Զինյալները գնդակոծման են ենթարկել Հալեպի բնակելի թաղամասերը. SANA
INTERNATIONAL NEWSԶինված ընդդիմության ուժերը համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից գնդակոծման են ենթարկել Հալեպի բնակելի թաղամասերը, որոնք գտնվում են սիրիական բանակի պաշտպանության ներքո, տեղեկացնում է«Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել է SANA գործակալությունը՝ հղում անելով ոստիկանական վարչության ներկայացուցչին, արկերը պայթել են առավելապես Էլ Համդանիա եւ Սալահ էդ Դին շրջաններում, ինչպես նաեւ Էզ Զահրա արեւմտյան արվարձանում: Զոհվել են չորս խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ մի կին, եւս 24-ը վերքեր են ստացել:
Հուլիսի 31-ին՝ Հալեպում մարտական գործողությունների ակտիվացման պահից, քաղաքում գնդակոծումների զոհ են դարձել 198 բնակիչներ, եւս 834-ը վերքեր են ստացել:
Քաղաքի հարավային եւ հարավարեւմտյան արվարձաններում սիրիական բանակը օգոստոսի 22-ին գրավել է ռազմավարական երկու բարձունքների եւ փակել Ռամուս արվարձանով անցնող ճանապարհը, որը ելուզակախմբերն օգտագործում էին քաղաքի արեւելյան թաղամասեր թափանցելու համար: Հրետանին հարվածներ է հասցրել «Ջեյշ ալ Ֆաթըհ» զինված կոալիցիայից ջիհադականների թիկունքային հենակետերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



