Մնում էր «թախտաբիթիների» հարցը քննարկենք. ՀՀԿ խոսնակը Ադրբեջան փախած Վ.Մարտիրոսյանին այլ որակումներ էլ տվեց
ПОЛИТИКАԱդրբեջանում հայտնված «Ներազգային ազատագրական շարժման» «հերոս» Վահան Մարտիրոսյանը գող է, բանսարկու, ավազակ, անհասկանալի անձնական կյանք ու հոգեկան շեղումներ ունեցող անձ, որը 2005 թվականից հաշվառված է նյարդահոգեբուժական դիսպանսերում:
Այս մասին երեկ Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ,ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, թե Բաքվում Հայաստանի ու Հայոց բանակի դեմ չակերտավոր փաստեր ներկայացնող Վահան Մարտիրոսյանի հարցը քննարկվել է:
«Մնում էր «թախտաբիթիների» ու «տառականների» հարցերին անդրադառնայինք»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
ՀՀԿ խոսնակը մամուլից է տեղեկացել, որ այս մարդը խնդիրներ ունի, 2005 -ից նյարդահոգեբուժական դիսպանսերում հաշվառված է, և, առհասարակ, «խարդախության և բանսարկությունների մեծ հերոս է»: Գումարած ընտանեկան կարգավիճակը` 3 անգամ ամուսնացած ու բաժանված:
«Արաբկիր բաժնում քրեական գործ է հարուցվել, այն ընտանիքը, որը նրան ապաստան էր տվել իր «փախած» լինելու օրերին, նա այդ կնոջից 4000 ԱՄՆ դոլար է գողացել»,- հավելեց ՀՀԿ խոսնակը:
Անդրադառնալով Վահան Մարտիրոսյանի` Բաքվում արված հայտարարություններին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նա պարզապես կրկնում է այն, ինչ տարիներ շարունակ ասում է Ադրբեջանի քարոզչական մեքենան, որն այսօր հայտնվել է ոչ բարենպաստ իրավիճակում, երբ եվրոպական, միջազգային կառույցները , Եվրախորհրդարանը մերժում, բոյկոտում են Ադրբեջան պետությանը:
«Ադրբեջանը հայտնվել է խաղից դուրս իրավիճակում, և բնականաբար, եթե իրենք ուրախանում են, որ անհայտ ռեպուտացիա ունեցող ինչ-որ մեկին տալիս են չակերտավոր փաստեր, և նա դրանք կարդում է, եթե դրանից Ալիևը մեծ հաճույք է ստանում, ինչ ասեմ` շնորհավորում եմ: Եթե ուրախանում են, ապրեն իրենք»,- ասաց ՀՀԿ խոսնակը:



