Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»
INTERNATIONAL NEWS«Փաստ» օրաթերթը գրում է.
pravda.ru-ն «Հայաստանը հայտնվել է սեփական ամբիցիաների թակարդում. Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանը ստիպված է զգուշություն ցուցաբերել եվրոպական ինտեգրման հարցում՝ ռուսական էներգետիկ ռեսուրսներից կրիտիկական կախվածության և Արևմուտքում իրական տնտեսական հեռանկարների բացակայության պատճառով, pravda. ru-ի հետ զրույցում բացատրել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Վլադիմիր Շվեյցերը։ Նա ընդգծել է, որ Հայաստանում տարբեր քաղաքական ուժերի միջև պայքարը շարունակվում է։ Չնայած ԵՄ մտնելու ազգային ընդհանուր երազանքին, դրա իրականացման վերաբերյալ տեսակետները տարբեր են։ ԵՄ–ին միանալու հիմնական խոչընդոտներից մեկը մնում է Բրյուսելի պահանջը՝ անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ, որը տարածված խնդիր է ԵՄ ձգտող բազմաթիվ երկրների համար: Քաղաքական էլիտաները ստիպված են հաշվի առնել, որ ԵՄ-ին միանալը պահանջում է ներքին խոր վերափոխումներ, որոնց պատրաստ չեն գործընթացի բոլոր մասնակիցները։ «Եվրամիությունն ասում է՝ մինչև դուք իրական պայքար չսկսեք կոռուպցիայի դեմ, մենք ոչինչ չենք անի ձեզ համար: Սա վերաբերում է նաև Հայաստանին: Ավելին, պետք է նաև հաշվի առնել էներգետիկ ռեսուրսները, որոնցով Հայաստանը, անշուշտ, հետաքրքրված է, բայց դրանք ստանում է Ռուսաստանից», - նշել է Շվեյցերը։
Մասնագետը հավելել է, որ ԵՄ տնտեսական հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ չափազանց սահմանափակ է: Հանրապետության գյուղատնտեսական արտահանումը, այդ թվում՝ միրգը և կոնյակը, կարևոր չեն եվրոպական շուկայի համար: Միևնույն ժամանակ, ԵՄ–ում ճգնաժամը և վերազգային կառույցների նկատմամբ աճող դժգոհությունը ստիպում են Բրյուսելին ավելի պրագմատիկ մոտեցում ցուցաբերել ընդլայնման հարցում: Հայաստանը շատ ավելի է հետաքրքրված ԵՄ-ով, քան ԵՄ–ն Երևանով, իսկ Ադրբեջանի հետ չլուծված հակամարտությունը միայն ավելացնում է եվրոպացի պաշտոնյաների գլխացավանքը: «Այն դեպքում, երբ ԵՄ–ն քիչ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ, Ռուսաստանը պահպանում է տնտեսական կապերը և փոխադարձ հետաքրքրությունները։ Սակայն դա նույնը չէ. այդ կապերն ավելի կարևոր են Երևանի համար, քան Մոսկվայի։ Դա հատկապես ճիշտ է էներգետիկ ռեսուրսների առումով, որոնք Հայաստանը ստանում է մեզանից», - բացատրել է փորձագետը՝ կանխատեսելով, որ Մոսկվայի և Երևանի միջև հարաբերություններում ստատուս քվոն կպահպանվի։ Նրա խոսքով, կարճաժամկետ հեռանկարում փոխգործակցությունը կմնա ներկայիս մակարդակում՝ առանց որևէ էական բարելավման կամ վատթարացման, իսկ ընդհանրապես՝ համաշխարհային անկայունության պայմաններում հետխորհրդային տարածքում միջազգային հարաբերությունները կարող են փոփոխվել, բայց առայժմ կողմերը ձգտում են հարթել կոպիտ եզրերը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



