Թուրքիայում կծածանվի հայկական դրոշը, կհնչի հայկական երաժշտություն
SOCIETYԱյս օրերին աշխարհի ամենատարբեր ծայրերից երեսուն մասնակից գտնվում է Թուրքիայի Բոդրում քաղաքում: Բանն այն է, որ մայիսի 24-29-ը Էգեյան ծովի ափին գտնվող հին Հալիկառնասը կհյուրընկալի Բոդրումի 17-րդ միջազգային պարի փառատոնը: Այս գեղեցիկ նավահանգստային քաղաքում աշխարհի տարբեր մշակույթներ կմիավորվեն պարողների, դերասանների, լրագրողների եւ կամավորների շնորհիվ: Հայաստանը կներկայացնի Նարեկ Գրիգորյանը, ով արդեն մեկ ամիս է՝ գտնվում է այնտեղ՝ տարածելով հայկական մշակույթը: Նրա շնորհիվ Թուրքիայում շատերն են սկսել հայկական պարեր սովորել, հայկական մշակույթի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերել:
Փառատոնի պաշտոնական գործընկերը «Ապագան մեր ձեռքերում» երիտասարդական ՀԿ-ն է: ՀԿ-ի կարծիքով՝ կարեւորն այն է, որ այսօր եւ առաջիկա երեք օրերին երեք հազար օտարերկրացի ականատես կլինի, թե ինչպես է բազմաթիվ այլ դրոշների կողքին ծածանվում նաեւ հայկական դրոշը եւ հնչում հայկական երաժշտությունն ու պարը:
2012-ից ի վեր Բոդրումի միջազգային պարի փառատոնն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային փառատոնների ցուցակում: 6 շաբաթվա ընթացքում թուրք մասնագետները կհամագործակցեն եվրոպական 17 երկրներից եկած կամավորների հետ՝ միջոցառումը կազմակերպելու համար, որոնց կազմում է նաեւ Նարեկ Գրիգորյանը: Երիտասարդների ուսուցումը եւ կացությունը կապահովվի «Էրասմուս պլյուս« ծրագրի շրջանակում: Կամավորները պետք է տարածեն իրենց երկրի մշակույթը, «էրասմուս պլյուսի» եւ Բոդրումի պարի միջազգային փառատոնի մասին տեղեկությունը եւ ներկայացնեն այն հնարավորությունները, որոնք տրամադրում են այս ծրագրերը տեղի մշակութային կենտրոններին, դպրոցներին եւ լրատվամիջոցներին: Շատ կամավորների, ովքեր նաեւ ակտիվ պարողներ են, կտրվի ելույթով ներկայանալու հնարավորություն: Փորձերի եւ ներկայացումների ժամանակ տարբեր երկրներից եկած կամավորները հնարավորություն կունենան սովորել բազմաթիվ ազգային պարեր եւ նոր պարային ոճեր: Նրանք կծանոթանան այլ երկրների մշակույթներին եւ սովորույթներին: Միջազգային խմբերը եւ օտարերկրացիների հետ հաղորդակցումը ստեղծում է կատարյալ միջավայր «էրասմուս պլյուս» ծրագրի գլխավոր նպատակի իրականացման համար, այն է` բարելավել համագործակցությունը երիտասարդների եւ երկրների միջեւ:
«Ծրագրի շնորհիվ նրանք կզարգացնեն իրենց մասնագիտական եւ միջազգային հաղորդակցական հմտությունները: Ծրագրի ընթացքում միջոցառումների կազմակերպմամբ հիմնականում զբաղվելու են կամավորները, որոնց նպատակն է ստեղծել ավելի ներդաշնակ եւ խաղաղ աշխարհ: Երիտասարդների նպատակն է նաեւ աշխարհին ցույց տալ պարերի մեջ թաքնված հեղափոխական ուժը: Նշենք, որ ծրագրի ամբողջ ֆինանսավորումը կատարվել է կազմակերպիչների կողմից, իսկ մասնակիցն էլ ընտրվել է մրցույթային կարգով»,- հայտնում են «Ապագան մեր ձեռքերում» է ՀԿ-ից:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



