ԱՄՆ-ում հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագծին
INTERNATIONAL NEWSԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մեծամասնությամբ հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագծին։
Սեպտեմբերի 16-ին նախաձեռնության օգտին քվեարկել է 262 կոնգրեսական, դեմ՝ 159-ը։ Ավելի վաղ Սենատը պաշտպանել էր օրինագիծը՝ 86 կողմ և 11 դեմ ձայներով։ Այժմ փաստաթուղթը սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաստատմանը։ Սպիտակ տան խոսնակը «The Wall Street Journal»-ին հայտնել է, որ Թրամփը մտադիր է ստորագրել այն։
«Դժոխային պատժամիջոցներ» օրինագիծը (այս տերմինը շրջանառության մեջ է դրել նախաձեռնության հեղինակներից մեկը՝ հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեհեմը) ԱՄՆ նախագահին լիազորում է 100%-անոց մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի և բնական գազի հինգ խոշորագույն գնորդների, ինչպես նաև այն երկրների նկատմամբ, որոնք էական աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանին՝ պատժամիջոցները շրջանցելու հարցում։ Բացի այդ, ԱՄՆ արտահանվող ռուսական ապրանքները կարող են ենթարկվել 500%-անոց մաքսատուրքի։ Փաստաթուղթը նաև նախատեսում է անհատական պատժամիջոցներ Վլադիմիր Պուտինի, նրա մերձավոր շրջապատի, բարձրաստիճան զինվորական և քաղաքական պաշտոնյաների, խոշոր գործարարների և նրանց հարազատների, բանկերի, էներգետիկ խոշոր ընկերությունների, ինչպես նաև «ստվերային նավատորմի» դեմ։ Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահը պահպանում է ազգային անվտանգության նկատառումներով այդ սահմանափակումները կասեցնելու լիազորությունը։ Թրամփի խնդրանքով՝ տեքստում ներառվել է նաև Իրանի դեմ պատժամիջոցները մինչև 2031 թվականը երկարաձգող դրույթ։
«Այս օրինագիծը ամերիկյան միասնության հզոր ազդանշան է հաղորդում և վարչակազմին տրամադրում է իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ օգնելու այս պատերազմը [նկատի ունենալով Ուկրաինայի պատերազմը] հասցնել արդարացի ավարտի, և մենք հպարտ ենք այն նախագահին ստորագրման ուղարկելու համար»,- հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։
Ավելի վաղ մի շարք դեմոկրատներ և հանրապետականներ քննադատել էին օրինագիծը՝ նշելով, որ այն Թրամփին լրացուցիչ լիազորություններ է տալիս մաքսատուրքերի հարցում՝ միաժամանակ լայն հնարավորություններ ընձեռելով բացառություններ անելու պատժամիջոցային ռեժիմից։ Օրենսդիրները նաև մտահոգություն էին հայտնել, որ ռուսական էներգակիրների գնորդների նկատմամբ երկրորդային մաքսատուրքերի կիրառումը կարող է ապակայունացնել շուկաները և հանգեցնել ԱՄՆ-ում գների բարձրացման։



