Գեղարքունիքում մեղրաքամն ընթանում է լավ արդյունքներով
SOCIETYԳեղարքունիքի մարզի մեղվաբուծական տնտեսություններում մեղրաքամը սկսվել եւ ընթանում է օգոստոսի առաջին օրերից:
Առանձին մեղվաբուծական տնտեսություններից ստացված տվյալներով՝ մեղրաքամի արդյունքները գոհացուցիչ են: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի, Վարդենիսի, Մարտունու, Ճամբարակի եւ Սեւանի տարածաշրջանների համայնքների մեղվաբուծական որոշ տնտեսություններից՝ մեկ մեղվափեթակի լավագույն բերքատվությունը կազմել է մինչեւ 30, վատագույնը՝ մինչեւ 4-5 կիլոգրամ:
ՀՀ վիճակագրության ազգային ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության պետ Հակոբ Բադալյանի հավաստմամբ՝ միջին բերքատվության մոտավոր եւ հավաստի ցուցանիշ կարելի է համարել 15-20 կիլոգրամը:«Սա շատ բարձր ցուցանիշ չի կարելի համարել, սակայն ցածր ցուցանիշ էլ չի կարելի ընդունել:Կարելի է ասել, որ մեղվաբույծները բերքը հավաքում են լավ արդյունքներով»-նշեց Հակոբ Բադալյանը:Ստացած բերքից իրենց գոհունակությունն են հայտնում նաեւ մեղվաբույծները:
«Մեկ մեղվափեթակից ստանում եմ 20-30 կիլոգրամ բերք, ինչը համարում եմ լավ արդյունք»,-նշեց Գավառ քաղաքի բնակիչ, մեղվաբույծ Քաջիկ Եզդօղլյանը:«120 մեղվափեթակ ունեմ, որոնցից յուրաքանչյուրից միջինը քամում եմ 16 կիլոգրամ մեղր: Մոտ 2 տոննա մեղրի եկամուտը իմ տնտեսության համար բավարար հոգսեր կհոգա:16 տարի է, ինչ զբաղվում եմ մեղվաբուծությամբ եւ գոհ եմ թե արդյունքներից, թե վաստակից»-նշեց Դպրաբակ գյուղի բնակիչ, մեղվաբույծ Վրեժ Վարդանյանը:
Ըստ ՀՀ վիճակագրության ազգային ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության պետ Հակոբ Բադալյանի՝ Գեղարքունիքի մարզի մոտ 1500 մեղվաբուծական տնտեսություններում պահվում է մինչեւ 42 հազար մեղվափեթակ, իսկ մեղվաբուծության ճյուղը բավականին դինամիկ զարգացում է ապրում:
«Վերջին տարիների ուսումնասիրությունները եւ համայնքների կողմից ներկայացված ցուցանիշները ցույց են տալիս, որ մեղվաբուծության ճյուղն ամենանկատելի զարգացումն է ապրում անասնապահական մյուս ճյուղերի համեմատությամբ: Բացառությամբ Վերին Շորժա, Ներքին Շորժա եւ Ախպրաձոր համայնքների՝ մարզի մնացած 88 համայնքներում գործում են մեղվաբուծական տնտեսություններ: Նախորդ տարվա համեմատ մեղվափեթակների թիվն ավելացել է մոտ 4 հազարով: Եթե համարենք, որ այս տարի մեկ մեղվափեթակի միջին բերքատվությունը կազմում է 15-20 կիլոգրամ, ապա ստացվում է, որ այս տարի Գեղաքունիքի մարզն արտադրելու է մինչեւ 700 տոննա մեղր, որը ոչ միայն բավարարելու է մեր մարզի ներքին պահանջները, այլ նաեւ արտաքին շուկաներ դուրս գալու հնարավորություններ է ստեղծում»,-ասաց գործակալության պետը:
Խոսրով Խլղաթյան



