Yerevan, 26.August.2026,
00
:
00
BREAKING


Արմեն Ստեփանյան. Էներգախնայող տեխնոլոգիաները կարեւոր են խոշոր բիզնեսի համար

INTERVIEW

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը Banks.am-ին 

- Պարոն Ստեփանյան, ԶՊՄԿ-ն նոյեմբերի 12-ին կայանալիք Robust Armenia 2025 կոնֆերանսի գործընկերն է: Այս տարի կոնֆերանսն անց է կացվելու «Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» խորագրի ներքո: Ի՞նչ եք կարծում՝ որքանով են Հայաստանում գիտակցում էներգաարդյունավետության կարեւորությունը:

-Էներգաարդյունավետությունը տարեցտարի ավելի մեծ նշանակություն է ստանում, եւ դա կայուն զարգացման հիմնական բաղադրիչներից մեկն է՝ միաժամանակ նպաստելով տնտեսական, բնապահպանական եւ սոցիալական նպատակների իրականացմանը։ Եթե անդրադառնանք հատկապես հանքարդյունաբերության ոլորտին, ապա այն համարվում է էներգատար ոլորտներից մեկը, եւ էներգաարդյունավետությունն այդ պատճառով այստեղ ունի առանձնահատուկ նշանակություն։ Այլեւս հնարավոր չէ անտեսել էներգիայի օգտագործման արդյունավետության հարցը՝ դրա նշանակության որեւէ առանձին բաղադրիչի առումով։

Օրինակ՝ եթե մի կողմ թողնենք, որ հումքի արդյունահանումը, տեղափոխումը եւ վերամշակումը ինքնին էներգատար են ու կազմում են հանքարդյունաբերական ծրագրերի ծախսերի զգալի մասը, ապա դրանց օպտիմալ օգտագործումը կարեւոր է ոչ միայն տնտեսական, այլեւ բնապահպանական տեսանկյունից։ Նվազեցնելով էներգիայի սպառումը՝ նվազեցնում ենք նաեւ արտանետումների ծավալները, ինչը կարեւոր է բնապահպանական առումով։ Կարելի է բազմաթիվ օրինակներով ցույց տալ էներգաարդյունավետության եւ բնապահպանության կապը։

Կարող եմ ասել, որ, այո, առնվազն խոշոր բիզնեսի համար էներգախնայող տեխնոլոգիաները եւ՛ շահութաբեր են, եւ՛ կարեւոր՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու առումով։ Ինչ վերաբերում է հանրության կողմից էներգիայի օգտագործման մշակույթին, ապա այդ ուղղությամբ դեռեւս անհրաժեշտ է շարունակական աշխատանք՝ հանրային մտածողությունը բնական ռեսուրսների օգտագործման հարցում դարձնելու ավելի գիտակցված ու խնայող։

- Եթե խոսենք զուտ ԶՊՄԿ-ի մասին, ապա էներգաարդյունավետության բարձրացմանն ի՞նչ քայլեր են կատարվել ձեռնարկությունում վերջին տարիներին եւ ինչ է նախատեսվում ապագայի համար:

- Բնականաբար, ինչպես արդեն նշեցի, հանքարդյունաբերության մեջ՝ գոնե մեր ընկերության օրինակով խոսելով, կարող եմ ասել, որ վերջին տարիներին մեծ աշխատանք է տարվում կիրառվող տեխնոլոգիաները ավելի էներգաարդյունավետ տարբերակներով աստիճանաբար փոխարինելու ուղղությամբ։ Մեր կայուն զարգացման ռազմավարության մաս է կազմում ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումը եւ դրա համար մշակվել են մի քանի ուղղություններով ռազմավարական քայլեր։ Դրանք երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր են, օրինակ՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցման ծրագրերը, ապագայում՝ ավտոպարկի էլեկտրաֆիկացիան, էներգաարդյունավետ այլ տեխնոլոգիաների կիրառումը։ Կարեւոր եմ համարում նման ծրագրերը նաեւ մեր համայնքներում։ Մեր ազդակիր համայնքներից Սյունիք համայնքում ԶՊՄԿ միջոցներով արդեն տեղադրել ենք արեւային ֆոտովոլտային համակարգեր եւ ջրատաքացուցիչներ մոտ 200 ընտանիքի համար, ինչը հսկայական ծավալ է։ 

 Լուսանկարը՝ ԶՊՄԿ

Սրա հետ մեկտեղ կարեւոր եմ համարում ընդգծել, որ հանքարդյունաբերությունը կանաչ էներգետիկայի անցման հիմքն է, եւ կայուն զարգացման համատեքստում աշխարհում ավելի ու ավելի շատ են կարեւորում ոլորտը։ Շատ երկրներ հանքարդյունաբերությունը եւ մետաղների մատակարարման շղթան ընդգրկում են իրենց կայուն զարգացման եւ էներգետիկ անցման ռազմավարություններում, քանի որ չի կարող լինել էներգետիկա եւ կանաչ անցում առանց մետաղների։ Այդ առումով Հայաստանը ունի չօգտագործված հսկայական պոտենցիալ եւ՛ հանքարդյունաբերության եւ՛ էներգետիկայի բնագավառում։ 

- Ի՞նչ եք կարծում, կարելի՞ է ասել, որ մեր հասարակությունը եւ գործարար համայնքը սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել կայուն զարգացման խնդիրներին, «կանաչ տնտեսությանը»:

- Կարծում եմ աստիճանաբար գալիս է գիտակցումը, որ սա եւ՛ անհրաժեշտություն է, եւ՛ անխուսափելիություն, եւ երկարաժամկետ կտրվածքում նաեւ տնտեսական շահավետություն։ Իհարկե, սա համատարած չէ եւ շատ անելիք կա։ Խոշոր ընկերությունները, նրանք, որոնք աշխատում են դրսի շուկաների հետ ավելի արագ են ադապտացվում, քանի որ անհնար է պահպանել մրցունակությունը եւ տեղ գրավել շուկայում առանց որոշակի չափանիշներ ներդնելու։ Սակայն ճնշումը պետք է գա նաեւ երկրի ներսից, կարգավորումներով, օրենսդրական փոփոխություններով։ Ոչ թե բիզնեսի վրա լրացուցիչ բեռ դնելու միտումով, այլ հենց՝ հայկական բիզնեսի մրցունակությունը ապահովելու նպատակով։ Այսօր շատերը դա կարող են դեռ չգիտակցել, բայց կարգավորումները եվրոպական շուկաներում, նույնիսկ Չինաստանում շատ արագ են տարածվում եւ շատ բիզնեսներ պարզապես չեն հասցնում ներդնել համապատասխան համակարգեր, կայուն զարգացման հաշվետվողականություն, կառավարման համակարգեր եւ պարզապես դուրս են մղվում շուկայից։ Հայկական բիզնեսին եւս պետք է օգնել ադապտացվել։ 

- Ս.թ. հոկտեմբերի 3-4 ը անցկացված «Հայաստանի Հանքարդյունաբերության Ֆորումի» ընթացքում ԶՊՄԿ-ն վերահաստատել էր նվիրվածությունը թափանցիկությանն ու կայուն զարգացմանը՝ ներկայացնելով 2024 թվականի կայուն զարգացման հաշվետվությունը: Ինչպիսի՞ կիրառական նշանակություն ունեն այս հաշվետվությունները ձեռնարկության ամենօրյա աշխատանքի վրա: Ավելի պարզ ասած, ի՞նչ են դրանք տալիս կոմբինատի աշխատակիցներին, համայնքին եւ երկրին:

- Նախ, ինչպես ասացի, կայուն զարգացման հաշվետվողականությունը մրցունակ մնալու համար անհրաժեշտություն է։ Սա այն մինիմումն է, որը վաղ թե ուշ պահանջվելու է ցանկացած ընկերությունից, որը որեւէ կերպ կապված է դրսում որեւէ շուկայի հետ՝ անկախ նրանից արտահանող է, կամ մատակարարման շղթայի որ օղակում է։ Կիրառական առումով սա հենց այն ամենամյա աշխատանքն է, որը հնարավորություն է տալիս հաշվառել, գնահատել եւ համեմատել բնապահպանական, սոցիալական եւ կառավարչական ոլորտներում ընկերության առաջընթացը եւ բացթողումները, հաջորդ տարվա համար շտկումները նախանշելու համար։ 

- Ներկայացնելով հաշվետվությունը՝ Դուք ասել էիք, որ այն «ներառում է ինչպես մեր նվաճումները, այնպես էլ բացթողումները՝ կայուն զարգացման մեր հավակնոտ նպատակներին հասնելու ճանապարհին»: Որո՞նք են այդ բացթողումները եւ ինչպես դրանք կարող են շտկվել:

- Շտկելու կարիք միշտ կա։ Հատկապես, երբ խոսում ենք ավելի քան 70 տարվա պատմություն ունեցող ԶՊՄԿ-ի մասին։ Նոր են ներդրվում բազմաթիվ բնապահպանական, կառավարչական եւ սոցիալական համակարգեր, շատ ժամանակ կպահանջվի դեռեւս նախկինում կուտակված խնդիրները լուծելու համար։ Բայց դա հնարավոր է, եւ տարեցտարի իրականացվում է արդիականացման ծրագիրը։ Անցյալ տարի ընդունվեցին ընկերության քաղաքականությունները, այդ թվում՝ բնապահպանական եւ սոցիալական քաղաքականությունները եւ դրանց  լիարժեք ներդրումը եւ կիրառումը դեռեւս աշխատանք է պահանջելու։ Ածխածնային հետքի կրճատման ծավալների եւ ժամկետների առումով հստակ թիրախներ դեռեւս չունենք, եւ ուզում ենք այս տարի շտկել այդ բացը։ Դեռեւս դժգոհ եմ առողջության եւ անվտանգության մշակույթի ներդրումից, ինչը դեռեւս հանգեցնում է միջադեպերի։ Անելիքներ շատ կան։ Նույնիսկ զարգացած երկրների խոշոր ընկերությունները ամեն տարի նոր նշաձողեր են դնում եւ լրացնում բացթողումները։ Կայուն զարգացումը մշտական ադապտացիայի, փոփոխության եւ շտկումների կարիք ունի։ Չկա ընկերություն, որ կարող է ասել, որ շտկելու ոչինչ չունի եւ դա լավ է, քանի որ ապահովում է շարունակական բարելավման համար ջանքերի կենտրոնացում։ 

««Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» կոնֆերանսը կայանալու է 2025թ. նոյեմբերի 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, ժամը 09:30-ից 13:00-ը: Հավելյալ տեղեկատվության եւ համագործակցության համար զանգահարեք 010 54 45 31 հեռախոսահամարով:

Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference