Երևանի հյուրանոցները հրաժարվում են «Չե´ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամներին համաժողովի համար դահլիճ տրամադրել
ОБЩЕСТВО«Չե´ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամներին Երևան քաղաքի մի շարք հյուրանոցներ հրաժարվում են հանդիսությունների սրահ տրամադրել «Ո´չ»-ի ճակատի համաժողով անցկացնելու համար: Այս մասին Past.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը:
Նախաձեռնությունը տրամադրել է այն հյուրանոցների ցանկը, որոնք կա´մ նախապես համաձայնել, ապա հրաժարվել են իրենց հանդիսությունների սրահ տրամադրել, կա´մ էլ անմիջապես մերժել են տարածք տրամադրել:
Ըստ այդ ցանկի՝ նախաձեռնությանը հրաժարվել են դահլիճ տրամադրել «Մարիոթ Արմենիա», «Անի Պլազա», «Գոլդեն Թյուլիփ», «Հիլթոն», «Էրէբունի Պլազա», «Հայաթ», «Էլիտ Պլազա», «Երեւան Պլազա» «Օպերա Սյուիտ» հյուրանոցները եւ Մոսկվայի տունը: Նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանն այս ամենը ոչ թե համարում է պատահականություն, այլ սրանում միտում է տեսնում, քանի որ համաժողովում քննարկվելու են Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեմ ուղղված քայլերը:
Նշենք, որ նախաձեռնությունն ավարտել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քաղաքական ուժերի հետ հանդիպումները, և միջոցառմանը ներկա են լինելու նաև Հայ ազգային Կոնգրեսի, «Ժառանգության», Հայաստանի ժողովրդական կուսակցության, Հիմնադիր խորհրդարանի և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Գևորգ Գյոզալյանը Past.am-ի հետ զրույցում հայտնել էր 20 անվանի փաստաբանների և «Չե´ք անցկացի» նախաձեռնության՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների համագործակցության մասին: Հովհաննիսյանը նշեց, որ համագործակցությունը շարունակվում է, և եթե փաստաբանները մինչև «Չե´ք անցկացնի»-ի մարզային այցելությունները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ բրոշյուրներ պատրաստեն, ապա իրենք այդ բրոշյուրների միջոցով ևս քաղաքացիներին կտեղեկացնեն սահմանադրական փոփոխությունների վտանգի մասին:
Արաքս Մամուլյան



