝ երգչուհին ինչպիսի՞ հանգստի սիրահար է:
Սոնեն դեռեւս չի հասցրել վայելել ամառային հանգիստը, սակայան այդ առումով ծրագրեր շատ ունի.
«Ինձ համար ամառային հանգիստն անմիջապես ասոցացվում է ծովի եւ արեւի հետ: Ամռանը սիրում եմ միայն ծովը վայելել, մտքովս չի անցնի այս սեզոնին, օրինակ, պատմական վայր գնալ ու որեւէ քաղաք ուսումնասիրել: Այս պահին դեռեւս հստակ չգիտենք, թե որտեղ կմեկնենք, բայց իմ բնավորությանը համաձայն, դա կարող ենք որոշել շատ շտապ ու կարճ ժամանակում»,- նշեց Սոնե Սիլվերը:
Հանգիստը կազմակերպելու հարցում երգչուհին շատ բծախնդիր է.
«Երբ ընտրում եմ վայրը, մանրակրկիտ ուսումնասիրում եմ. օրինակ՝ հյուրանոցում մեր սենյակի տեղակայման վայրն ինձ համար շատ կարեւոր է: Այն պետք է բարձր հարկերում լինի եւ պատուհանից էլ պետք է ծովը երեւա: Ի դեպ՝ արդեն քանի տարի է, ես հստակ ծրագրում եմ, թե ինչպես պետք է անցնի արձակուրդներս: Ըստ իմ օրակարգի՝ մենք առավոտից մինչեւ կեսօր լողում ենք ծովում, ցերեկը, երբ արեւի ճառագայթները վնասակար են, անցկացնում ենք հյուրանոցում, երեկոյան ժամերին կրկին ծով ենք գնում, իսկ արդեն ավելի ուշ ակտիվ ժամանց ենք անցկացնում: Ինքս պասիվ հանգստի սիրահար չեմ եւ ուրախ եմ, որ ամուսինս եւս կիսում է իմ այդ նախընտրությունը: Թեեւ պետք է խոստովանեմ, որ նա իմ նման բծախնդիր չէ, սակայն լավ արդյունքից հետո հասկանում է, թե ինչու եմ այդքան մանրակրկիտ վերաբերվում արտաքին գործոններին»,- պատմեց Սոնեն:
Երգչուհու խոսքով՝ ամուսինը, հանգստի վայր ընտրելիս, ընտրությունը թողնում է կնոջ վրա.
«Ամուսինս միշտ ասում է՝ դու որոշի, թե որտեղ մեկնենք, քանի որ, եթե ինչ-որ մի բան այն չլինի, ես կդժգոհեմ»,- ծիծաղելով նկատեց Սոնեն:
Երգչուհու համար մեծ արարողակարգ է արեւայրուքի ընդունումը.
«Ես սիրում եմ, երբ կարողանում եմ գեղեցիկ արեւայրուք ստանալ, իսկ այդ հարցում ունեմ իմ հատուկ նորմերը: Հստակ ժամերին ես պարտադիր պառկում եմ արեւի տակ, բայց օգտագործում եմ համապատասխան քսուկներ, որպեսզի մաշկս չվնասեմ: Արեւն ու ծովն իմ տարերքն են: Շատ եմ սիրում նաեւ ծովի ափին վայելել արեւածագն ու մայրամուտը»,- հավելեց նա:
Սոնե Սիլվերը սիրում է հանգիստն անցկացնել նաեւ Հայաստանում.
«Մենք հետաքրքիր շատ վայրեր ունենք, որ կարող ենք մեկնել ու լիարժեք վայելել բնությունը: Քանի որ ջուր շատ եմ սիրում, հետեւաբար սիրում եմ նաեւ Սեւանը: Իհարկե, Սեւանում չեմ սիրում լողում, բայց կարող եմ ժամերով նստել ափին ու հիանալ»,- ավարտեց երգչուհին:



