Ադրբեջանի իշխանության ներսում «Գյուլենի ցանցի» բացահայտման գործընթաց է սկսվել
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեւը դարձյալ օրակարգ է բերել երկու տարի առաջ արած իր հայտարարությունն այն մասին, որ իրեն հրավիրել են ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգ հանդիպելու չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, որտեղ նա բնակվում է վտարանդիության մեջ, սակայն, ինքը հրաժարվել է` կանխազգալով, որ «դա վտանգավոր քայլ կլինի»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, moderator.az-ի հետ զրույցում նա ասել է, որ ինքը բազմիցս քննադատել է Գյուլենի «ցանցը», եւ չնայած դրան, երկու տարի առաջ հրավիրվել էր Փենսիլվանիա:
«Ես հրաժարվեցի ընդունել հրավերը, այն ընդունողներ եղան, մեկնեցին եւ մասնակցեցին տարբեր միջոցառումների», -ասել է նա` ակնարկելով, որ անհրաժեշտության դեպքում կարող է նշել Ադրբեջանի իշխանությունից Գյուլենի հետ հանդիպման մեկնածների անունները:
«Ազադլըգ» թերթն այդ առնչությամբ գրում է, որ որոշ փորձագետներ գտնում են, որ պատգամավորի` հերթական անգամ այդ թեման օրակարգ բերելը կարող է կապված լինել կառավարության ներսում «Գյուլենի գործոնից» միմյանց դեմ որպես կոմպրոմատ օգտագործելու գործընթաց սկսվելու հետ:
«Ներկայում Թուրքիայում «Գյուլենի շարժման» դեմ գործողություններ են անցկացվում: Պաշտոնական Անկարան Ադրբեջանի իշխանությունից եւս պահանջում է վնասազերծել երկրում առկա գյուլենականներին: Սպասվում է, որ Ադրբեջանում եւս գործողություններ կանցկացվեն գյուլենականների դեմ: Նման իրավիճակում հնարավոր է ներիշխանական խմբավորումներն աշխատեն այդ խաղաքարտով հարվածել միմյանց», -«Ազադլըգ»-ին հայտնել են փորձագետները:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ Թուրքիայում հունիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ձախողումից հետո, որի կազմակերպման մեջ Անկարան մեղադրում է Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա կողմնակիցներին, Թուրքիայի կառավարության հորդորով Բաքվում փակվել են ենթադրաբար Գյուլենի կողմից հովանավորվող «Կովկաս» համալսարանը եւ մի շարք միջնակարդ դպրոցներ ու ուսումնարաններ:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



