Ազատության հրապարակում իր մեկնարկը տվեց «Ո՛չ»-ի շարժումը. լուսանկարներ
ПОЛИТИКАԻնչպես հայտնում է Past.am-ը, Երևանի Ազատության հրապարակում «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը հոկտեմբերի 2-ին հրավիրեց հանրահավաք՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների: Հանրահավաքին ելույթ ունեցան «Չե՛ք անցկացնի»-ի երիտասարդները, ինչպես նաև ընդդիմադիր ՀԱԿ, «Ժառանգություն» և այլ ուժերի ներկայացուցիչներ:
«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը ներկաներին ասաց. «Ամբողջ հասարակությունը դեմ է փոփոխություններին` այդ թվում և իշխանության միջին ու ստորին օղակները, նաև միջազգային հանրությունը, բայց իմացեք, որ դուք եք առաջին ճակատը»:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ ընդգծեց հետևյալը. «Քիչ ենք, որովհետև կարծում եմ, այլ ուղերձ է պետք հասարակությանը: Հասարակությունը բացառապես մեկ խնդիր ունի լուծելու, դա արմատական համակարգային փոփոխություններն են, որոնք պետք է սկսեն իշխանափոխությունից: Իսկ իշխանափոխություն առանց միասնության հնարավոր չէ»:
Ըստ Մարտիրոսյանի՝ եթե նույնիսկ այսօր իշխանությունները հրաժարվեն սահմանադրական փոփոխություններից, երկրի առաջ ծառացած խնդիրները չեն վերանա: Հանրահավաքի մեկ այլ ելույթ ունեցող՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն իր խոսքում նշեց, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է պահպանել իր իշխանությունը՝ քանդելով կիսանախագահական համակարգը:
«Ականատես ենք, թե ինչպես են մարդիկ դավաճանում իրենց սկզբունքներին, գնում նախագահի նստավայր` քննարկելու սահմանադրական փոփոխությունները, որպեսզի կառավարությունում տեղ ունենան:
Այսօր ոչ թե Ազգային ժողով է, այլ բիզնես ֆորում, նրանց համար քծնանքն ապրելու միջոց է, ո՞վ է սրա դեմն առնելու: Այս ավանտյուրան վնասելու է Հայաստանի արտաքին վարկին, քայքայելու է Հայաստանի անվտանգությունը »,- ասաց Արամ Մանուկյանը:
Հիշեցնենք , որ երկուշաբթի՝ հոկտեմբերի 5-ին, Սահմանադրության նոր նախագիծը կդրվի ԱԺ-ի քվեարկության: «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության ներկայացուցիչ Արշակ Մուսախանյանը տեղեկացրեց, որ այդ օրն իրենք նախատեսում են Ազգային ժողովի դիմաց իրականացնել բողոքի ակցիա: Իսկ այսօրվա հանրահավաքն ավարտվեց երթով:



Լևոն Փանոսյան



