«Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցը բաց է բոլորի համար անկախ քաղաքական պատկանելիությունից. ընդունելության մեկնարկը տրված է
SOCIETYՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ընդունելության մեկնարկի մասին: Անվճար հիմունքներով գործող դպրոցը դասընթացի առաջին փուլը սկսելու է նոյեմբերից:
«Քաղաքական դպրոցներ ունենալու ավանդույթը կա բազմաթիվ եվրոպական կուսակցությունների մոտ, եւ օգտվելով լավագույն միջազգային փորձից՝ ՀՀԿ-ն նույնպես այս որոշումը կայացրեց: Ամիսների ընթացքում համապատասխան նախաձեռնող խմբի հետ աշխատել ենք ուսումնական պլանի, դասախոսների ցանկի վրա, ինտենսիվ համագործակցել նաեւ մեր միջազգային գործընկերների հետ, մասնավորապես հատուկ փոխայցելություններ են եղել Ավստրիա: Համագործակցության հեռանկարներ կան գերմանական քրիստոնեա-դեմոկրատական միության Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ, «Միասնական Ռուս աստան» կուսակցության քաղաքական դպրոցի հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց կուսակցության փոխնախագահը:
Նրա խոսքով՝ դպրոցի նպատակը նախեւառաջ կուսակցական կադրերի վերապատրաստումը եւ հմտությունների կատարելագործումն է: Դպրոցն ընդունելության է հրավիրում ոչ միայն հանրապետականներին:
«Դպրոցը բաց է լինելու բոլորի համար՝ անկախ քաղաքական պատկանելությունից»,-տեղեկացրեց Արմեն Աշոտյանը:
Քաղաքական դպրոցի ուսումնական ծրագիրը բաղկացած է լինելու երկու փուլից՝ բազային դասընթաց եւ վերապատրաստումներ՝ կապված տարբեր ընթացիկ քաղաքական, հասարակական զարգացումների հետ:
«Դասընթացներին կարող են մասնակցել 20-29 տարեկան անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն կամ այն ստանալու ճանապարհին են: Համապատասխան փաստաթղթերի ցանկի մեջ ներառել ենք նաեւ մոտիվացիոն նամակ, որում դիմորդները պետք է նշեն, թե ինչու են ցանկանում մասնակցել դասընթացներին»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը՝ նշելով, որ ակնկալում են ունենալ շատ դիմորդներ, սակայն սահմանել են սահմանափակ թվով դիմորդների ընդունելություն:
«Նախատեսել ենք առայժմ կազմել մեկ խումբ, իսկ մեծաքանակ դիմումներ ստանալու դեպքում հնարավոր է՝ բացվի նաեւ երկրորդ խումբը: Քաղաքական դպրոցում դասավանդելու են քաղաքական գործիչներ՝ հանրապետականներ եւ ոչ միայն, փորձագետներ, բուհերի դասախոսներ, պրոֆեսորներ»,-նշեց նա:
Լրագրողների հարցին, թե արդյոք ընդդիմադիր քաղաքական գործիչներ եւս դասավանդելո՞ւ են, Արմեն Աշոտյանը չցանկացավ մանրամասն անդրադառնալ:
Դասընթացների մասնակցելու համար հայտադիմումների վերջնաժամկետ է սահմանված հոկտեմբերի 20-ը:



