Սիրիայում Թուրքիայի գործողություները որոշակիորեն շահեկան են Իրանի համար. «Արեւելագետ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը որեւէ քայլ չի ձեռնարկում Սիրիայում, քանի որ այդ երկրում Թուրքիայի գործողությունները, որքան էլ տարօրինակ հնչեն, որոշակիորեն Իրանի շահերից են բխում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց հայտնի արեւելագետ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:
Նրա խոսքով՝ քրդական հարց կա: «Իսկ թուրքական զինված ուժերը Սիրիայի հյուսիսում հիմնականում պայքարում են քրդերի հետ: Ըստ էության՝ այդ գործողությունների սկզբում նախապես խորհրդակցություններ են անցկացվել ռուսական կողմի հետ»,- նշեց Գառնիկ Ասատրյանը:
Անդրադառնալով Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտության մասին իրանական կողմի հայտարարությանը՝ իրանագետը նշեց, որ դա կարող էր ձեւական բնույթ կրել: «Ամեն դեպքում՝ թուրքական ուժերը Սիրիայի տարածք մտան: Բայց հազիվ թե Իրանը որեւէ քայլ ձեռնարկի այդ ուղղությամբ»,- հավելեց Ասատրյանը:
Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին հայտարարել էր, որ Իրանն անհանգստացած է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների առիթով: «Թուրքական բանակը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները տարածաշրջանում»,- ասել է Քասեմին:



