Արժևորել հայկական գորգագործության անցած ուղին. ՀԲԸՄ-ի Հայ երիտասարդաց ընկերակցությունը կազմակերպել էր ցուցահանդես
КУЛЬТУРА
Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայ երիտասարդաց ընկերակցության «Անդրանիկ» մշակութային միությունը կազմակերպել էր դասախոսություն – ցուցահանդես հայկական գորգագործության անցած ուղին ներկայացնելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայ երիտասարդաց ընկերակցության լրատվական ծառայությունից:
Միջոցառմանը ներկա գծագրիչ, դոկտոր Հարություն Նիկոլեանը ներկայացրել է հայկական գորգերի տիպերը, դրանց առանձնահատկությունները, զարդանախշերը:
«Աշխարհի հնագույն գորգը հայտնաբերվել է Հարավային Ռուսաստանում եւ ապացուցված է, որ այն հյուսվել է Հայաստանի տարածքում: Ներկայումս այն դրված է ցուցադրության Սանկտ Պետերբուրգի ազգային թանգարանում»,-ասել է Հարություն Նիկոլեանը:
Նա նշել է, որ Արթիկի շրջանում հայտնաբերվել է 3000 տարվա հնությամբ հայկական գորգերի նմուշներ, իսկ Կարմիր Բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերվել է ավելի քան 2700 տարվա հնությամբ գորգերի նմուշներ: Հարություն Նիկոլեանը նկատել է, որ պատմության մեջ մի քանի առիթներով, Ասորեստանի, Պարսկաստանի թագավորները Հայաստանից զանգվածային բռնագաղթեր են կազմակերպել, որպեսզի հայերն իրենց երկրների մեջ գորգ գործեն:
Հարություն Նիկոլեանը հայտնել է, որ այսօր Սինգապուրում, Հնդկաստանում, Պարսկաստանում, Եվրոպայում եւ այլ վայրերում կարելի է տեսնել հայկական արժեքավոր գորգերի նմուշներ:




















































