Ucom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց Ձորում անտառի վերականգման աշխատանքին
SOCIETY
Ucom-ի թիմը մայիսի 12-ին կրկին միացել է Արևորդի ՀԿ-ին և վերջինիս գործընկեր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC)՝ իրականացնելու ամենամյա ծառատնկման աշխատանքները:
Ucom-ի աջակցությամբ Վայոց Ձորի մարզում 10 000 ծառ է տնկվելու, որից շուրջ 2000-ը մեկ օրվա ընթացքում տնկեցին ընկերության աշխատակիցները FPWC-ի մասնագետների ուղղորդմամբ։
Աշխատանքն իրականացվել է Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրի գեղատեսիլ լեռներում։
«Ծառատունկը մեր ընկերությունում դառնում է բարի ավանդույթ և մեր աշխատակիցները մեծ սիրով են մասնակցում բնությունը վերականգնելու այս նախաձեռնությանը։ Մեզ համար շրջակա միջավայրի մասին հոգատարությունը մեր երկրին և հասարակությանը ծառայելու միջոցներից մեկն է, իրական կանաչ օպերատոր լինելու ձև է։ Ինչպես ջանասիրաբար մենք աշխատում ենք մեր ցանցերի արդիականացման ու նոր որակի ծառայություններ մատուցելու ուղղությամբ, այնպես էլ հետևողական կերպով աշխատելու ենք, որ մեր երկրում ապահովենք շրջակա միջավայրի պահպանությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Մեզ համար չափազանց կարևոր է, երբ ընկերություններն իրենց աշխատակիցների մասնակցությամբ դառնում են բնության վերականգնման գործընկերներ։ Սա ոչ միայն ծառատնկում է, այլ՝ համատեղ ջանք՝ վերածնվող անտառ ստեղծելու ուղղությամբ։ Մասնավորապես այժմ, երբ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17), առավել քան երբևէ անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրս ակտիվ դեր խաղանք կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական խնդիրների լուծման գործընթացում» - ասել է Արևորդի ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանը։
Ծառատնկման նպատակն է վերականգնել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան (ԿԿԱ) մասնավոր պահպանվող տարածքի այժմ դեգրադացված, բայց անցյալում անտառապատ տարածքները։ ԿԿԱ-ն Հարավային Կովկասի առաջին մասնավոր պահպանվող տարածքն է, որը զբաղեցնում է ավելի քան 30 000 հա: ԿԿԱ-ի և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում: Այստեղ բնակվում են այնպիսի հազվագյուտ կենդանատեսակներ, ինչպիսիք են գորշ արջը, բեզոարյան այծը, սև անգղը, մորուքավոր անգղը, հայկական իժն ու կովկասյան հովազը:
Անտառապատման աշխատանքները նպաստում են մի շարք լուրջ բնապահպանական խնդիրների լուծմանը՝ օգնում են պահպանել վտանգված ծառատեսակներ, մեղմացնում են մարդ-վայրի բնության առճակատումը, կաթնասունների և թռչունների կերակրման և բազմացման համար նոր տարածքներ են ձևավորում, կլիմայական փոփոխությունն են մեղմացնում ու կանխարգելում են անապատացումը, և այլն։






















































