Զինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված մրցաշարում կխաղարկվի 24 մեդալ
ОБЩЕСТВОԶինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված մրցաշարը մեկնարկել է ապրիլի 14-ից և կտևի մինչև ապրիլի 16-ը: Մրցաշարն ամենամյա է, նախաձեռնողն ու իրականացնողը Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանն է, կազմակերպվում է արդեն 6-րդ անգամ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, մրցաշարը պլանավորված էր դեռ Զ. Սիմոնյանի կենդանության օրոք, նա ինքը մասնակցում էր նախապատրաստական աշխատանքներին, մրցմանը պետք է մասնակցեին հրաձգության վետերանները և առաջին կրակոցը պետք է կատարեր հենց լեգենդար մարզուհի Զ. Սիմոնյանը: «Ամեն-ինչ արվել է պլանավորվածի պես, սակայն ցավոք արդեն առանց Զ. Սիմոնյանի: Վետերանների մրցաշարից հետո ամեն տարի մրցմանը մասնակցում են հանրապետության լավագույն մարզիկները: Յուրաքանչյուր մրզիկի համար մեծ պատիվ է Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարին մասնակցելը և յուրաքանչյուրը ջանում է հնարավորինս լավ մասնակցել»,- ասված է հայտարարության մեջ:
Մարզիկները կմրցեն գնդակային հրաձգության օդամղիչ բոլոր վարժություններից` հրացան, ատրճանակ, վազող թիրախ` նորմալ և խառը վազք: Ընդհանուր թվով կխաղարկվի 24 մեդալ: Հաղթող մարզիկները կարժանան դրամական պարգևի, դիպլոմի ու մեդալի, կպարգևատրվեն նաև հաղթող մարզիկների անձնական մարզիչները:
Սպորտային հրաձգության միջազգային ֆեդերացիայի կողմից հաստատված նոր կանոնակարգի համաձայն` մրցումների ժամանակ ցածրաձայն հնչում է երաժշտություն, որի նպատակն է հետաքրքրացնել մարզաձևը: Հայաստանը նույնպես առաջնորդվում է նոր կանոնակարգով, և արդեն 2-րդ անգամ մրցումներն անց են կացվում երաժշտության ներքո:
Մրցմանը մասնակցում է 75 մարզիկ հետևյալ կազմակերպություններից՝ Յուրի և Զինաիդա Սիմոնյանների անվան հրաձգության մարզադպրոց, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, Հրաձգության հանրապետական մարզադպրոց, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոց, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր:
Զինաիդա Սիմոնյանն Աշխարհի 4-ակի, Եվրոպայի 16-ակի, Խորհրդային միության և Հայաստանի բազմակի չեմպիոն է, 50-ից ավելի ռեկորդների հեղինակ, Սպորտի վաստակավոր վարպետ:



