ԵՊՀ ուսանողները Հադրութում մեկ շաբաթ ապրել են զինվորական առօրյայով
SOCIETYՄեկ շաբաթ ԵՊՀ ուսանողները Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում ապրեցին զինվորական առօրյայով, քնեցին վրաններում՝ զինվորական մահճակալների վրա, իրենց օրը կազմակերպեցին ըստ զինվորական կարգուկանոնի:
Ինչպես տեղեկացրին ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնից, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կողմից կազմակերպված ուսանողական ռազմական բանակումին մասնակցում էին Հայաստանից, Արցախից և Ջավախքից շուրջ 120 ուսանողներ, ովքեր բաժանված էին Արցախի պաշտպանական շրջանները խորհրդանշող 9 ջոկատների, որոնց միջև մրցակցային սկզբունքով անցկացվեցին ռազմագիտական պարապմունքներ, ինտելեկտուալ, մշակութային մրցույթներ, սեմինարներ և դասախոսություններ:
Ուսանողները մասնակցեցին ֆիզպատրաստության պարապմունքներին, արգելքների հաղթահարման վարժությանը, ինչպես նաև կրակային պատրաստության հրաձգության վարժության ընթացքում հաջողությամբ խոցեցին թիրախներն: ԼՂՀ ՊԲ N դիվիզիայի հրամանատար, գնդապետ Ջալալ Հարությունյանը, ամփոփելով կրակային և ֆիզիկական պատրաստության, ռազմագիտական պարապմունքների արդյունքները նշեց, որ կարևոր չէ խոցված թիրախների և արձակված փամփուշտների քանակը, այլ կարևոր է ձգտումն ու կամքը. «Ընդհանուր առմամբ շատ գոհ եմ բոլորի արդյունքներից»:
«Մեկ շաբաթ ուսանողներն ապրեցին զինվորական կարգուկանոնով՝ առավոտյան վերկացից, մարմնամարզությունից ու տողանից մինչ երեկոյան անվանականչ: Ուսանողների առօրյայի կարևոր մաս էին կազմում զորամաս այցելությունները, որտեղ նրանք ծանոթացան հրաձգային զինատեսակներին, դրանց կառուցվածքին և գործառույթներին,-նշեց բանակումի հրամանատար Արմեն Խաչիկյանը:
Բանակումի մասնակիցները հնարավորություն ունեցան նաև հարստացնել իրենց ռազմագիտական և ռազմաքաղաքական գիտելիքները՝ հանդիպելով Արցախի և ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքագետների հետ: Մասնավորապես, բանակումի երկրորդ օրն ուսանողների առօրյային ծանոթացան և նրանց հետ «Ազգային գաղափարախոսություն» թեմայով դասախոսություն անցկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատգամավորների պատվիրակությունը: Ուսանողների հետ հանդիպում-դասախոսություն ունեցան նաև ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը`«Արցախյան գոյապայքարը» թեմայով, Միհրան Հակոբյանն էլ ուսանողների հետ ակտիվ քննարկում ունեցավ «Պատերազմն անվերջ է» թեմայով:
Ռազմական բանակումի շրջանակում ուսանողները մասնակցեցին նաև մի շարք ուխտագնացությունների և արշավների: Նրանք եղան Ամարաս վանական համալիրում, հնարավորություն ունեցան տեսնելու 2033 տարեկան չինարի Տնջրի ծառը, նաև հաղթահարեցին Դիզափայտի բարձունքն ու հասան Սուրբ Կատարո վանք:
Ռազմական բանակումի վերջին օրն էլ մասնակիցները ստացան հավաստագրեր, իսկ հաղթող ջոկատները խրախուսվեցին մրցանակներով:



