Հայաստանում 2016-ին կբացվի բժշկական ռեֆերենս լաբորատորիա
SOCIETYՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի կողմից իրականացվող Սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրի տնօրեն Էլիզաբեթ Ջորջի հետ հանդիպմանը քննարկել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի վերանորոգման ընթացքը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության և կապի բաժնից, նախարարը գոհունակություն է հայտնել կատարվող աշխատանքների որակի և ժամկետների պահպանման վերաբերյալ։
«Հուսով եմ, որ 2016թ. մարտին մենք լաբորատորիան պաշտոնապես կփոխանցենք հայկական կողմին»,- ասել է նա` հավելելով, որ ծրագրի երկրորդ փուլում կիրականացվի Սյունիքի, Գեղարքունիքի և Լոռու մարզերի լաբորատորիաների վերանորոգումն ու արդիականացումը։
Ծրագրի առաջին փուլում վերանորոգվում և արդիականացվում են Շիրակի և Տավուշի մարզերի լաբորատորիաները։ Էլիզաբեթ Ջորջը միաժամանակ շեշտել է, որ տպավորված է գիտահետազոտական աշխատանքների ձեռքբերումներով։
«Ծրագրի բոլոր բաղադրիչներով արձանագրվող հաջողությունները պայմանավորված են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ»,- նշել է տիկին Ջորջը։
Արմեն Մուրադյանը խիստ կարևորել է ԱՄՆ կառավարության աջակցությունը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Ռեֆերենս լաբորատորիայի վերանորոգման և արդիականացման գործում։ Նախարարը հույս է հայտնել, որ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Սպառնալիքների նվազեցման գործակալության Սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրի շրջանակում աջակցություն կցուցաբերվի նաև կլինիկական ռեֆերենս լաբորատորիայի ստեղծման գործում։
«Մեր նպատակը կլինիկական լաբորատորիաների հավատարմագրումն է, և այս ենթատեքստում շատ կարևոր է կլինիկական ռեֆերենս լաբորատորիայի առկայությունը»,- ընդգծել է Արմեն Մուրադյանը` հույս հայտնելով, որ արդյունավետ համագործակցությունը լավ հիմք կհանդիսանա հետագա ծրագրերի իրականացման համար։
Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար ջանքեր է գործադրում սպառնալիքների նվազեցման ուղղությամբ: Այս առումով նշանակալի է ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև գործող «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը:
Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ուղղությամբ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Սպառնալիքների նվազեցման գործակալության Սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել գիտական հետազոտությունների ոլորտում, մեր համաճարակաբանները, կենդանաբանները և վարակաբանները վերապատրաստվել են ժամանակակից միջազգային մոտեցումներին համապատասխան:



