Հայկական բնաշխարհի վրա ձյուն դրեց, որը դարձավ բոթ. Վերջին հրաժեշտը զինծառայող Տիգրան Բերակչյանին (տեսանյութ)
VIDEONEWS.am-ը գրում է.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում հակառակորդի հարձակումից հետո անհետ կորած 19-ամյա շարքային զինծառայող Տիգրան Բերակչյանը օրերս հայկական կողմին վերադարձված 18 զոհերից էր։
NEWS.am-ի հետ զրույցում Տիգրանի հորեղբոր որդին՝ Վահրամ Բերակչյանը պատմեց, որ եղբայրն իր զինակիցների հետ ուժեղ մարտի է բռնվել, մինչեւ վերջ կռվել ու պայքարել է:
Նրա խոսքով՝ եղբայրը հայրենասեր էր, եւ նախքան բանակ զորակոչվելը նույնիսկ իր հետ գրազ է եկել, որ Արցախում է ծառայության անցնելու:
«Ուզում էր Ղարաբաղ գնալ, պոստեր պահել, ասում էր՝ եթե Ղարաբաղ էլ չընկնեմ, գնալու եմ խնդրեմ, որ Ղարաբաղ տանեն: Շատ էր ուզում ծառայել ու հպարտ էր, որ զինվոր է: Արձակուրդ էր եկել, տասը օրվա ընթացքում մի անգամ ֆորման չհանեց, ուզում էր բոլորը տեսնեին, որ ինքը զինվոր է»,-պատմեց Վահրամ Բերակչյանը:
Տիգրանի մայրը՝ Եվգինե Բերակչյանը պատմեց, որ որդու հետ վերջին անգամ խոսել էր ապրիլի 1-ին՝ քառօրյա ռազմական գործողությունների նախօրեին:
«Պոստեր պիտի բարձրանար, զանգեց, ասեց՝ մամ ջան, շատ լավ հասել եմ, տրամադրությունը բարձր էր: Ինչ-որ բան էր ուտում, հարցրի՝ ինչ է, ասեց՝ ուղարկածդ վիտամինը: Հետո ասեց, լավ, մամ ջան, պիտի գնամ, վաղը կզանգեմ, ու էդ զանգելն էր, որ պիտի զանգեր»,-ասաց տիկին Եվգինեն:
Տիգրանի մայրը՝ Ադրբեջանի հարձակումից հետո տասը օր լիահույս է եղել, որ որդին ողջ է, կարծել է՝ հեռախոսակապ չկա, չի զանգահարում:
«Մտածում էի՝ իր հումորով թուրքին համոզած, իրենով արած, ու վերջը տված կլինի: Էդպես չեղավ, բայց էրեխես ինձ դիմանալու ուժ է տվել»,-ասաց Տիգրանի մայրը:
Խաչիկ Կիրակոսյանը՝ Տիգրանի մորեղբոր որդին նշեց, որ ցավում, բայց միեւնույն ժամանակ հպարտանում է քրոջորդով:
«Իմ ձեռքերի մեջ ծնվել, իմ ձեռքերի մեջ մեծացել է, բայց չգիտեի, որ էդպիսի հերոս ունեմ: Նեղվում եմ, որ կողքիս չէ, բայց պարծենում եմ: Հոգին թող լույս դառնա, երկու տարին լրանա, մեկ է՝ սպասելու եմ»,-ասաց Տիգրանի մորեղբայրը:
Ադրբեջանի ագրեսիային զոհ գնացած 19-ամյա Տիգրան Բերակչյանի մարմինն այսօր հողին հանձնեցին:
Տեսանյութն՝ 1in.am-ի



