Դու իմ վերջինը ճակատագրով. հարցազրույց տիտղոսակիր գեղեցկուհի Իրինա Թովմասյանի հետ
LIFE
Tert.am-ը գրում է.
Օրերս տիտղոսակիր գեղեցկուհի Իրինա Թովմասյանը հարազատների և ընկերների հետ քաղաքի ակումբներից մեկում տոնել է իր ծննդյան 34-րդ տարեդարձը: Երեկոյի ընթացքում հյուրերի առջև իր կատարումներով հանդես է եկել Իրինայի դուստրը` Մեգգին:
Իսկ ավարտին, տոնական տորթի մոմերը փչելիս, խնջույքի «մեղավորը» մտապահել է իր անփոփոխ երազանքը` առողջ տեսնել բոլոր հարազատներին` երեք դուստրերին, ամուսնուն, մորը, քրոջը...
Տարեդարձի առիթով մենք, ըստ ավանդույթի, տեղեկացանք Իրինայի վերջին նորությունների մասին:
- Վերջին անգամ ում եք զանգահարել և ինչ առիթով:
- Քիչ առաջ Մեգգիից հետաքրքրվեցի «Հ3» հեռուստաալիքով իր հաղորդաշարի վերաբերյալ ժողովի արդյունքների մասին:
- Վերջին հաղորդագրությունը, որ ստացել եք:
- Դրանք անդադար են ու անվերջանալի` տարեդարձիս առիթով շնորհավորանքներ են:
- Վերջին անգամ երբ եք թերթել ընտանեկան ալբոմը:
- Մի քանի օր առաջ` Սուրբ Սարգսի տոնի հետ կապված հեռուստաընկերություններից մեկի խնդրանքով ամուսնուս հետ լուսանկար էի փնտրում:
- Վերջին անգամ երբ եք անկողնում սրճել և ում մատուցմամբ:
- Ես առհասարակ սուրճ չեմ խմում:
- Վերջին անգամ երբ եք մետրո նստել:
- Այնքան վաղուց չեմ նստել, որ նույնիսկ չեմ կարող մտաբերել:
- Վերջին անգամ երբ եք հուզվել և ինչու:
- Երբ Մեգգիս անցյալ ծննդյանս օրն անակնկալ կերպով ինձ «Իմ մայրիկ» երգը նվիրեց:
- Վերջին անգամ երբ եք բարկացել և ինչու:
- Այսօր եմ բարկացել միջնեկ աղջկաս վրա, երբ նա ակամայից նեղացրեց փոքր քրոջը:
- Վերջին անգամ երբ եք լիաթոք ծիծաղել և ինչ առիթով:
- Երեկ Լուսինեի հետ հիշում էինք մեր լոնդոնյան արկածներն ու անզուսպ ծիծաղում զավեշտալի պահերի առիթով:
- Վերջին գիրքը, որ կարդացել եք:
- Օրերս ավարտեցի Մարտին Իդենի «Նպատակասլացությունը»։
- Վերջին ֆիլմը, որ դիտել եք:
- «Ամուր սեր». այսպես էր կոչվում ֆիլմը, որ օրեր առաջ դիտեցի ամուսնուս հետ: Հավանում եմ նման գեղեցիկ ֆիլմերը:
- Վերջին անգամ ում եք հյուրընկալվել:
- Ավելի շատ ինքս եմ սիրում հյուրեր ընդունել: Բայց հյուր էլ եմ գնում: Ահա օրերս հյուրընկալվել էի մտերիմ ընկերուհուս` Եվային: Նա մասնագիտությամբ բժշկուհի է:
- Վերջին անգամ ում եք վստահել Ձեր նվիրական խոհերը:
- Միշտ վստահում եմ սիրելի քրոջս` Լուսինեին և նրա հետ էլ կիսվում եմ ցանկացած թեմայով:




















































