«Երգող Հայաստան» երգչախմբերի մրցույթի հաղթողները դրամական պարգևների կարժանանան
ОБЩЕСТВОՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մարտի 25-ից մեկնարկել է «Երգող Հայաստան» խորագրով մանկապատանեկան երգչախմբերի 9-րդ հանրապետական մրցույթը: Մրցույթի մասին ապրիլի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին մրցույթի կազմկոմիտեի նախագահ, խմբավար, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի խորհրդական, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը և ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանը:
«Այս ծրագիրն իրականացվում է 2001 թվականից և նպատակ ունի զարգացնել երգչախմբային արվեստը, տարածել և հանրահռչակել հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն ու նպաստել մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությանը»,-«Արմենպրես»
Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել Հայաստանի և Արցախի հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների, մանկապատանեկան, ստեղծագործական կենտրոնների, հայորդաց տների, մշակութային և հասարակական կազմակերպությունների շուրջ 70 մանկապատանեկան երգչախմբեր:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով և երկու կարգով`
Կարգ Ա-Երաժշտական և արվեստի դպրոցների երգչախմբեր (կրտսեր և ավագ),
Կարգ Բ-Հանրակրթական դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, հայորդաց տների, մշակութային և հասարակական կազմակերպությունների երգչախմբեր:
«Մրցույթում կա մի կարևոր սկզբունք, որի համաձայն` երեխաները պետք է կատարեն նաև հայ կոմպոզիտորների գործեր: Մրցույթի համար գրվել է երեք ստեղծագործություն. կոմպոզիտոր Ստեփան Շաքարյան, խոսք` Յուրի Սահակյանի (փոքր տարիքի խմբի համար), կոմպոզիտոր Վարդան Աճեմյան, խոսք` Ավետ Բարսեղյանի (հանրակրթական դպրոցների համար), կոմպոզիտոր` Վարդ Մանուկյան, խոսք` Կարո Վարդանյանի»,- ասաց Դավիթ Ղազարյանը:
Նրա խոսքով` մրցույթը փաստում է այն հանգամանքը, որ դրա շնորհիվ երգչախմբերի գեղարվեստական մակարդակը բարձրացել է:
Ղազարյանն ընդգծեց, որ լուրջ խմբավարական դպրոց է աշխատում ժյուրիի կազմում: «Յոթ հոգուց բաղկացած ժյուրին գլխավորում է արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Իվան Վարդանյանը»,-ասաց նա:
Հաղթող երգչախմբերին կտրվեն դիպլոմներ և դրամական պարգևներ:
Մրցույթի առաջին փուլն անցկացվում է մարտի 25-ից ապրիլի 15-ը` ՀՀ մարզերում, Արցախում և Երևանում, 2-րդ փուլը` ապրիլի 29-30-ը Երևանում: Մրցանակների հանձնումը և գալա համերգը կկայանա մայիսի 9-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում:
Մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանի երաժշտական ընկերությունը, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան, Երևանի քաղաքապետարանը:



