Ռոզա Ծառուկյանը դրամական օգնություն է հանձնել Նոյեմբերյանի զոհված ազատամարտիկների ընտանիքներին
ВИДЕО
Քսանվեց տարի առաջ՝ Ոսկեպարի անտառում, հայրենիքի սահմանը պաշտպանելու մեկնող նոյեմբերյանցի 14 ոստիկան-ազատամարտիկ զոհվեց Խորհրդային զինուժի հարձակումից: Հայրենիքի պաշտպանության մեկնած Վահրամ Աղաբաբյանը նրանցից մեկն էր: Ամեն տարի հերոսի այրին՝ տիկին Անահիտը, այցելում է ամուսնու հիշատակը հավերժացնող հուշակոթող, ծաղիկներ է դնում հուշակոթողին և ամուսնու կորստի ցավը մի կերպ մեղմելով՝ հպարտանում է, որ կարողացել է միայնակ հերոսին արժանի զավակներ մեծացնել. «Իմ ամուսինը 27 տարեկան էր, երբ զոհվեց Ոսկեպարում: Ուղիղ մեկ տարի ծառայեց ՆԳ բաժնում, երբ վրա հասավ այդ դժբախտ դեպքը»: Տիկին Անահիտը հպարտանում է նաև, որ, ի դեմս Ծառուկյան ընտանիքի անդամների, կան մարդիկ, որոնց շնորհիվ հայրենիքի պաշտպանության համար ընկած ազատամարտիկների ընտանիքներն իրենց միայնակ չեն զգում.
«Միակ ընտանիքը, միակ բարեգործական ընկերությունն է, որ ամեն տարի հիշում է մեր ընտանիքներին, արհամարհված չենք զգում մեզ: Մենք էլ չենք կոտրվելու. գիտենք, որ Ծառուկյան Գագիկ, Ծառուկյան Ռոզա կան մեր թիկունքում»:
2005 թվականից սկսած՝ ամեն տարի, մայիսի 6-ին, Նոյեմբերյանի ոստիկան-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթող է այցելում նաև Ռոզա Ծառուկյանը, ծաղիկներ ու ծաղկեպսակ դնում նրանց շիրմաքարերին, մեկ րոպե լռությամբ հարգում է հայրենիքի համար կյանքը զոհասեղանին դրած նոյեմբերյանցի հերոսների հիշատակը:
«2005 թվականից առ այսօր յուրաքանչյուր տարի ես իմ հոգու պարտքն եմ համարել՝ իմ որդու հետ միասին մայիսի 6-ին գալ, ցավակցել, շնորհակալություն հայտնել, խոնարհվել նրանց ծնողների, կանանց, ընտանիքների առաջ: Ասելու, որ նրանց արյան գնով ստեղծվեց ազատ-անկախ Հայաստանը, որտեղ մենք գործելու, աշխատելու, արարելու իրավունք ստացանք: Քանի ես ողջ եմ, կարողանում եմ, անպայման գալու եմ՝ մայիսի 6-ին ձեզ հետ միասին իմ խոնարհումը ներկայացնելու մեր անմեղ զոհերի հիշատակին»:
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Ռոզա Ծառուկյանը դատարկաձեռն չէր եկել Նոյեմբերյան: Զոհված ընտանիքներին աջակցելու գեղեցիկ ավանդույթը չխախտելով՝ նա «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից դրամական օգնություն հատկացրեց ազատամարտիկների մայրերին ու կանանց՝ ի նշան երախտագիտության:
Իրենց հերթին էլ ազատամարտիկների հարազատները Ռոզա Ծառուկյանին հանձնեցին խորհրդանշական նվեր՝ մշտապես իրենց կողքին լիենելու և աջակցելու համար: Ռոզա Ծառուկյանը խոստացավ, որ մայրերի ու կանանց խորհրդանշական նվերն անպայման տեղ կգտնի իր անվան թանգարանում: Ռոզա Ծառուկյանի հանդիպումը՝ ազատամարտիկների ընտանիքների անդամների հետ ավարտվեց սեղանի շուրջ՝ ջերմ ու անմիջական մթնոլորտում:
Մանրամասները՝ տեսանյութում:




















































