Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Թալիշում դիրքը պահած 19-ամյա Արթուր Աղասյան. «Յաշման» մեզնից փախավ՝ չկարողանալով տանել դիերն ու զենքերը

SOCIETY
Panarmenian.net-ը գրում է.
 
Արցախի հյուսիսում՝ Թալիշի ուղղությամբ մարտական դիրքերից մեկում ապրիլի սկզբից մինչև այսօր ամուր կանգնած մեր զինվորներից մեկին շատերը հաստատ նկատել են: Հերոսների պարգևատրման արարողությունից հետո ՀՀ նախագահի հետ լուսանկարում հենց նրա առջև փոքրամարմին զինվորին տեսնելով մտածե՞լ եք՝ ինչպես է վաստակել իր «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանը:

1997-ին Մարտունիում ծնված կրտսեր սերժանտ Արթուր Աղասյանին PanARMENIAN.Net-ը հանդիպել է... տեղի մասին և քաջերի նախապատմությունն իր ձևակերպմամբ՝ «մինչև այսօր նույն դիրքում եմ՝ որտեղ ամսի 1-ին էինք կանգնած, որը ամսի 2-ին պաշտպանեցինք ու քանի ողջ ենք, պաշտպանելու ենք»:

Կրտսեր սերժանտ Աղասյանն ապրիլի 2-ի գիշերն իր՝ արդեն մարտական ընկերների հետ հյուսիսում հատկապես կարևոր դիրքերից մեկն է պաշտպանել հրետակոծությամբ ուղեկցված ադրբեջանական հատուկ ջոկատայիններով խմբի դիվերսիայի ժամանակ: Կազմակերպված խոսքն ու խնամքով ընտրած մանրամասները հաստատում էին մինչև նրան հասնելն իր մասին հրամանատարներից լսածը՝ գիշերային գործողության ժամանակ կայացրած ճիշտ և արդյունավետ, կյանքեր փրկած որոշումների մասին:

«Ինչպես սկսվեց պատերազմը» հարցից հուզվում է. «Խառը օր էր... Ապրիլի 1-ի հերթափոխի ժամանակ դիպուկահարի կրակոցից ընկերս զոհվեց... Վլադիմիր Մելքումյանը... ու գիշերը վրեժն ինքն իր ոտքով եկավ... Ժամը 3-ն էր, տեղս տեղ չէր տալիս, անհանգիստ էի: 45 րոպե չանցած հրետակոծությունը սկսվեց…», - պատմում է Աղասյանը՝ աչքերը կիսախուփ անելով, դիրքին, սարերին նայելով, հետո վերև՝ հակառակորդը անօդաչու էր բարձրացրել ու սկսել շրջանաձև հրետակոծել:

Խրամատում կանգնելն անհնար է դառնում. մտնում են կացարան, այնտեղ դիրքավորվում:

Հրետակոծությունը շարունակվում է 1 ժամ: Հետո լռություն. «Մոտ տասը րոպե ոչ մի ձայն չի լսվում: Մտածում ենք դուրս գանք, տեսնենք՝ ինչ է կատարվում, երեխեքից մեկն ասում է «սպասեք, ձայն եմ լսում, խոսակցություն եմ լսում»: Դուրս եմ գալիս, ձայներն ավելի հստակ լսում ու մի քանի վայրկյանից տեսնում՝ դիվերսիոն խումբն արդեն մտել է, դեպի մեզ՝ կացարանի ուղղությամբ է գալիս: Այդ պահին 5-6 մարդ եմ տեսնում: Հետո իրենց գործողություններից, թողած զենք-զինամթերքի քանակից պարզ էր՝ ընդհանուր թվով 30-ից ավելի էին:

Դիվերսանտներից մեկը վազելով եկավ, որ կացարանը նռնակ գցի, այդ պահին պատուհանից ես եմ նռնակ գցում իր ուղղությամբ ու ոչնչացնում: Փորձում ենք զանգել, զգուշացնել, որ դիվերսիա է, «տապիկի» լարը կտրում են: Մնում ենք մեր խելքին: Այդ պահին դրանցից մեկը մտնում է «բոդրուշի» փոսի մեջ: Իմ «ամենադուխով» զինվորներից Բադալյան Հարությունը կրակում է ոտքերին, վիրավորվում, ընկնում է: Նռնակ եմ տալիս, նետում է դրա ուղղությամբ, ոչնչացնում: Աղմուկ-աղաղակ, գոռոց է ընկնում դրանց մեջ: Ես էլ կացարանի վերևում ոտնաձայներ եմ լսում: Հասկանում եմ, որ «փեջի տրուբով» ուզում են նռնակ գցեն ներս: Ես ավելի շուտ եմ նռնակ նետում, իրենց խմբի հրամանատարը վիրավորվում է: Ու տեսնում ենք, որ խուճապի մատնվեցին:

Մեր փամփուշտներն էլ վերջացան, մնաց երկու նռնակ, դրանք էլ նետեցինք... դուրս եկանք կացարանից, տեսնենք արդեն գնում են, հետևի խրամատում են: Իրենց դիերից զենքերը վերցրինք ու սկսեցինք քշել: Վիրավորներից մեկին նկատեցի, լեյտենանտ էր, պառկած դիրքում, ձեռքերն իրար միացրած, մոտեցա, որ տեսնեմ՝ ինչ է կատարվում, հասկացա՝ նռնակ էր ձեռքին, ես ավելի շուտ իր կողմը նռնակ նետեցի: Հաջորդ րոպեին արդեն կարմիր «ռոպ» արձակեցին, պարզ էր, որ իրենց ձախողման ազդանշանն էր: Ադրբեջանական խրամատից տանկ դուրս եկավ ու մեր խրամատը թիրախավորեց: Հինգ «սնարյադ»: Հետո կրակի ուղղությունը փոխեցին դեպի գյուղը»:

Գիշերվա պատմությունը վերջացնելով՝ կրտսեր սերժանտ Աղասյանը խորն ու հանգիստ շունչ է քաշում... երևի, ինչպես այն ժամանակ... Հաջորդ՝ կարևոր հարցին սպասելիս, ուշադիր նայում է՝ համոզվելու, որ հենց այդ հարցն է լինելու:

«Այո, ժամկետայիններ չէին, մեր պես 18-20 տարեկան չէին: Հատուկ պատրաստված դիվերսիոն խումբ էր: Դրանց «յաշմա» են ասում: 1915-ին կային չէ հատուկ դաժան խմբեր: Նույնն է, բան չի փոխել: «Յաշմայի» մասին էլ դաժան բաներ են հայտնի, դրանց ով լինելու, պատրաստվելու մասին: Էս օրվա համար էին պատրաստվում, մեզ համար...», ու «մեզ համար»-ն ասելիս ժպտում է, հաղթողի ժպիտով, ուժեղի ժպիտով:

Հետո հաստատ ու վստահ ավելացնում է. «Թուրքը նույն քոչվորն է, հետևից խփող, թույլին խփող, քնած մարդուն, ծեր մարդուն, երեխային սպանող, խոշտանգողն է: Ինչ դեղամիջոց ասես լցնում են արյան մեջ, գալիս, հասնում էստեղ, դեղի ազդեցությունն անցնում է, թողնում, փախչում են: Սա են դրանք:

Միայն թույլի առաջ են ուժեղ, մեր առաջ ոչինչ են: Լավ, զենքով մի քիչ ուժեղ են, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի հետ քաշվենք, միշտ ենք պայքարելու մեր հողի համար, մեր հայրերի ու արդեն մեր ընկերներն են զոհվել այս հողի համար: Մեր զոհերի, վիրավորների մասին իմանալով չպիտի ընկճվենք, ուժեղ պիտի լինենք, որովհետև իրենք մեզնից ուժեղ լինել են սպասում, չհանձնվել են սպասում»:

19-ամյա զինվորը վաստակած իրավունքով վերլուծում է՝ պատերազմական օրերը փոխեցին մեզ: «Մտածում եք՝ վատ բա՞ն արեցին: Հիմա մենք պահի լրջությունն ենք հասկանում: Մեր էստեղ կանգնած լինելու կարևորությունն ենք հասկանում: Կես բառից իրար ենք հասկանում: Հիմա պատրաստ ենք ամեն ինչի, ամեն իրավիճակի: Ալիևը հաշվարկել էր, թե պատերազմ տեսած մեր հերերն արդեն անցել են, մեզ էլ իրենց ջահելության հետ էր համեմատել»,- ասում է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետը և խնդրում անպայման ընդգծել՝ թշնամին իրենցից փախչել է՝ չկարողանալով տանել սեփական դիերը, թողնելով իր գործողությունների ապացույցները:

Վերջում խնդրում ենք մի դրվագ էլ մանրամասնել՝ փամփուշտների վերջանալու մասով: «Բացի էն, որ մեզ մոտ եղել է սահմանված չափով, նաև պահեստային՝ «ցինկի» մեջ էլ է եղել: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան ենք կրակել, ինչ իրավիճակ էր: Էդ պահին պիտի «ցինկ» բացես, բայց չես հասցնում կողմնորոշվես, չես էլ մտածում դրա մասին: Կամ ուրիշ դիրքերում պատահել է, որ փամփուշտն ուշացել է, որովհետև բերողները հրետակոծության տակ են ընկել: Մի դեպք էլ գիտեմ, որ փամփուշտ հասցնողների վրա դիվերսիա է եղել ու դիվերսանտները մեր համազգեստով էին»,- բացատրում է կրտսեր սերժանտ Աղասյանը:

Այդ դիրքը պահած զինվորներից վիրավոր Հարություն Բադալյանը ևս պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ ամբողջ անձնակազմը՝ Արիության մեդալով:

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine