Չինովնիկների ինքնասպանություններ Ադրբեջանում. հետազոտություն
ОБЩЕСТВОԱդրբեջանում ինքնասպանությունները տարեցտարի շատանում են: Դրա հիմնական պատճառներից մեկը բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի ծանրացումն է. վարկային ճահճի մեջ մարդկանց խեղդվելը որպես վերջին միջոց նրանց մղում է ինքնասպանության:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, qaynar.info-ի անցկացրած հետազոտության համաձայն' վերջին երկու տարիներին Ադրբեջանում մեծացել են նաև պաշտոնատար անձանց ինքնասպանության դեպքերը:
Օրինակ' անցյալ տարվա հուլիսին իրեն կախել է Շաբրանի շրջանի բնակիչ, 1988 թվականին ծնված Էլվին Զաքիևը: Նա Շաբրանի շրջանի Չոլգուշչու գյուղի փոստատան տնօրենն էր:
2014 թվականի սեպտեմբերին իրեն կախել էր Գյոյչայի շրջանի Գարաբաքալ համայնքի 61-ամյա պետ Մահմուդ Շըխմամեդովը: Գարաբաքալը միավորում է Չայարխը, Գարաբաքալ և Հաջալըքենդ գյուղերը: Շիխմամեդովը կախվել էր իր սեփական տան անասնագոմում:
2015 թվականի հուլիսին քացախաթթու խմելով ինքնասպանություն է գործել Քյուրդամիրի շրջանի Ջուր-ջրանցքի վարչության պետ Թարիել Քարիմովը:
Անցյալ տարվա մարտին Բաքվի Նիզամիի շրջանում ինքնասպանություն է գործել երեք երեխաների 46-ամյա հայր Ասլան Զեյնալովը: Նա Նիզամիի շրջանի գործադիր իշխանության ճանապարհների ցանցի մաքրության բաժնի պետն էր:
Անցյալ տարվա հոկտեմբերին կախվելով ինքնասպանություն էր գործել Ղազախի շրջանի Քայմաքլը գյուղի բուժկետի գլխավոր բժիշկ Փանահ Մամեդովը:
2014 թվականի դեկտեմբերին հրազենով կյանքին վերջ էր դրել Գորանբոյի շրջանի երաժշտական դպրոցի տնօրեն Յոլչու Մամիշևը: Նա այդ քայլին էր դիմել մեծ չափի պարտք ունենալու պատճառով, որը չէր կարողանում վերադարձնել:
2013 թվականին Ադրբեջանում ինքնասպանություն էր գործել դպրոցի ևս մեկ տնօրեն' Գուբայի շրջանի Մուչու գյուղի միջնակարգ դպրոցի 43-ամյա ղեկավար Ալիաղա Էյվազովը: Նա իրեն կախել էր դպրոցի գրադարանում: Նույն տարվա հունվարին սեփական տան բակում ծառից կախվելով ինքնասպանություն էր գործել Գըզըլղաչ գյուղի միջնակարգ դպրոցի 59-ամյա տնօրեն Ֆաթուլլա Իսմայիլովը:
2015 թվականի հուլիսի 19-ին սեփական բակում կախվելով կյանքին վերջ էր դրել «Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ» ընկերության Շիրվան քաղաքում գտնվող վարչության գլխավոր հաշվապահ Ռամզի Քարիմովը:
Կայքը նշում է, որ թվարկվածները չեն արտացուլում վերջին երկու տարվա ընթացքում Ադրբեջանում պաշտոնատար անձանց ինքնասպանությունների ամբողջ թիվը:
«Հետազոտությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանում պաշտոնատար անձանց ինքնասպանությունների հիմնական պատճառն իրենց վերադասների կողմից կոռուպցիոն և այլ կարգի ճնշումների ենթարկվելն է:
Օրինակ' Քյուրդամիրի շրջանի Ջուր-ջրանցքի վարչության պետ Թարիել Քարիմովի ինքնասպանության դիմելու պատճառը կապվում է շրջանի գործադիր ղեկավարի հետ ունեցած տարաձայնության հետ:
Պաշտոնատար անձանց ինքնասպանությունները կապվում են նաև իրենց ղեկավարած կառույցներում կոռուպցիոն ստուգումներ սկսվելու հետ' վախենալով խոշոր յուրացումների հայտնաբերումից, որին նրանք գնացել են վերադասի ճնշման տակ:
«Մի խոսքով, Ադրբեջանում ինքնասպանության դեպքերը սոցիալ-տնտեսական ծանր դրությունից փրկվելու միջոց չէ միայն շարքային քաղաքացիների համար, այն հաճախ միակ վերջին միջոց է հանդիսանում նաև պաշտոնատար անձանց համար»,- գրում է կայքը:
Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2015 թվականի սկզբից մինչ այժմ այդ երկրում ինքնասպանության 154 դեպք է տեղի ունեցել, որից 11-ն անչափահասներ են եղել:
2014 թ. Ադրբեջանում 240 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 50-ն անչափահասներ են եղել: 14 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:
Ադրբեջանում 2010 թվականին երեխաների ինքնասպանության 51 դեպք է գրանցվել, 2011 թվականին' 28, 2012 թվականին' 60, 2013 թվականին' 71 դեպք:



