Սիրիայում Թուրքիայի գործողություները որոշակիորեն շահեկան են Իրանի համար. «Արեւելագետ»
INTERNATIONAL NEWSԻրանը որեւէ քայլ չի ձեռնարկում Սիրիայում, քանի որ այդ երկրում Թուրքիայի գործողությունները, որքան էլ տարօրինակ հնչեն, որոշակիորեն Իրանի շահերից են բխում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց հայտնի արեւելագետ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:
Նրա խոսքով՝ քրդական հարց կա: «Իսկ թուրքական զինված ուժերը Սիրիայի հյուսիսում հիմնականում պայքարում են քրդերի հետ: Ըստ էության՝ այդ գործողությունների սկզբում նախապես խորհրդակցություններ են անցկացվել ռուսական կողմի հետ»,- նշեց Գառնիկ Ասատրյանը:
Անդրադառնալով Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտության մասին իրանական կողմի հայտարարությանը՝ իրանագետը նշեց, որ դա կարող էր ձեւական բնույթ կրել: «Ամեն դեպքում՝ թուրքական ուժերը Սիրիայի տարածք մտան: Բայց հազիվ թե Իրանը որեւէ քայլ ձեռնարկի այդ ուղղությամբ»,- հավելեց Ասատրյանը:
Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին հայտարարել էր, որ Իրանն անհանգստացած է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների առիթով: «Թուրքական բանակը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները տարածաշրջանում»,- ասել է Քասեմին:



