Գավառում բացվեց Արեւմտյան Հայաստանի, Ջավախքի ու Արցախի վանքերի դռները պատկերող ցուցահանդես
SOCIETYԳավառ քաղաքի պատկերասրահում բացվեց «100 դուռ» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին Հայաստանից, Արցախից, Ջավախքից եւ Արևմտյան Հայաստանից ընտրված 100 վանքերի եւ եկեղեցիների դռների լուսանկարները:
Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց ցուցահանդեսի նախաձեռնության հեղինակ Խաչիկ Եղոյանը, ընտրվել են հայոց վանքերի ու եկեղեցիների այնպիսի դռների լկուսանկարներ, որոնցով դարեր շարունակ մարդկ ներսուդուրս են արել, մոմ վառել ու աղոթք արել առ Աստված:
«Մտահղացումն իմ մեջ առաջացավ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում, երբ ես հասկացա, որ դա մի ուխտ է, որը պետք է կյանքի կոչեմ: Նախաձեռնության իրականացմանը միացավ ճանաչված նկարիչ Ռուբեն Մարտիրոսյանը եւ Տեր- Շմավոն քահանան: Շրջեցինք քաղաքներով, մարզերով, համայնքներով եւ երկամյա դժվարին, սակայն հաճելի աշխատանքներից հետո, մեր անձնական հնարավորությունների շրջանակներում, նախաձեռնությունը իրականություն դարձրինք»- ասաց Խաչիկ Եղոյանը:
Ըստ Խաչիկ Եղոյանի՝ ցուցահանդեսը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ծրագրի մեծ ծավալի եւ ծանրաբեռնվածության արդյունքում այն ցուցադրության չի ներկայացվել 2015 թվականի ընթացքում: Այն առաջին անգամ հասցվել է ցուցադրվել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ամփոփման ժամանակ: Իսկ 2016թվականը նախաձեռնողների կողմից հայտարարվել է շրջագայությունների տարի: Հայաստանի Հանրապետության մարզերում սա երկրորդ ցուցադրությունն է:
Նախաձեռնողներն առաջարկներ ունեն տարբեր երկրներից, բայց իրենց ցանկալի նպատակը լուսանկարները Ստամբուլում ցուցադրելն է: «Եկեղեցու դուռը խորհրդավոր նշանակություն ունի: Քրիստոս ինքն իրեն համեմատում է եկեղեցու դռան հետ, ասելով՝ ով ինձանով ներս կմտնի, նա ճարակ կգտնի» - իր խոսքում նշեց Տեր- Շմավոն քահանան: « Արեւմտյան Հայաստանում լուսանկարված եկեղեցիների ու վանքերի դռները դժվար կլիներ տեսնել իրականության մեջ»-նշում էին ցուցահանդեսի մասնակիցները:
«Սա, կարծում եմ, հայրենաճանաչության ամենամեծ դրսեւորումներից է: Փառք ու պատիվ ձեզ, որ նման աշխատանք եք կատարել: Ես կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը սիրով ու հետաքրքրությամբ է դիտում այս աշխատանքները: Եվ մեզանից յուրաքանչյուրը մեծ տպավորությամբ է հեռանալու՝ իր հետ տանելով Էրգրի կարոտը», - իր ելույթում նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:
Այցելուներն էկրանի վրա դիտում էին նաեւ «100 դուռ» նախաձեռնության իրականացման ընթացքի մասին պատմող տեսանյութը:Լուսանկարները Գավառի պատկերասրահում կմնան ավելի քան 20 օր, որից հետո դրանք կցուցադրվեն Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի պատկերասրահում:
Խոսրով Խլղաթյան



