Թուրք զինվորների համար սնունդ արտադրող ընկերությունը պատկանում է Էրդողանի զարմիկին. թունավորված զինվորները խոսել են լրագրողների հետ
МЕЖДУНАРОДНОЕՄանիսա նահանգում սննդային թունավորման հետևանքով հոսպիտալացված թուրք զինվորները իրենց այցելած լրատվամիջոցների ներկայացուցիչներին պատմել են թուրքական բանակում տիրող ամբողջ քաոսի ու սարսափի մասին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մանիսա նահանգի զորամասերից մեկում թունավորվել էր 730 զինվոր:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, զինվորները լրագրողներին բողոքել են, որ զորամասերում իրենց ծեծում են, հրամցնում վատ սնունդ և սպառնում, որ այդ մասին ոչ ոքի չպատմեն:
«Մենք մեր հարազատ քաղաքներից վեր ենք կացել. եկել ենք այստեղ, մեր ծնողները արտասվում են մեզ համար, հիմա նորից մեզ տանելու են, մեզ ծեծելու են: Ուտելիքը վատն է, կեղտոտ են բերում, երբ չենք ուտում, ծեծում են», - պատմել է զինվորներից մեկը:
«Ինչ լինում է՝ մեզ է լինում, որովհետև մի երկու ուսադիր չունենք», - նկատել է մյուս զինվորներից մեկը:
Հիվանդանոցում հայտնված 730 զինվորներից մեկն էլ պատմել է, թե սնունդ արտադրող ընկերությունը, որից իրենց հրամցրել են ուտելիքը, պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զարմիկին:



