Yerevan, 13.September.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի տեխնոլոգիական «փորձանոթը». «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տեխնոլոգիական զարգացումն այսօր, առավել քան երբևէ, կարևոր է համաշխարհային մրցակցության, տնտեսությունների փոխկապակցվածության և նորարարության դինամիկայի արագ փոփոխությունների համատեքստում։ Ժամանակակից աշխարհում ինտելեկտուալ ներուժն ու գիտելիքը դարձել են ոչ միայն տնտեսական աճի, այլև ազգային անվտանգության, միջազգային քաղաքականության և հասարակական կայունության առանցքային գործոններ։

Հայաստանը, չնայած փոքր բնակչությանը, ունի չօգտագործված ինտելեկտուալ մեծ ներուժ, որի ամբողջական բացահայտումը կարող է արմատապես փոխել երկրի զարգացման ուղին։ Այս ներուժը ոչ թե սահմանափակվում է Հայաստանի տարածքում ապրող մասնագետներով, այլև ընդգրկում է աշխարհասփյուռ հայության հսկայածավալ հնարավորությունները, որոնք ինչպես ֆինանսական, այնպես էլ փորձագիտական և կապի տեսանկյունից կարող են անգնահատելի դեր ունենալ երկրի տեխնոլոգիական վերափոխման գործում։

Եթե վերլուծենք միջազգային հաջողված փորձը, օրինակ՝ Իսրայելի ճանապարհը, ապա պարզ կդառնա, որ տեխնոլոգիական առաջընթացը հնարավոր է նաև փոքր երկրներում, եթե պետությունը կարողանում է ճիշտ օգտագործել իր մարդկային կապիտալը, ստեղծել նորարարության խթանման համար բարենպաստ միջավայր և համադրել սեփական ներուժը արտաքին հնարավորությունների հետ։ Իսրայելը տեխնոլոգիական առաջատար դառնալու համար երկար տարիներ հետևողականորեն ներդրումներ է արել կրթության, գիտահետազոտական ինստիտուտների և ստարտափ մշակույթի զարգացման մեջ, խրախուսել է վենչուրային կապիտալի ներհոսքը և պետական ու մասնավոր հատվածների համագործակցությունը։ Այս ամենը թույլ է տվել, որ այս փոքր պետությունը ոչ միայն ապահովի բնակչության բարձր կենսամակարդակ, այլև միջազգային հարթակներում ունենա կայուն դիրք՝ դառնալով տեխնոլոգիական նորարարության կարևոր կենտրոն։

Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման մասին տարիներ շարունակ խոսվել է մեծ ոգևորությամբ՝ հաճախ հիմնվելով արագ աճի տպավորիչ թվերի, ծրագրային հայտարարությունների և «փիառ արշավների» վրա։ Սակայն այդ աճը դեռևս չի վերածվել այնպիսի համակարգային արդյունքների, որոնք կարող են տնտեսության համար ստեղծել նոր հիմք՝ ապահովելով երկարաժամկետ մրցունակություն և տնտեսական անկախություն։ Խնդիրն այն է, որ հաճախ գերակշռել է ցուցադրականությունը, ոչ թե ռազմավարական մոտեցումը։ Պետական քաղաքականությունն ավելի շատ շեշտը դրել է արագ արդյունքների ու հանրային հնչեղության վրա, քան խորքային և շարունակական զարգացման։ Շատ հաճախ ՏՀՏ ոլորտի հաջողությունները ներկայացվել են որպես ազգային նվաճումներ այն պայմաններում, երբ բացակայում է համընդհանուր համապարփակ մոտեցումը, որը կարող էր երկարաժամկետ կտրվածքով ապահովել տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը։

Բացի այդ, ոլորտի ներսում առկա են նաև կառուցվածքային խնդիրներ, որոնք մասամբ պայմանավորված են պետական քաղաքականության, մասամբ էլ՝ հասարակական մենթալիտետի առանձնահատկություններով։ Շատ մասնագետներ, հատկապես բարձր որակավորում ունեցողները նախընտրում են աշխատանքային և զարգացման հնարավորություններ փնտրել արտերկրում, կամ իրենց ստարտափերը գրանցել և զարգացնել օտար երկրներում՝ առավել բարենպաստ հարկային, իրավական և ֆինանսական միջավայրի պատճառով։ Սա հանգեցնում է նրան, որ ազգային ինտելեկտուալ ռեսուրսի զգալի մասը արտահոսում է Հայաստանից, իսկ երկրում մնում է ավելի սահմանափակ ներուժ։ Միևնույն ժամանակ, բազմաթիվ հայ մասնագետներ, որոնք հաջողության են հասնում արտերկրում, հաճախ չեն կարողանում ինտեգրվել հայրենական տեխնոլոգիական միջավայրին՝ հանդիպելով կառավարչական խոչընդոտների, բյուրոկրատիայի և նորարարական նախաձեռնությունների հանդեպ անվստահության։

Եթե Հայաստանը ձգտում է դառնալ տարածաշրջանային տեխնոլոգիական առաջատար, պետք է արմատապես փոփոխի իր ռազմավարությունը՝ կենտրոնանալով սեփական տեխնոլոգիական արտադրանքը ստեղծելու և արտահանելու վրա։ Այս նպատակին հասնելու համար պետությունը պետք է ձևավորի խրախուսող օրենսդրական և հարկային դաշտ, որը կգրավի թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդրողներին, կխթանի ստարտափերի զարգացումը և նորարարական գաղափարների իրագործումը հենց Հայաստանում։ Անհրաժեշտ է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ ոչ միայն հայաստանցի, այլև սփյուռքահայ և միջազգային մասնագետները ցանկանան ներդրումներ անել, ընկերություններ հիմնել, գիտահետազոտական նախագծեր իրականացնել՝ վստահ լինելով, որ իրենց գործունեությունը խրախուսող հանգամանքներ են առկա և ոչ թե հակառակը։

Այստեղ առանցքային է միջազգային համագործակցության ուղղությունը։ Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում անհնար է մեկուսացած զարգանալ, և Հայաստանն այս առումով պետք է դառնա գլոբալ տեխնոլոգիական համակարգի լիարժեք մաս։ Արտաքին աշխարհի լավագույն փորձի և տեխնոլոգիաների ներգրավումն անհրաժեշտություն է, և այս առումով մեծապես կարևոր են այնպիսի նախաձեռնությունները, ինչպիսին է, օրինակ՝ NVIDIA-ի ներդրումը Հայաստանում՝ արհեստական բանականության տվյալների կենտրոնի ստեղծման ուղղությամբ։ Չնայած կառավարության կողմից բարձրացված աղմուկին և «արհեստական բանականության գործարան» կառուցելու վերաբերյալ «աննախադեպիզմի» հռետորաբանությանը, իրականում թեև այս քայլն ինքնին դրական է, այդուամենայնիվ, շատ փոքր է համաշխարհային տեկտոնիկ փոփոխությունների համատեքստում։

Մյուս կողմից էլ՝ այդ որոշումն ավելի շատ սփյուռքի հայերի ու ոլորտային մասնավոր նախաձեռնությունների արդյունք է, քան պետական համակարգված քաղաքականության արդյունք։ Հետևաբար, պետությունը պետք է ոչ թե բավարարվի փոքր հաջողություններով, այլ խորացնի համագործակցությունը ոչ միայն NVIDIA-ի, այլև ամերիկյան, եվրոպական, չինական և այլ առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ՝ ձևավորելով բազմաբևեռ տեխնոլոգիական գործընկերությունների ցանց։ Տեխնոլոգիական դիվերսիֆիկացիան այլևս ոչ թե ընտրության, այլ գոյության հարց է։ Մեկ կամ մի քանի ընկերության վրա հույս դնելը կամ միայն մեկ երկրի հետ տեխնոլոգիական կապերին ապավինելը կարող է կտրուկ վտանգի տակ դնել երկրի տեխնոլոգիական ինքնիշխանությունը և տնտեսության կայունությունը։ Հայաստանյան ՏՀՏ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է համագործակցել թե՛ արևմտյան, թե՛ ասիական ընկերությունների հետ, ներգրավվել միջազգային գիտահետազոտական և զարգացման կոնսորցիումներին, մասնակցել տարբեր տեխնոլոգիական պլատֆորմների աշխատանքներին և ստեղծել բազմաբնույթ արտադրանք ու ծառայություններ, որոնք կարող են լինել մրցունակ միջազգային շուկայում։

Միաժամանակ, հայկական տեխնոլոգիական ընկերությունները պետք է դուրս գան միայն ծառայություններ մատուցողի դերից՝ ստեղծելով մրցունակ արտադրանք և օգտագործելով սեփական տեխնոլոգիական լուծումները, որոնք արտերկրում կարող են ունենալ պահանջարկ։

Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարություն, որը ներառում է կրթության և գիտահետազոտական ոլորտների բարեփոխումներ, մասնագիտական կրթության արդիականացում, նորարարության ինկուբատորների և տեխնոլոգիական պարկերի ստեղծում, վենչուրային կապիտալի ներգրավում, ինչպես նաև պետական ու մասնավոր հատվածների սերտ համագործակցություն։ Ցավոք, մինչ այժմ նման համակարգված ռազմավարություն չկա, կամ այն բավականաչափ հետևողականորեն չի իրականացվում։ Շատ անգամ ոլորտի հաջողությունները պայմանավորված են եղել անհատական նախաձեռնություններով, սփյուռքի աջակցությամբ, կամ միջազգային կազմակերպությունների նախագծերով, ոչ թե պետական քաղաքականության հետևողականությամբ։

Մեկ այլ կարևոր խնդիր է տեխնոլոգիական ոլորտի հանրային ընկալման և հասարակական մենթալիտետի հարցը։ Նորարարության մշակույթը պետք է դառնա հասարակական արժեք, իսկ ձախողումներն ընկալվեն որպես զարգացման անբաժանելի մաս։ Հարկավոր է խրախուսել ոչ միայն հաջողությունները, այլև փորձարկումները, ռիսկերը, նորարարական գաղափարների իրագործումը՝ ուսումնական հաստատություններից մինչև գործարար միջավայր։ Այս համատեքստում պետությունը պետք է հանդես գա ոչ միայն որպես կարգավորող, այլև խթանող, գործընկեր, աջակցող կողմ։ Օրենսդրական բարեփոխումները, հարկային արտոնությունները, ներդրումային միջավայրի բարելավումը, կրթության ոլորտի արդիականացումը և տեխնոլոգիական էկոհամակարգի ձևավորումն անհրաժեշտ է դարձնել առաջնահերթություններ։

Միևնույն ժամանակ, պետք է ձևավորել արդյունավետ պետական-մասնավոր համագործակցության մոդել, որը թույլ կտա համադրել պետական ռեսուրսները, մասնավոր հատվածի նախաձեռնողականությունը և սփյուռքի ներուժը՝ ստեղծելով համազգային տեխնոլոգիական շարժում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution