Թուրքիայի՝ հերթական պայթյունի թիրախ լինելը հայերին չպիտի ուրախացնի
ОБЩЕСТВО«Հոգևոր Հայաստան» նախաձեռության աջակից, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, հասարակական–քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Նախիջևանում անցկացված զինավարժությունների մասին՝ փորձեց ներկայացնել, թե ինչ հետևանքներ և ինչ վտանգներ կարող է դա ունենալ:
«Մխիթարական որևէ բան աշխարհում այս պահին չի կատարվում, մխիթարական այն իմաստով, որ մարդիկ ուզում են մի լավ բան լինի՝ քաոսը նվազի, լարվածություններն ու պատերազմները նվազեն: Սակայն այստեղ որևէ մխիթարական բան չկա, բոլոր գործընթացները ընթանում են հակառակ ուղղությամբ: Թվում է, թե այդ իմաստով «Իսլամական պետության» մոտակա վախճանը կարող է մխիթարական լինել, բայց դա էլ այդպես չէ, որովհետև գրոհայինները այդ տարածքները խլելուց հետո տարածվելու են տարածաշրջանով մեկ: Իսկ հիմնական կանխագուշակվող թիրախները Թուրքիան, Կովկասը, Միջին Ասիան ու Եվրոպան են»:
Ըստ Մանուչարյանի՝ մարդկությունը պետք է մի ֆունդամենտալ բան վերանայի, այս ամենը պատահականություն չէ, կարծես թե հսկայական քանակով ատյաններ կան, որոնք քննարկում են այս հարցերը, փորձում լուծում գտնել, մինչդեռ անընդհատ վիճակը վատթարանում է:
«Այս բոլոր զարգացումների պատճառը նա է, որ մի համակարգ է ստեղծվել, որն ուզում է հարստությունը և ուժը կենտրոնացնել մի ձեռքում և այդ համակարգը գործում է բոլոր տեղերում: Եվ հիմա Թուրքիայի կամ Ադրբեջանի գործողությունները, Նախիջևանի հետ կապված անցուդարձերը այս ուղղությամբ են: Բայց զուգահեռ դրականը նրանում է, որ այս ամեն ինչից խոսում են, այն տարածվում է մարդկության շատ շրջանակներում և դիմադրության, հակառակ տրամաբանությամբ գործող համակարգերն են ավելանում»,– ասաց նա:
Ըստ Մանուչարյանի՝ այն, որ Թուրքիան հերթական պայթյուն թիրախն է, թվում է, թե պետք է հայերին ուրախացնի, որովհետև դա այն ուժն է, որտեղ կատարվել է հայերի ցեղասպանությունը, և մենք միշտ սպասել ենք, որ հատուցում կլինի, եթե ոչ երկրային, գոնե՝ երկնային:
«Բայց բանն այն է, որ այդ պայթյունը ունենալու է ծանրագույն հետևանքներ ողջ տարածաշրջանի համար, առաջին հերթին՝ նաև հայերիս: Նախևառաջ այդ պայթյունի ալիքները տարածվելու են նաև Կովկասով ու Հայաստանով, և երկրորդը՝ Թուրքիայի տարածքում ապրում են մեծ քանակով ծպտյալ հայեր: Ճիշտ է նրանցից շատերը իսլամ են դավանում, մյուսները երազում են քրիստոնեության անցնելու մասին, երրորդներն էլ չգիտեն ով են, ինչ են, ինչպես են, բայց այդ հայկականությունը կա, և այդ մարդիկ նույնպես լինելու են այդ պայթյունի թիրախը»,– ասաց Մանուչարյանը:
Ըստ նրա՝ խնդրի լուծումները այլ կերպ պիտի ընթանան, և նրան ուրախացնում է այն հանգամանքը, որ հիմա մեծ քանակով հանդիպումներ են տեղի ունենում Թուրքիայի կամ Թուրքիան ներառող շրջանակներում: Վերջին այդպիսի հանդիպումը տեղի է ունեցել Բեյրութում, այն Փոքր Ասիայի բնիկ ժողովուրդների կոնգրեսն էր, որի նախաձեռնողը արևմտահայության կառույցներից մեկն էր:
«Այդ ֆորումին ներկա են եղել նաև թուրքեր, և այդպիսի ֆորումները հնարավորություն են տալիս ալտերնատիվ հարթություններում քննարկել ինչ և ինչպես անել: Այսպիսին է իրավիճակը: Նախիջևանն էլ այս տրամաբանության մեջ է, և այն, ինչ կատարվեց, սրացման գործիք է»,– հավելեց նա:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Генеральный директор Ucom Ральф Йирикян вручил сертификаты участникам курса по кибербезопасности
5
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»



