Yerevan, 25.September.2026,
00
:
00
BREAKING


Հրապարակվել է ՀՀ և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին հայտարարությունը

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի Հանրապետությունը եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), հիմնվելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, համակարծիք լինելով, որ 1992 թվականի ապրիլի 6-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ հարաբերությունները զարգացել են դինամիկ կերպով, իսկ երկու երկրների միջեւ համագործակցությունը տարբեր ոլորտներում հասել է դրական արդյունքների, լիովին հանձնառու լինելով ընդլայնելու համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ սոցիալական ոլորտներում, ինչպես նաեւ միջազգային հարաբերություններում ու տարածաշրջանային եւ համաշխարհային խաղաղության ու կայունության խթանման գործում, համաձայնության են եկել հաստատել ռազմավարական գործընկերություն՝ շարունակելով առաջնորդվել երկկողմ հարաբերությունների հիմնարար սկզբունքներով, որոնք բնորոշվում են հավասարությամբ, փոխադարձ հարգանքով եւ վստահությամբ, ինչպես նաեւ փոխշահավետ համագործակցությամբ։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Կողմերն առաջնորդվում են խաղաղ գոյակցության սկզբունքներով՝ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի, ագրեսիայի բացառման, ներքին գործերին չմիջամտելու, հավասարության եւ փոխադարձ շահի, ինչպես նաեւ խաղաղ գոյակցության սկզբունքներով։

Կողմերը հարգում են միմյանց կողմից յուրաքանչյուրի ազգային առանձնահատկություններին համապատասխան ընտրված զարգացման ուղիները եւ երկկողմ հարաբերությունների մասով քաղաքականության հարցում անկախ որոշումների կայացումը։ Կողմերը հանդես են գալիս որպես միմյանց համար վստահելի գործընկերներ, ձեռնպահ են մնում այնպիսի գործողություններից, որոնք վնասում են մյուս կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը եւ զարգացման շահերին, կամ ցանկացած գործողությունից, որը խախտում է երկու երկրների միջև փոխադարձ վստահությունն ու ժողովուրդների միջեւ բարեկամությունը։

Հայկական կողմը վերահաստատում է իր դիրքորոշումն ի աջակցություն «Մեկ Չինաստանի» սկզբունքի՝ ճանաչելով, որ աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան, եւ Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունն ամբողջ Չինաստանը ներկայացնող միակ օրինական կառավարությունն է. վճռականորեն դեմ է «Թայվանի անկախության» ցանկացած ձեւի եւ աջակցում է ազգային վերամիավորման ուղղությամբ Չինաստանի կողմից գործադրվող ջանքերին։

Չինական կողմը վերահաստատում է իր ամուր աջակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անխախտելիությանը։ Չինաստանն աջակցում է հայկական կողմի կողմից առաջարկված խաղաղության օրակարգին եւ ողջունում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։

Կողմերը հավատացած են, որ առճակատում խրախուսող աշխարհաքաղաքական ինտրիգները որեւէ նպատակի չեն կարող ծառայել, եւ համատեղ հանդես են գալիս այն քայլերի դեմ, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը եւ հրահրում նոր էսկալացիա։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, կանոնավոր կերպով անցկացնելու երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ քաղաքական խորհրդակցություններ, ինչպես նաեւ ընդլայնելու հաղորդակցությունը կենտրոնական եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ կուսակցությունների միջեւ՝ փորձի փոխանակման եւ համագործակցության ամրապնդման նպատակով։

Կողմերն էապես կարեւորում են երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ հետագա համագործակցությունը եւ ընդգծում են խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկկողմ քաղաքական երկխոսության խթանման գործում։

Կողմերն ընդգծում են երկու երկրների կառավարությունների միջեւ հաղորդակցության մեխանիզմների հետագա զարգացման անհրաժեշտությունը՝ զարգացման եւ անվտանգության հարցերի շուրջ տեսակետների փոխանակման նպատակով։

Կողմերը պատրաստակամ են ամրապնդել իրավական եւ դատական ոլորտներում համագործակցությունը եւ փոխանակումը ՝ հավասարության, փոխադարձ շահի եւ հարգանքի հիման վրա։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու իրավապահ եւ անվտանգության ոլորտում համագործակցությունը, գործադրելու համատեղ ջանքեր՝ ահաբեկչության, սեպարատիզմի, ծայրահեղականության, կիբեռհանցագործությունների եւ այլ անդրազգային հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ։

Կողմերը շարունակելու են ընդլայնել միջտարածաշրջանային համագործակցությունը։

Կողմերը շարունակելու են հարստացնել քաղաքական եւ պայմանագրային-իրավական հիմքերը՝ տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու նպատակով։

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՌԵՎՏՈՒՐ, ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

Կողմերը ողջունում են վերջին տարիներին երկկողմ առեւտրի կայուն աճը եւ հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու դրա հետագա աճի ուղղությամբ, այդ թվում՝ հայկական արտադրանքի արտահանման խթանման եւ դրանց՝ չինական շուկա մուտք գործելու, ինչպես նաեւ Հայաստանում չինական ընկերությունների ներդրումների ներգրավման նպատակով։ Հայաստանը ողջունում է չինական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերին։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու փոխանակումները եւ համագործակցությունը՝ առեւտրի եւ ներդրումային ներուժի ընդլայնման նպատակով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքները, տեղեկատվական տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիայի աղբյուրները, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը եւ այլն։

Կողմերը ճանաչում են Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի էական դերը Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման գործում եւ հայտնում են իրենց պատրաստակամությունը շարունակելու կանոնավոր կերպով գումարել Հանձնաժողովի նիստերը եւ ջանքեր գործադրել դրա որոշումների համապարփակ իրագործման ուղղությամբ, ինչի համար երկու կողմերն էլ բարձրացնում են Հանձնաժողովի համանախագահների մակարդակը։

Չինաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Չինաստանի ներմուծման միջազգային ցուցահանդեսին, Չինաստանի ներմուծման եւ արտահանման տոնավաճառին, Չինաստանի ծառայությունների առեւտրի միջազգային տոնավաճառին, Գլոբալ թվային առեւտրի ցուցահանդեսին, Չինաստանի սպառողական ապրանքների միջազգային ցուցահանդեսին, Չինաստանի միջին եւ փոքր ձեռնարկությունների միջազգային ցուցահանդեսին, Չինաստանի ներդրումների եւ առեւտրի միջազգային տոնավաճառին եւ այլ խոշոր ցուցահանդեսների։ Չինական կողմն աջակցում է հայկական կողմին բարձրորակ ապրանքների առաջխաղացման եւ վաճառքի համար առցանց հարթակների օգտագործման հարցում։ Հայաստանը նույնպես ողջունում է չինական կողմի ակտիվ մասնակցությունը Հայաստանում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին եւ տոնավաճառներին, այդ թվում՝ «EXPO Food and Drinks», «ArmProd EXPO», «Build EXPO», «Industrial Armenia EXPO», «DigiTec Expo», «ArmHighTech Exhibition» ցուցահանդեսներին, եւ այլն։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ առավել մեծացնելու փոխադարձ ներդրումները՝ այնպիսի ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու նպատակով, ինչպիսիք են արդյունաբերությունը, տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, էներգետիկան եւ այլն, խթանելու բարձրորակ համագործակցությունը։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ քննարկելու առեւտրատնտեսական ոլորտին վերաբերող պայմանագրային-իրավական դաշտի կատարելագործումը, եւ ակտիվորեն ուսումնասիրում են առեւտրի եւ ներդրումների ընթացակարգերի ազատականացման եւ դյուրացման համար ինստիտուցիոնալ մեխանիզմ ստեղծելու հնարավորությունը։ Կողմերը վերահաստատում են իրենց վճռական դիրքորոշումը՝ պաշտպանելու բազմակողմ առեւտրային համակարգը, որի հիմքում ԱՀԿ-ն է, եւ աջակցում են Զարգացման համար ներդրումների դյուրացման (IFD) համաձայնագրի ներառմանը ԱՀԿ-ի իրավական կառուցվածքի մեջ։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու զարգացման մասով համագործակցությունը եւ մշակելու հնարավորություններ Հայաստանում ավելի մեծ թվով փոքրեւ գեղեցիկ սոցիալական ծրագրերի իրականացման համար։ Հայաստանն իր երախտագիտությունն է հայտնում Չինաստանին՝ շարունակական տեխնիկական աջակցության համար, ներառյալ՝ մարդկային ռեսուրսների զարգացման ծրագրերը։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում։ Մասնավորապես Կողմերը բարձր են գնահատում երկու երկրների միջեւ հաստատված առանց վիզայի ռեժիմը, որը նշանակալիորեն խթանում է զբոսաշրջությունը, ամրապնդում է ժողովուրդների միջեւ շփումները եւ ընդլայնում տնտեսական, սոցիալական ու մշակույթային կապերը։ Կողմերը համաձայնում են, որ երկու երկրների միջեւ ուղիղ չվերթերի գործարկումը լրացուցիչ խթան է ծառայում զբոսաշրջության ոլորտում համագործակցության համար։ Չինաստանը ողջունում է Հայաստանի մասնակցությունը Չինաստանի զբոսաշրջության ամենամյա միջազգային ցուցահանդեսին (CITM) եւ այլ զբոսաշրջային ցուցահանդեսների։

ՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Կողմերը հայտնում են իրենց հետաքրքրվածությունը՝ խթանելու փոխշահավետ համագործակցությունը գիտության եւ տեխնոլոգիաների, կրթության եւ լեզվի ուսուցման մասով փոխանակումների ոլորտներում։ Կողմերը մշակութային փոխանակումն ու երկխոսությունը խթանելու այդ թվում՝ Հայաստանում գործող Կոնֆուցիոսի ինստիտուտում, հայերեն եւ չինարեն լեզուների ուսուցումն ու տարածումը ։ Կողմերը կքննարկեն համագործակցության ամրապնդումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են թվային կրթությունը եւ մասնագիտական կրթությունը։ Կողմերն ակտիվորեն աջակցում են միմյանց դասական ստեղծագործությունների թարգմանության ու հրատարակման գործընթացին։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ակտիվորեն նպաստելու գիտահետազոտական ինստիտուտների միջեւ փոխանակումներին, ամրապնդելու փոխշահավետ համագործակցություն գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում, խթանելու գիտատեխնիկական ձեռքբերումների կիրառումը եւ նոր առաջընթաց ապահովելու իրենց գիտատեխնոլոգիական համագործակցության հարցում։

Կողմերն ընդգծում են տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության եւ արհեստական բանականության ոլորտներում համագործակցության կարեւորությունը եւ հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ խթանելու ինկուբացիոն կենտրոնների, գիտության եւ տեխնոլոգիաների պարկերի, նորարարական կենտրոնների եւ համատեղ հետազոտական կենտրոնների ստեղծումը՝ որպես համագործակցության հնարավոր հարթակ դիտարկելով Հայաստանի «Ինժեներական քաղաք» եւ «Ակադեմիական քաղաք» նախագծերը։

Կողմերը համաձայնում են ընդլայնել համագործակցությունը մշակույթի ոլորտում, ձեռնարկել ակտիվ ջանքեր՝ փոխադարձության հիմունքներով կազմակերպելու Մշակույթի օրեր եւ այլ միջոցառումներ՝ ։ Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ համագործակցելու մշակույթային արժեքների պահպանման եւ մշակույթային ժառանգության պաշտպանության հարցերում, ինչպես նաեւ խորացնելու համագործակցությունը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակներում։ Որպես հնագույն քաղաքակրթություններ եւ Ֆորումի ակտիվ մասնակիցներ՝ Կողմերը պատրաստ են ակտիվորեն համագործակցել Ֆորումի շրջանակներում։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունն առողջապահության, զբաղվածության, սոցիալական ապահովության, սպորտի եւ երիտասարդության ոլորտներում եւ ամրապնդելու փոխանակումները կինոյի, մեդիայի եւ փորձագիտական կենտրոնների ոլորտներում։

Կողմերն աջակցում են անձնակազմի փոխանակումների հետագա դյուրացմանը։

Կողմերը թվայնացումն ու թվային փոխակերպումը դիտարկում են որպես երկկողմ համագործակցության առաջնահերթ ոլորտ եւ պատրաստ են իրականացնել համատեղ նախագծեր՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման նպատակով։ Կողմերը նաեւ հայտնում են հետաքրքրվածություն՝ փորձի փոխանակման հարցում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կիբեռանվտանգությունն ու հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը։

Կողմերը համաձայնում են, որ տրանսպորտի ոլորտում համագործակցության հետագա խորացումն ու տրանսպորտային փոխադրման դյուրացման խթանումը՝ ազգային ինքնիշխանության եւ իրավազորության նկատմամբ հարգանքի, հավասարության եւ փոխադարձության հիման վրա, նպաստում են տարածաշրջանային փոխկապակցվածության բարելավմանը եւ տնտեսական ու առեւտրային զարգացման խթանմանը։

ԳԼՈԲԱԼ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Կողմերը հավատարիմ են մնում ՄԱԿ-ի վրա հիմնված միջազգային համակարգի, միջազգային իրավունքի վրա հիմնված միջազգային իրավակարգի եւ ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներից ու սկզբունքներից բխող միջազգային հարաբերությունների հիմնական նորմերի պաշտպանությանը Կողմերը պատրաստակամ են շարունակելու ամրապնդել համագործակցությունը ՄԱԿ-ի շրջանակներում, աջակցել միմյանց՝ միջազգային եւ տարածաշրջանային հարցերում ավելի մեծ դերակատարություն ունենալու գործում, համատեղել ուժերը՝ նպաստելու հավասարության եւ կարգուկանոնի վրա հիմնվածբազմաբեւեռ աշխարհի ձեւավորմանը եւ փոխշահավետ ու ներառական տնտեսական գլոբալացմանը, ինչպես նաեւ համատեղ խթանել նոր տիպի նորատիպ միջազգային հարաբերությունների եւ ընդհանուր ապագա ունեցող մարդկության համայնքի կառուցումը։ Կողմերը համոզված են, որ բոլոր մարդու իրավունքներն ունիվերսալ են, անբաժանելի, փոխկապակցված եւ միմյանցով պայմանավորված։ Մարդու իրավունքների խթանումը եւ պաշտպանությունը պետք է իրականացվեն ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ միջազգային իրավունքին համապատասխան։

Կողմերը վերահաստատում են, որ զարգանալու իրավունքը՝ որպես ունիվերսալ եւ անօտարելի իրավունք, մարդու իրավունքների անբաժանելի մասն է։ Կողմերը պատրաստակամ են խթանել արդյունավետ միջազգային համագործակցություն՝ զարգացման իրավունքն իրագործելու եւ զարգացումը խոչընդոտող արգելքները վերացնելու նպատակով։

Հայկական կողմը ողջունում է չինական կողմի կողմից առաջ քաշված Գլոբալ զարգացման նախաձեռնությունը, Գլոբալ անվտանգության նախաձեռնությունը եւ Գլոբալ քաղաքակրթության նախաձեռնությունը եւ մասնավորապես այնպիսի հայեցակետեր, ինչպիսիք են բոլոր երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակների եւ սկզբունքների պաշտպանությունը եւ երկխոսության միջոցով բոլոր վեճերի խաղաղ կարգավորումը, զարգացման առաջնահերթությունը, մարդկանց առաջնային եւ կենտրոնական տեղում դիտարկելը, նորարարության ուժի բացահայտումը, աղքատության նվազեցումը, կլիմայի փոփոխության հարցերին անդրադառնալը եւ կանաչ զարգացման խթանումը։ Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ արագացնելու ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգի» իրականացումը, համատեղ պաշտպանելու միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը եւ խթանելու քաղաքակրթությունների միջեւ փոխանակումները եւ փոխադարձ ուսուցումը։

Կողմերը կխորացնեն քաղաքականության համակարգումը, ինչպես նաեւ կխթանեն զարգացման ծրագրերի միջեւ սիներգիան «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության (ԳՃՆ) շրջանակներում եւ իրենց համագործակցությունը ԳՃՆ-ի շրջանակներում կբարձրացնեն նոր՝ բարձր որակի զարգացման մակարդակի՝ ի շահ երկու երկրների եւ դրանց ժողովուրդների։ Հայաստանը, որպես առաջին երկրներից մեկը, որը մասնակցել է ԳՃՆ համագործակցությանը, պատրաստ է Չինաստանի հետ համագործակցել՝ ակտիվորեն խթանելու ԳՃՆ-ի եւ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության համապատասխան նախագծերի իրականացումը եւ ապահովելու այդ նախագծերի անվտանգ եւ հաջող ընթացքը։

Չինական կողմը ողջունում է հայկական կողմի ցանկությունը՝ ամրապնդելու համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ եւ աջակցում է հայկական կողմին ՇՀԿ-ում իր իրավական կարգավիճակի բարելավման հարցում։

Հայկական կողմը սատարում է ՇՀԿ-ի հիմնարար սկզբունքները, ինչպիսիք են ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքը, պետական սահմանները չխախտելը, ագրեսիայի փոխադարձ բացառումը, ներքին գործերին չմիջամտելը, ինչպես նաեւ միջազգային հարաբերություններում ուժ կամ դրա սպառնալիք չկիրառելը։ Այս սկզբունքները Հայաստանի խաղաղության օրակարգի անբաժանելի մասն են եւ նպաստում են Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության ապահովմանը։

Չինական կողմը ողջունում է Հայաստանի անդամակցությունը Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (ԵՆԱԲ) եւ պատրաստ է խորացնել համագործակցությունը հայկական կողմի հետ ԵՆԱԲ-ի շրջանակներում եւ համատեղ աջակցել ԵՆԱԲ-ին՝ ավելի լավ ծառայելու իր զարգացող անդամների ենթակառուցվածքների շինարարության եւ կայուն զարգացման պահանջներին։

 

Հետևեք մեզ՝ այստեղ

 
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board