Yerevan, 14.September.2026,
00
:
00
BREAKING


«Իմ հողից բացի ուրիշ տեղ չեմ կարող ապրել, միայն Ճարտարում պետք է ապրեմ». կամավոր Կամո Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ չարաճճի երեխա էր Կամոս։ Շատ աշխույժ տղա էր, շուտ կողմնորոշվող։ Մեծացավ, հասունացավ, կազմակերպված երիտասարդ դարձավ։ Իր բոլոր մտքերը տան մասին էին, կարծես ցանկանար տան բոլոր հոգսերն իր վրա վերցնել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անահիտը՝ Կամոյի մայրիկը։

Կամոն ծնունդով Արցախից է՝ Ճարտարից։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը, Ճարտարում է նաև դպրոց հաճախել։ «Իններորդ դասարանն ավարտելուց հետո ասաց, որ ուզում է տրակտորիստ դառնալ։ Հետո խոսեց նաև շինարար դառնալու իր ցանկության մասին։ Այդ տարիներից արդեն շինարարության վրա էր աշխատում։ Եվ այնքան էր հմտացել այդ գործում, որ մի օր ասաց. «Պա՛պ, արդեն ուստա եմ դարձել, ամեն ինչ կարողանում եմ անել»։ Եվ, իրոք, ամեն ինչ կարողանում էր անել։ Քույրս Ռուսաստանում էր ապրում, միշտ ասում էր՝ տղաներիցդ մեկին ուղարկիր ինձ մոտ, թող գան, մնան, աշխատեն։ Բայց Կամոս կտրականապես մերժում էր. «Ես իմ հողից բացի ուրիշ տեղ չեմ կարող ապրել, միայն Ճարտարում պետք է ապրեմ»»։

2017-2019 թթ. Կամոն ծառայել է Եղնիկներում։ «Ծառայության ողջ ընթացքում նաև շինարարությունների է մասնակցել՝ դիրքերի, զորամասի, ամեն տեղ ձեռք է գցել։ Իրեն բոլորն էին գովում, ասում՝ Կամոն փոքրամարմին է, իր արած գործը՝ մեծ։ Զորացրվելուց հետո շինարարությամբ էր զբաղվում և՛ մեր գյուղում, և՛ կողքի գյուղերում։ Բանակից վերադառնալուց հետո երևի երկու օր տանը չի մնացել, հանգստացել. ով կանչում էր, գնում էր աշխատելու, ոչ մեկին չէր մերժում։ Պատերազմի տարում հարևան Քերթ գյուղի դպրոցն էին նորոգում։ Կամոն, որպես վարպետ, այդտեղ էր աշխատում։ Դպրոցի կողքին մի մանկապարտեզ կար, այնտեղ աշխատող դաստիարակին էր սիրահարվել տղաս, բայց, ավաղ...»։

44-օրյա պատերազմի ժամանակ տիկին Անահիտի երեք տղաներից մեկը սպա էր, մյուսը՝ ժամկետային զինծառայող, իսկ Կամոն պատերազմի հենց առաջին օրը կամավորագրվեց 44-օրյա պատերազմին։ Նա «Մարտունի 2»-ում էր։ «Պատերազմի օրերին խոսել եմ իր հետ։ Կամոն անընդհատ ինձ զանգում էր։ Ասաց. «Մա՛մ, լավ կլինի՝ քույրիկին վերցնես ու Երևան գնաս»։ Այդ ժամանակ աղջիկս դպրոցական էր։ Չէի ուզում տանից դուրս գալ, երեք տղաներս պատերազմի մեջ էին։ Բայց տղաս ինձ համոզեց՝ քույրիկը կվախենա կրակոցների, ռումբերի ձայներից։ Համաձայնեցի գալ Երևան, բայց լացելով եմ տանից դուրս եկել։ Ամուսինս մնաց տանը, որ երեխաներին մոտ լինի։ Ամսի 1-ին աղջկաս հետ եկանք Հայաստան։ Հետո ամուսնուս եղբոր կինն ասաց՝ արի տաքսի պատվիրենք, գնանք Ղարաբաղ։ Այդ ժամանակ լուրեր կային, որ Լաչինի կամուրջը թուրքերը պայթեցրել են, բայց որոշեցինք ճանապարհ ընկնել։ Հոկտեմբերի 20-ն էր՝ պատերազմի թեժ օրերը։ Կրակոցներ, պայթյուններ, վախը ներսումս էր, բայց հասանք տուն։ Մինչ այդ ճանապարհին էինք, երբ Կամոս զանգեց. «Մա՛մ, ո՞նց ես»: Արձագանքեցի, որ ճանապարհին եմ, գալիս եմ Ղարաբաղ, ու միայն ինքը գիտի այդ մասին։ Զանգել էր ավագ եղբորը, թե՝ մաման գալիս է տուն։ Երեկոյան տուն հասա։ Մութ էր, գնում էի բարեկամիս տուն, լսեցի, որ մեկը մամա է կանչում։ Մեծ տղաս էր։ Այնքան էր փոխվել։ Եկանք տուն, ո՛չ գազ կար, ո՛չ լույս։ Դրսում կրակ արեցի, ջուր տաքացրեցի, որ տղաս լողանա, հագուստը լվանամ։ Պառկեցինք քնելու, առավոտյան մեկը պատուհանի տակով մամա կանչելով գալիս էր։ Կամոս էր։ Կրկին ջուր տաքացրեցի, որ Կամոս իրեն կարգի բերի։ Այդ ժամանակ ինձ զանգեցին՝ վիճակը լուրջ է, գնում ենք Հայաստան։ Տղաներս ասացին, որ հանգիստ գնամ Երևան, բայց ես չէի ուզում իրենց մենակ թողնել։ Տղաս ասաց. «Մա՛մ, հիմա գնա, կռիվը վերջանա, կգամ, քեզ նորից Ճարտար կբերեմ»։ Իրենց գրկեցի, համբուրեցի ու հոկտեմբերի 21-ին եկա Հայաստան։ Հոգիս մի քիչ հանգիստ էր, որ իրենց տեսա, բայց դա թվացյալ հանգստություն էր»։

Պատերազմի ժամանակ վիրավորվում է Կամոյի ավագ եղբայրը՝ Կիմը։ Նրան տեղափոխում են Երևան։ «Թշնամին հարվածում է մեքենային, հարվածի ալիքը տղայիս դուրս է շպրտում մեքենայից։ Ոտքը կոտրել էր։ Կամոն զանգեց այդ ժամանակ, հարցրեց եղբորից։ Բոլոր զանգերի ժամանակ հարցնում էր, թե ինչ նորություն կա, երբ են դադարեցնելու պատերազմը։ Հոկտեմբերի 31-ին քույրս զանգահարեց Ռուսաստանից, թե գումար եմ ուղարկել, բանկ գնա, ստացիր։ Միկրոավտոբուսի մեջ էի, մեր բարեկամներն էին զանգում, թե Կամոյին զանգահարում ենք, չի պատասխանում մեր զանգերին։ Ասացի, որ առավոտյան ժամը ութին ենք զրուցել։ Սկսեցի զանգահարել իրեն, կրկին ապարդյուն։ Մեր հորեղբոր թոռը՝ Աշոտն էլ էր իր հետ։ Նրա հեռախոսահամարին սկսեցի զանգահարել։ Պատասխանող չկար։ Սիրտս սկսեց տեղից դուրս գալ։ Եկա տուն, Կիմիս զանգեցի, ասացի՝ Կամոն զանգերին չի պատասխանում։ «Ես հիմա իրեն կզանգեմ»։ Կիմիս զանգին էի սպասում, նա էլ չէր զանգում...»։

Ցավոք, Կամոն այլևս չի զանգահարում մայրիկին։ Տիկին Անահիտը ստանում է որդու զոհվելու բոթը՝ Կամոն էլ չկա։ «Տղաներն ընկել են շրջափակման մեջ։ Մեծ մարտ է սկսվել։ Ծնողներից մեկը պատմում է. «Կամավոր գնացել էի տղայիս մոտ, նա վիրավորվեց, Կամոն ասաց՝ տղայիդ վերցրու, գնացեք, փրկիր տղայիդ։ Չէի ուզում գնալ, տղաներին մենակ թողնել, մյուս կողմից՝ ուզում էի տղայիս կյանքը փրկել։ Ի վերջո, Կամոն ինձ համոզեց գնալ ու տղայիս կյանքը փրկել»։ Այդ տղամարդը վերադառնում է դիրք, տեսնում, որ երկու տղաները զոհվել են։ Նա նրանց տեղափոխում է խրամատի մեջ, ծածկում։ Հետո արդեն թշնամու ձայները լսելով՝ արագ հեռանում է այդտեղից»։

Կամոն զոհվել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում։ Նոյեմբերի 19-ին Կարմիր խաչի օգնությամբ տղաների մարմինները տեղափոխվել են Հայաստան, իսկ հետո ԴՆԹ հետազոտությամբ հաստատվում է Կամոյի ինքնությունը։ Օրեր անց Կամոն «վերադառնում» է Ճարտար։ Դեկտեմբերի 14-ին նրա հուղարկավորությունն էր։ «Եթե իմանայի՝ այսպես է լինելու, երեխայիս չէի տանի Ճարտար։ Չեմ տեսել տղայիս, դրոշով փաթաթված իրեն ինձ տվեցին»։

Ապրելու ուժի մասին։ «Ամուսինս շատ ծանր էր տանում Կամոյիս մահը, բոլորս էինք ծանր տանում, բայց ամուսինս ծանր հոգեվիճակում էր։ 2021 թվականին մեծ տղայիս ամուսնացրեցինք՝ առանց հարսանիքի, քանի որ հարսիս եղբայրն էլ էր զոհվել։ Տղայիս ընտանիք կազմելով՝ մեր տան մթնոլորտն էլ փոխվեց։ Իսկ հետո նրանց տղան ծնվեց՝ մեր Կամոն։ Այդ երեխան մեր կյանքը դարձավ, ուրախություն բերեց մեր տուն։ Շատ վատ վիճակում էինք, բայց մեր թոռնիկը մեզ նորից կյանք վերադարձրեց։

Ամեն կիրակի այցի էի գնում Կամոյիս։ Ծաղկանոց էի դարձրել տղայիս շուրջը, բայց ամեն ինչ թողեցինք թուրքին։ Աչքերս փակում եմ, ու միայն մեկ բան է մտքումս՝ տեսնես տղայիս գերեզմանն ինչ վիճակում է, տեսնես քարը վնասեցին, տեսնես ինչ եղավ»։

Հ. Գ.- Կամավոր Կամո Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Ճարտարում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution