Շուտով կծնվի նրա 2-րդ երեխան. «Ուրալի» վթարից ծանր վիրավորված զինվոր Մարտին Զոմչյան
ОБЩЕСТВОarmtimes.com-ը գրում է.
Երեկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին Պաշտպանության նախարարության «Ուրալ» մակնիշի ավոտմեքենայի վթարի հետեւանքով վիրավորված զինծառայողներից մեկի՝ Մարտին Զոմչյանի վիճակը ծանր է: Նա տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանն ընդգծեց, որ պայմանագրային Զոմչյանը հիմնական վնասվածքները ստացել է գլխի շրջանում, ինչով էլ պայմանավորված է նրա վիճակի բարդությունը: Նշենք, որ 28-ամյա Մարտին Զոմչյանը Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից է, ամուսնացած է, մեկ անչափահաս երեխա ունի, շուտով կծնվի նաեւ երկրորդ երեխան:
Մարտին Զոմչյանի եղբայրը՝ Միքայել Զոմչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին ինքը հիվանդանոցում է, որեւէ հստակ տեղեկություն չունի եղբոր վիճակի մասին:
«Շատ վատ վիճակում է, չեմ կարող ստույգ որեւէ բան ասել: Վերակենդանացման բաժանմունքում է, վիրահատություն են արել, բժիշկներն ասում են՝ նորմալ է, բայց չգիտենք՝ դա մեզ հույս տալու համա՞ր են ասում, թե՞ իրականում նորմալ է»,- ասաց Միքայելը:
Խոսելով Մարտինի ստացած վնասվածքների մասին՝ եղբայրը նշեց, որ վնասվածքներ կան ինչպես գլխի շրջանում, այնպես էլ դեմքի, ոտքի եւ աղիների:
«Ես էլ եմ պայմանագրային զինծառայող, եղբայրս էլ: Մեր հայրենիքն է, չենք կարող չպաշտպանել: Այնպես չի, որ զուտ ընտանիք պահելու համար է, ճիշտ է, դա էլ կա, դա առաջնային է, բայց սիրում ենք զինվորականի համազգեստը եւ մեր պարտքն ենք համարում: Չգիտեմ ինչու այսպես ստացվեց»,- ընդգծեց Միքայել Զոմչյանը:
Հիշեցնենք, որ ՈՒՐԱԼ եւ Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները բախման հետեւանքով շրջվել էին: Վթարի հետեւանքով շուրջ 10 զինվոր էր վիրավորվել:
Մեր հարցին, թե ի՞նչ վիճակում են մյուս զինծառայողները՝ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ նրանցից եւս մեկը հոսպիտալացման կարիք ուներ, նա գտնվում է Վարդենիսի հոսպիտալում, վիճակը նորմալ է: «Այս պահին եւս 4-5 հոգի կան Վարդենիսի հոսպիտալում, նրանք շուտով դուրս կգրվեն»,- ասաց Հովհաննիսյանը:



