Yerevan, 25.November.2025,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս կարող է ազդել արհեստական բանականությունը ժամանակակից կրթության վրա. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արհեստական բանականությունը՝ որպես տեխնոլոգիական առաջընթացի առանցքային հատված, արմատապես փոխում է ժամանակակից հասարակությունների կառուցվածքը, տնտեսական դինամիկայից, մշակութային միջավայրից սկսած, կրթության բնագավառով վերջացրած։

Կրթության ոլորտի հետ կապված այս նոր տեխնոլոգիայի զարգացումը, որ միաժամանակ և՛ վախեցնող է, և՛ խոստումնալից, համաշխարհային մակարդակում առաջ է բերում հիմնարար վերափոխումներ և վերաիմաստավորումներ կատարելու անհրաժեշտություն հատկապես այն ուղղությամբ, թե ինչ ենք մենք սովորում, ինչպես, երբ և ինչի համար։ Կրթությունն այսօր այլևս չի կարող սահմանափակվել միայն դասագրքերի, մեթոդաբանական հրահանգների ու ուսուցիչաշակերտ կամ ուսանող-դասախոս հարաբերակցության շրջանակներում։

Արհեստական բանականության մուտքը կրթության բնագավառ բերում է մի նոր դարաշրջան, որը պահանջում է վերանայել ինչպես դասավանդման ձևերը, այնպես էլ կրթական համակարգերի կառավարման, վերահսկման, ստուգման և արդիականացման ամբողջ համակարգը։ Հատկապես այն երկրներում, որտեղ կրթական ոլորտը բազմաշերտ խնդիրների ու հին համակարգային մտածողության բեռի տակ է, ինչպես Հայաստանի դեպքում, արհեստական բանականության ներուժը կարող է հանդես գալ որպես արմատական բարեփոխումների շարժիչ ուժ, բայց և, միաժամանակ, գոյություն ունեցող խնդիրներն ավելի շեշտադրող գործոն։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արհեստական բանականության կիրառումը կրթական համակարգերում առաջին հերթին ուղղված է անհատականացված ուսուցման հնարավորությունների ընդլայնմանը։ Ալգորիթմները կարողանում են վերլուծել աշակերտների կամ ուսանողների առաջադիմության միտումները, բացահայտել թաքնված խնդիրներն ու անհատական ռազմավարություններ մշակել՝ յուրաքանչյուրի համար հարմար ուսուցման ուղի ձևավորելու նպատակով։ Ընդ որում, այս գործիքները հատկապես արդյունավետ են հատուկ կարիքներ ունեցող երեխաների կամ սովորելու դժվարություն ունեցող խմբերի համար, որոնց հաճախ անտեսում է զանգվածային կրթության ստանդարտացված բնույթը։ Մյուս կողմից՝ ուսուցիչների համար արհեստական բանականությունը կարող է հզոր աջակից դառնալ՝ դասավանդման բովանդակության պլանավորման, մեթոդների մշակման, առաջադրանքների գնահատման, առաջընթացի մոնիտորինգի և ժամանակի արդյունավետ օգտագործման տեսանկյունից։ Սակայն այս ամենը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կրթական համակարգը պատրաստ է տեխնոլոգիական նորամուծությունները ներառելու ոչ միայն տեխնիկական իմաստով, այլ նաև ինստիտուցիոնալ, արժեհամակարգային և կազմակերպչական առումներով։ Այնինչ, Հայաստանի կրթական համակարգը, քանակական և որակական տեսանկյուններից բախվելով ճգնաժամի, շատ առումներով դեռ պատրաստ չէ ընդունել արհեստական բանականության բերած նոր խաղի կանոնները։ Նախ և առաջ՝ մեր դպրոցներում ու բուհերում (հատկապես մարզերում) շարունակում է գերիշխել դասավանդման ավանդական մոդելը, որն իր էությամբ համատեղելի չէ տեխնոլոգիական արագ փոփոխությունների ու դինամիկ փորձարարության մշակույթի հետ։ Ավելին, ինստիտուցիոնալ մակարդակում չկա ամբողջական ու համակարգված ռազմավարություն, որն ուղղված կլինի կրթական դաշտում արհեստական բանականության ներդրմանը՝ սկսած ուսուցիչների վերապատրաստումից, մինչև տեխնոլոգիական միջոցների համաչափ բաշխում ու բովանդակային արդիականացում։

Կորոնավիրուսի համավարակի շրջանում, երբ դասերը հեռավար էին անցկացվում, պարզ դարձավ, որ տեխնիկական միջոցների բացակայությունը բացասական լուրջ ազդեցություն է ունենում կրթության որակի վրա։ Սրան գումարվում է թվային գրագիտության խնդիրը։ Ըստ վերջին գնահատականների, Հայաստանում զգալի մասնաբաժին են կազմում նրանք (ինչպես աշակերտները, այնպես էլ ուսուցիչները), ովքեր չունեն բավարար հմտություններ ոչ միայն բարդ տեխնոլոգիական գործիքներով աշխատելու, այլ նույնիսկ դրանց օգտագործման հիմունքները հասկանալու համար։ Դրա համար նախ նրանց համար համապատասխան հմտություններ ձեռք բերելու դասեր պետք է անցկացնել, որից հետո միայն պահանջել։ Ստացվում է, որ խնդիրը ոչ միայն տեխնոլոգիայի առկայությունը կամ բացակայությունն է, այլ նաև դրա յուրացման մշակույթի ձևավորումը։

Արհեստական բանականության ներդրումը կրթության մեջ պահանջում է լուրջ բարեփոխում այն հարցում, թե ինչպես են պատրաստվում ուսուցիչները և դասախոսները, ինչ նյութեր են օգտագործում դասավանդելիս, քանի որ այսօր ինչպես մյուս բոլոր ոլորտներում, այնպես էլ կրթության մեջ զարգացումները տեղի են ունենում գլխապտույտ արագությամբ։

Այդ արագությունը պատկերացնելու համար պետք է նշել, որ մեկ ամիս առաջվա կարևոր նորությունը կամ տեղեկությունն այսօր արդե կարող է դառնալ ոչ ակտուալ:

Հայաստանը շարունակում է բախվել ուսուցիչների որակավորման, մասնագիտական զարգացման և գիտահեն ուսուցման մշակույթի բացակայության խնդիրներին։ Ուսուցիչների վերապատրաստման ներկա համակարգը շատ դեպքերում կա՛մ ուղղակի անարդյունավետ է, կա՛մ ձևական, կա՛մ էլ չի անդրադառնում այն հմտություններին, որոնք պահանջվում են 21-րդ դարի կրթական միջավայրում։ Այս տեսանկյունից արհեստական բանականությունը կարող էր լինել ուսուցիչների վերապատրաստման արդյունավետ գործիք՝ առաջարկելով հարմարեցված ուսուցման մոդուլներ, սիմուլ յացիոն միջավայրեր, վերլուծական գործիքներ՝ ուսուցման որակը գնահատելու ու բարելավելու նպատակով։ Սակայն, առանց համակարգային մոտեցման և ռազմավարական ներդրումների, նույնիսկ լավագույն տեխնոլոգիաները կորցնում են իրենց արդյունավետությունը։

Մյուս կարևոր գործոնը կրթական բովանդակության արդիականացումն է։ Արհեստական բանականությունը դառնում է ոչ միայն կրթության գործիք, այլ նաև առանցքային հարթակ հմտությունների բացահայտման տեսանկյունից։ Իսկ այս պարագայում ժամանակակից կրթության նպատակը պետք է լինի նաև տեխնոլոգիական իրականության ըմբռնման կարողությունների զարգացումը՝ սկսած դպրոցից։ Հայաստանում, սակայն, դասագրքերը դեռևս կառուցված են հնացած մոտեցումներով, որոնցում տեխնոլոգիական զարգացումները կա՛մ ընդհանրապես չեն շոշափվում, կա՛մ ներկայացվում են մակերեսորեն։

Աշակերտը, որը դպրոցում չի սովորում մտածել թվային աշխարհում, չի զարգացնում քննադատական և վերլուծական մտածողություն, դուրս է մնում ժամանակակից հասարակության մեջ իր ներդրումն ունենալու հնարավորությունից։

Այս ամենին զուգահեռ լուրջ խնդիր է նաև ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական հնացած վիճակը՝ դասասենյակներ առանց համարժեք տեխնիկայի, ցածր համացանցային հասանելիություն, որակյալ մասնագետների բացակայություն և նմանատիպ խնդիրների մի ամբողջ շարք, որոնք խոչընդոտում են կրթական գործառնություններում նորարարության ներդրմանը։

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ արհեստական բանականությունը կրթությունն առավել հասանալի է դարձնում՝ ահռելի հնարավորությունների դաշտ բացելով այնպիսի տեղեկություն ստանալու և վերլուծելու համար, որը ժամանակին միայն էլիտար համալսարաններին էր հատուկ։

Մյուս կողմից էլ՝ հարկավոր է բալանսավորել կրթական գործընթացը, որպեսզի այն չափից ավելի շատ կախվածության մեջ չդրվի տեխնոլոգիաներից, ինչը մի շարք պարագաներում բացասական հետևանքներ կարող է ունենալ։ Օրինակ՝ խնդրահարույց հարցերից մեկն այն է, որ աշակերտներն ու ուսանողները կարող են սկսել ավելի շատ վստահել արհեստական բանականության գործիքներին, քան իրենց ուսուցիչներին ու դասախոսներին։ Մինչդեռ արհեստական բանականության գործիքները որոշ դեպքերում կարող են տրամադրել կանխակալ, խեղաթյուրված ու հորինված ինֆորմացիա։ Բացի դրանից, հարկավոր է այնպիսի մեթոդների կիրառում, որոնք կնպաստեն նրան, որ աշակերտը կամ ուսանողը ինքնախաբեությամբ չզբաղվեն՝ արհեստական բանականության կողմից գեներացվածը ներկայացնելով իր սեփականը։ Անհրաժեշտ են քայլեր նրանց մոտ գիտելիքների պաշարի ամրապնդման և վերլուծական կարողությունների զարգացման համար։ Այսինքն, որ չստացվի հակառակ արդյունքը, այն է՝ բթացում, երբ հույսը դրվում է բացառապես ԱԲ-ի վրա:

Պետք է հաշվի առնենք, որ Հայաստանի հանրակրթության և բարձրագույն կրթական համակարգում արհեստական բանականության ազդեցությունը դեռևս ամբողջությամբ վերլուծված չէ՝ այդ տեխնոլոգիայի հնարավորությունները ռացիոնալ ձևով օգտագործելու նպատակով։ Թեև որոշ բուհեր փորձում են մասնագիտացումներ ներառել տվյալագիտության, մեքենայական ուսուցման և տեխնոլոգիական նորարարությունների ուղղությամբ, սակայն այդ փորձերը չեն ձևավորում համակարգային քաղաքականություն։ Դասախոսների վերապատրաստման խնդիրները, հետազոտական ինստիտուտների պակասը, համագործակցության ցածր մակարդակը միջազգային գիտակրթական կառույցների հետ, ֆինանսավորման սուղ հնարավորությունները խոչընդոտում են բարձրագույն կրթության տեխնոլոգիական թռիչքը։ Այս իրավիճակը թույլ չի տալիս ձևավորել այն գիտական հիմքը, որն անհրաժեշտ է արհեստական բանականության կիրառման հետևանքներն ու ռիսկերը հասկանալու, դրանք կառավարելու և արդյունավետ ինտեգրում իրականացնելու համար։

Իրավական և քաղաքական տեսանկյունից էլ դեռևս գոյություն չունի այնպիսի օրենսդրական կամ ռազմավարական շրջանակ, որը կսահմանի արհեստական բանականության օգտագործման չափանիշները կրթական համակարգում։ Թափանցիկության, էթիկայի, տվյալների պաշտպանության հարցերը դեռևս չեն դարձել օրակարգային։ Այդ պայմաններում ցանկացած տեխնոլոգիական ներմուծում կրում է նաև չկառավարվող ռիսկերի վտանգ, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ մասնավոր տվյալների անվտանգության, երեխայի իրավունքների պաշտպանության կամ կրթության հավասար հասանելիության տեսակետից։

Սակայն, եթե ԱԲ-ն օգտագործվի խելամտորեն, ռազմավարական հեռանկարով և սոցիալական արդարության սկզբունքներով առաջնորդվելով, այն կարող է դառնալ հզոր գործիք, որի միջոցով հնարավոր կլինի շրջել Հայաստանի կրթական ուղու ընթացքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population "You Choose the Destination": New Promotion for AraratBank Mastercard World Travel CardholdersYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing Championship