Թուրք զինվորների համար սնունդ արտադրող ընկերությունը պատկանում է Էրդողանի զարմիկին. թունավորված զինվորները խոսել են լրագրողների հետ
INTERNATIONAL NEWSՄանիսա նահանգում սննդային թունավորման հետևանքով հոսպիտալացված թուրք զինվորները իրենց այցելած լրատվամիջոցների ներկայացուցիչներին պատմել են թուրքական բանակում տիրող ամբողջ քաոսի ու սարսափի մասին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մանիսա նահանգի զորամասերից մեկում թունավորվել էր 730 զինվոր:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, զինվորները լրագրողներին բողոքել են, որ զորամասերում իրենց ծեծում են, հրամցնում վատ սնունդ և սպառնում, որ այդ մասին ոչ ոքի չպատմեն:
«Մենք մեր հարազատ քաղաքներից վեր ենք կացել. եկել ենք այստեղ, մեր ծնողները արտասվում են մեզ համար, հիմա նորից մեզ տանելու են, մեզ ծեծելու են: Ուտելիքը վատն է, կեղտոտ են բերում, երբ չենք ուտում, ծեծում են», - պատմել է զինվորներից մեկը:
«Ինչ լինում է՝ մեզ է լինում, որովհետև մի երկու ուսադիր չունենք», - նկատել է մյուս զինվորներից մեկը:
Հիվանդանոցում հայտնված 730 զինվորներից մեկն էլ պատմել է, թե սնունդ արտադրող ընկերությունը, որից իրենց հրամցրել են ուտելիքը, պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զարմիկին:



