Փաշինյանն աղբատարի հարցով զանգահարեց համատիրության ղեկավարին. «Ելք»-ի քարոզարշավը Նոր Նորքում
ОБЩЕСТВОԵրևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ելք» դաշինքի անդամները հանդիպումներ են ունեցել Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ: Դաշինքի ներկայացուցիչները` քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շրջել են Նոր Նորք վարչական շրջանի տարբեր թաղամասերում, եղել են շենքերի բակերում և քաղաքացիներին ներկայացրել են իրենց ծրագրերն ու Երևանի զարգացման իրենց տեսլականը:
«Ելք» դաշինքի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը, դիմելով ընտրողներին, նշեց, որ մայիսի 14-ին նրանք հնարավորություն ունեն Երևանում հաստատել հաշվետու, արդյունավետ ու ժողովրդի իշխանություն: «Դրա համար անհրաժեշտ է, որ մայիսի 14-ին դուք գնաք ընտրական տեղամասեր և քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին: Սիրելի հայրենակիցներ, մայրաքաղաքի հպարտ քաղաքացիներ, մայիսի 14-ին գնացեք ընտրական տեղամասեր և քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին: Եվ չհուսահատվեք, սիրելի հայրենակիցներ, որովհետև ելք կա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Փաշինյանը:
Քարոզարշավի ընթացքում «Ելք» դաշինքի անդամները պարզեցին, որ շենքերից մեկի աղբատարն արդեն 2 շաբաթ խցանված է, իսկ խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում: Նիկոլ Փաշինյանը տեղում պարզեց տվյալ շենքը սպասարկող համատիրության նախագահի հեռախոսահամարը, զանգահարեց ու տեղյակ պահեց վերջինիս խնդրի մասին: Համատիրության նախագահից ստանալով խոստում, որ խնդիրը շատ արագ կլուծվի` Փաշինյանը շնորհակալություն հայտնեց և նաև հավելեց, որ անպայման ստուգելու է` լուծվե՞լ է խնդիրը, թե ոչ:
Այնուհետև Փաշինյանը բնակիչներին հայտնեց, որ խոսել է համատիրության նախագահի հետ, ով խոստացել է մինչև առավոտ լուծել խցանված աղբատար խողովակի հարցը: «Իհարկե, ես վաղը կստուգեմ, բայց նաև դուք իմացեք, որ այսպիսի պայմանավորվածություն կա»,- ասաց Երևանի քաղաքապետի թեկնածուն:
Բնակիչներից մեկը քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանին փոխանցեց, որ նրան Ազգային ժողովում է ցանկանում տեսնել, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Երևանի ավագանի ընտրություններում հաջողության դեպքում իրենք պահպանելու են խորհրդարանում իրենց դիրքը պահպանելուց բացի շատ լուրջ լծակներ են ստանալու:



