Երևանում կայացած համերգին աճուրդի հանվեցին Նազենի Հովհաննիսյանի և այլ հայտնիների իրերը՝ երեխաների բուժման համար դրամահավաքության նպատակով
LIFEԵրեկ կայացավ «Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության աճուրդ-համերգը, որի նպատակն էր հավաքել անհրաժեշտ գումար «Երազի տուն»՝ ծնողների և երեխաների զարգացման ներառական կենտրոնի վերանորոգման և կահավորման համար։
Աճուրդի էին հանվել կազմակերպիչների անձնական զարդերը, իսկ երեկոյին հրավիրված էին բարերարներ և հայտնի մարդիկ։
Tert.am Life-ի հետ զրույցում «Հայ Մայրեր» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը նշեց, որ կենտրոնը ծառայելու է ավելի քան 200 մանուկների վերականգնողական բուժման համար։
«12 club-ի տնօրեն Ալինա Մանուկյանի առաջարկով որոշեցինք նախաձեռնել բարեգործական համերգ՝ 12 Project Band-ի մասնակցությամբ։ Նազենի Հովհաննիսյանը, ով մշտապես «Հայ Մայրեր» ՀԿ-ի կողքին է, առաջարկեց վարել երեկոն և իրականացնել զարդերի աճուրդը։ Երեկոյի ընթացքում հավաքվեց 4500 դոլար, որը ներդրվելու է «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնի նոր տարածքի նորոգման համար։ Նշեմ նաև, որ Մոսկվայում բնակվող Մարինե և Սուրեն Ենգիբարյանների կողմից 9600 եվրո է փոխանցվել նույն նպատակի իրագործման համար։ Մեզ մնաց հավաքել ևս 4 մլն. դրամ, որպեսզի լիովին վերանորոգենք և կահավորենք մեր «Երազի տուն»-ը, որտեղ 220 երեխաներ բոլոր մարզերից ու մայրաքաղաքից տարեկան 2-4 անգամ կստանան անվճար վերականգնողական բուժում»,-ասաց Նարինե Մանուկյանը:
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նշեց, որ այս նախաձեռնության նպատակը մեկն է՝ ունենալ առողջ սերունդ։

«Նարինե Մանուկյանը, լինելով սրտացավ կին, դեռևս 4 տարի առաջ նախաձեռնեց այս կազմակերպությունը, որը բացարձակ շահույթ չի հետապնդում։ Տարբեր ոլորտների գործիչներ ՀԿ-ի միջոցով իրենց օգնությունն են ցուցաբերում դրա կարիքն անչափ ունեցող երեխաներին։ Այսօր մենք ընկերներով որոշեցինք կազմակերպել աճուրդ-համերգ, որի շնորհիվ «Երազի տուն» անունը կրող մանկական կենտրոնի համար որոշակի գումար հավաքվեց։ Ես այս ամենի մեջ ներգրավված եմ որպես անձ, ով քիչ թե շատ սրտացավ է իր երկրի համար։ Վստահ եմ ու ուզում եմ, որ բոլորն էլ վստահ լինեն, որ ամեն մի լումա ծառայում է նպատակին»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Նազենի Հովհաննիսյանը։
«Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2012թ. դեկտեմբերին: Կազմակերպությունը զբաղվում է մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց մայրերի հիմնախնդիրներով:
Կազմակերպության նպատակն է բարելավել փոքրիկների կյանքի որակը, ինտեգրել նրանց հասարակության մեջ, ապահովել անհրաժեշտ վերականգնողական բուժմամբ, նաև հոգեբանական և ինֆորմացիոն օգնություն ցուցաբերել նրանց մայրերին:













Պատրաստեց՝ Լենա Մինասյանը



