Եվրոպայում փողերը երկնքից չեն թափվում, եթե ուզում ես նորմալ ապրել, պետք է աշխատես. Հայկ Կասպարով
LIFELife.panorama.am-ը գրում է.
Գրեթե երեք տարի առաջ երգիչ Հայկ Կասպարովը ամուսնացավ ու մշտական բնակություն հաստատելու նպատակով մեկնեց Գերմանիա, որից հետո էլ նա կարծես թե ստեղծագործական դադար հայտարարեց, ավելին՝ շատերի կարծիքով Հայկն այլեւս հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչ չէ:
Life.panorama.am-ը երկարատեւ ընդմիջումից հետո խոսել է երգչի հետ. պարզվում է՝ ընդամենը հաշված օրեր հետո Հայկ Կասպարովը նոր տեսահոլովակով կվերադառնա հայկական շոու բիզնես.
«Արդեն երեք տարի է, ինչ բնակվում եմ Գերմանիայում, այս պահին ապրում ենք Ուոլֆսբուրգ քաղաքում, արդեն ամբողջովին հարմարվել եմ այստեղի կյանքին, ապրելակերպին, մարդկանց տեսակին»,- պատմեց Հայկն ու շարունակեց.
«Այո, այս ընթացքում հանդիսատեսն ինձ հետ կապված ոչ մի նորություն չի իմացել, ինձ էլ են հասել այն լուրերը, թե ես հեռացել եմ երգարվեստից, բայց պետք է ասեմ, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը եւ այս ընթացքում ես գրել եմ նոր երգեր, մասնակցել եմ տարբեր համերգների, իսկ օրեր հետո՝ ապրիլի 29-ին, «Դար 21» TV-ի եթերով կներկայացվի իմ նոր տեսահոլովակը: Երգն ունի արդեն չորս տարվա պատմություն, որի հեղինակն է Մարինե Պետրոսյանը»:
Հայկ Կասպարովը հայտնեց, որ այս ընթացքում ստեղծել է մի շարք հեղինակային երգեր, որոնք այսուհետ ավելի ակտիվ աշխատանքային ռիթմով կներկայացնի հայաստանյան հանդիսատեսին.
«Այս պահին ունեմ ութ հեղինակային երգ, որոնք պատրաստման փուլում են. ինքս էլ ուզում եմ, թեկուզեւ հեռու գտնվելով Հայաստանից, ավելի հաճախ ներկայանալ այդտեղի հանդիսատեսի համար»,- ավելացրեց երգիչը:
Հետաքրքրվելով, թե շատ հայ արվեստագետների նման երգիչը Գերմանիայում այլ աշխատանքով չի զբաղվում արդյոք, Հայկը պատասխանեց.
«Իհարկե, այլ գործեր եւս պետք է անել: Եվրոպայում փողերը երկնքից չեն թափվում, եթե ուզում ես նորմալ ապրել, պետք է աշխատես»:
Հայկ Կասպարովը հրաժարվեց խոսել իր նորակազմ ընտանիքից՝ նկատելով, որ իր հանդիսատեսին անձնական կյանքը չպետք է հետաքրքրի:
Երգիչը նշեց նաեւ, որ հետեւում է Հայաստանում կատարվող իրադարձություններին.
«Յուրաքանչյուր հայ, երբ ապրում է արտերկրում, գուցե ավելի շատ ու կարոտից դրդված՝ ավելի սրտացավորեն է հետեւում Հայաստանում կատարվող իրադարձություններին: Հուսամ՝ շուտով իմ երկրում վերջնականապես խաղաղություն կհաստատվի»,- հավելեց Նա:
Ի դեպ՝ առաջիկայում Հայկ Կասպարովը պատրաստվում է այցելել Հայաստան.
«Շատ եմ կարոտել ընտանիքիս, հարազատներիս, ընկերներիս ու հարազատ քաղաքս: Այս տարիների ընթացքում այցելել եմ Հայաստան, բայց այս տարի դեռեւս չի հաջողվել: Եթե ամեն ինչ ընթանա իմ պլաններով՝ հավանաբար ամռան վերջին այդտեղ կլինեմ»,- զրույցն ավարտեց արդեն գերմանաբնակ երգիչ Հայկ Կասպարովը:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան



